14:42  ,  8 հուլիսի, 2021

Սաութգեյթ. Դանիային շատ են թերագնահատում, նրանք մեծ խնդիրներ առաջացրին մեզ համար

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի խաղում դանիացիների նկատմամբ հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:

«Զգում էի, որ մեզ մոտ կստացվի, բայց գիտեի, որ չի լինի այնպես, ինչպես նախորդ խաղերում: Դանիայի հավաքականին շատ են թերագնահատում, իսկ նրանք մեծ խնդիրներ առաջացրին մեզ համար:

Ինչ վերաբերում է Հարի Քեյնի իրացրած 11 մետրանոցին, ապա նրան դիմակայում էր մեծագույն դարպասապահ: Ի ուրախություն մեզ, ամեն բան հաջողությամբ ավարտվեց: Ես չտեսա 11 մետրանոցի դրվագը և չգիտեմ, թե ինչպես ամեն բան տեղի ունեցավ: Կա VAR համակարգ, այդ պատճառով ենթադրում եմ, որ նրանք ստուգեցին ու հաստատեցին մրցավարի որոշումը:

Շատ ուրախ ենք եզրափակիչ դուրս գալու առթիվ, սակայն առջևում կա ևս մեկ լուրջ փորձություն: Իտալիան շատ ուժեղ թիմ է: Նրանք անհավանական մարզավիճակում են: Կլինի շատ հետաքրքիր հանդիպում»,- անգլիացի մարզիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած խաղում Անգլիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթել էր 2:1 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Հուլիսի 11-ին «Ուեմբլիում» կայանալիք եզրափակիչում անգլիացիների մրցակիցը կլինի Իտալիայի հավաքականը, որը կիսաեզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր իսպանացիներին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով