10:10  ,  11 հուլիսի, 2021

Իտալիա - Անգլիա․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչում հուլիսի 11-ին կմրցեն Իտալիայի եւ Անգլիայի հավաքականները։

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում անցկացվելիք Եվրո-2020-ի վճռական խաղում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են անգլիացիներին։

Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի չեմպիոնության գործակիցը 1․80 է, Ռոբերտո Մանչինիի գլխավորած Իտալիայի թիմի չեմպիոնությունը գնահատվում է 2․05 գործակցով։

Հիմնական ժամանակում Իտալիայի հավաքականի հաղթանակի գործակիցը 3․10 է, Անգլիայի հաղթանակը՝ 2․60, ոչ ոքին՝ 2․90։

Եզրափակիչի գլխավոր մրցավարը կլինի հոլանդացի Բյորն Կեյպերսը, որին եզրերում կօգնեն հոլանդացիներ Սանդեր վան Ռուկելը և Էրվին Զեյնստրան: Չորրորդ պաշտոնյան իսպանացի Կարլոս դել Սերոն է: Եվրո-2020-ում 48-ամյա Բյորն Կույպերսը սպասարկել է 4 հանդիպում:

Պաշտոնական հանդիպումներում Իտալիան ունի ահռելի առավելություն Անգլիայի նկատմամբ․ 5 հաղթանակ, 1 պարտություն, 2 ոչ ոքի։

Իտալացիները անգլիացիներին պաշտոնական հանդիպումներում չեն պարտվել 1977 թվականից՝ 6 հանդիպում։

Նախորդ անգամ թիմերը պաշտոնական խաղում հանդիպել են 2014թ․ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլում։ 2։1 հաշվով առավելության են հասել իտալացիները։

1968թ. Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականը պատմության մեջ չորրորդ անգամ կխաղա Եվրոպայի առաջնության եզրափակիչում, իսկ անգլիացիներն առաջին անգամ են նվաճել եզրափակիչի ուղեգիր:

Իտալիա - Անգլիա եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս