15:48  ,  3 օգոստոսի, 2021

Տոկիո-2020․ Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր (ֆոտո)

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում նվաճեց արծաթե մեդալ։

Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոեւի հետ եւ պարտվեց 1։5 հաշվով։

Հենց մեկնարկում զգացվեց, որ Արթուր Ալեքսանյանը նախորդ գոտեմարտում ստացած ձախ ոտքի մկանային վնասվածքից ցավի զգացում ունի։ Մրցավարն առաջին միավորը տվեց Մուսա Եվլոեւին հայ ըմբիշի պասիվության համար։ Արթուր Ալեքսանյանը պարտերում կարողացավ համառորեն պաշտպանվել եւ երկրորդ միավոր չտալ ռուս ըմբիշին, սակայն Ռուսաստանի թիմը վիճարկեց որոշումը եւ շահեց 2 միավոր։ Առաջին մրցափուլում Եվլոեւը հաղթեց 5։0 հաշվով։

Երկրորդ մրցափուլում Արթուր Ալեքսանյանը առաջինը վաստակեց 1 միավոր, սակայն զարգացնել հաջողությունը չկարողացավ։

Տոկիոյում Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուժուպբեկովի նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակով, երկրորդ գոտեմարտում 5:1 հաշվով ուժեղ էր գտնվել ֆինն Արվի Սավոլայնենից: Կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 4։1 հաշվով հաղթել էր իրանցի Մոհամադհադի Սարավիին:

Սա Հայաստանի երկրորդ մեդալն է Տոկիոյում։ Օգոստոսի 2-ին հենացատկում բրոնզե մեդալակիր էր դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանը 63-րդն է։

Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Տոկիո-2020-ում ելույթն ավարտեց 1 արծաթե մեդալով: Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էին կրել քառորդ եզրափակիչում և լքել պայքարը, իսկ Կարապետ Չալյանը (77 կգ) պարտվել էր բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա 2 մասնակից՝ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):

Ֆոտո՝ UWW

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով