Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է դանիացիների դեմ Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի հանդիպման մասին:
«Իհարկե, խաղացողների անհատական վարպետությունն ունի կարևոր դերակատարում, սակայն մենք կիսաեզրափակիչ ենք հասել թիմային ոգու շնորհիվ: Այժմ նոր մարտահրավեր է սպասում մեզ: Աշնանը 2 անգամ խաղացել ենք Դանիայի հավաքականի դեմ, և ես գիտեմ այդ թիմի ուժեղ կողմերը: Նրանք ունեն շատ լավ թիմ: Կրիստիան Էրիկսենի հետ կապված միջադեպից հետո նրանք խաղում են հույզերի ֆոնին, և դա հասկանալի է: Իհարկե, Էրիկսենի կորուստը մեծ հարված էր Դանիայի հավաքականի համար, սակայն նրանք հրաշալի կերպով դուրս եկան այդ վիճակից: Կարծում եմ՝ նրանք որսացել են հուզական ալիքը, իսկ երկրպագուների հետ կապը դարձել է ավելի ամուր. դա շատ է օգնում թիմին:
Մենք կդառնանք ֆանտաստիկ հանդիպման մի մասնիկը: Այս անցած ճանապարհից հետո դարձել ենք ավելի փորձառու: Ստիպված էինք մեծ ջանքեր գործադրել այստեղ հասնելու համար: Մենք երբեք չենք խաղացել Եվրոպայի առաջնության եզրափակիչում: Սա պատմության մեջ մտնելու ևս մեկ հնարավորություն է: Շատերը կարծում են, որ մենք չունենք մեծ մրցաշարերում հաջող հանդես գալու պատմություն: Սա շատ հուզական պահ է մեր թիմի համար, և բոլոր խաղացողները գիտակցում են դա»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Անգլիա – Դանիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: Գլխավոր մրցավարն է հոլանդացի Դանի Մակելին:
Այս զույգի հաղթողին եզրափակիչում սպասում է Իտալիայի հավաքականը, որը կիսաեզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր իսպանացիներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում