13:33  ,  10 հունիսի, 2021

Նոբել Առուստամյան. Իմ օրինակը ցույց է տալիս, որ Ադրբեջանն անհանդուրժող է աշխարհի բոլոր հայերի հանդեպ

Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանն անդրադարձել է Եվրո-2020-ի հավատարմագրման հետ կապված իրավիճակին: Բաքվի կազմկոմիտեի արգելափակման պատճառով հայ մեկնաբանը չէր հավատարմագրվել Եվրոպայի առաջնությանը, սակայն Ռուսաստան Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 10-ին հայտարարեց, որ նա ստացել է հավատարմագիր:

«Ժամանակն է բացատրել, թե ինչ էր տեղի ունեցել իմ հավատարմագրման հարցում:

Չէի ցանկանում ինքնագովազդով զբաղվել այս պատմությամբ, այդ պատճառով ներողություն եմ հայտնում իմ կոլեգաներին, որոնք «գրոհում» էին ինձ այս օրերին և խնդրում արտահայտվել: Այդ թեմայով ճանաչելիություն ձեռք բերելու ոչ մի ցանկություն չունեմ: Մի քանի խոսք կասեմ այստեղ և հիմա, երբ իրավիճակն արդեն կարգավորվել է:

Մայիսին վերջին ինձ մերժեցին Եվրո-2020-ի հավատարմագրման հարցում: Ես չանցա ոստիկանական ստուգումը: ՈւԵՖԱ-ի կանոնադրության համաձայն՝ եթե քաղաքներից մեկն արգելափակում է ինձ, մրցաշարում աշխատել չեմ կարող:

Հասկանալի է, որ ամեն դեպքում չէի ծրագրում այս ամառ այցելել Բաքու: Ադրբեջանում չեն սպասում ինձ, ինձ ուրախ չեն տեսնել այնտեղ, ինչպես բոլոր հայերին: Հրաշալի տեղեկացված եմ տեղի հայաֆոբիայի մասին: Ես ծնվել եմ Բաքվում, այնտեղ են ծնվել նաև ծնողնեերս: Պապիկս այնտեղ է հուղարկավորված, ամբողջ ընտանիքս այնտեղից է: Մենք ստիպված էինք այնտեղից հեռանալ 80-ականների վերջնամասում:

Այնպես որ, պատրանքներ չէի տածում: Ցանկանում էի աշխատել այլ քաղաքներում: Իսկ Ադրբեջանի կողմից արգելափակումը սպասելի էր: Ես շատ հանգիստ ընդունեցի այն, նույնիսկ՝ հեգնական ժպիտով:

Հիմա Արցախ այցելության մասին, որն ինձ հիշատակեցին Ադրբեջանն ու տեղի ֆեդերացիան: Այո, ես եղել եմ այնտեղ և չեմ թաքցրել դա: Դա իմ նախնիների հայրենիքն է, մասնավորապես՝ պապիկիս, որի ազգանունն եմ կրում: Այնտեղից են արմատներս, և ես չեմ ամաչում դրանից: Եվ դա երբեք խնդիր չի եղել ինձ համար:

Ղարաբաղյան կոնֆլիկտը շատ ցավալի ու անձնական հարց է ինձ համար: Ես միշտ կողմնակից եմ եղել խաղաղ լուծմանը: Ինձ ուղարկում են պատերազմի մասին նախորդ աշնանը կատարածս գրառումները, սակայն դրանց անդրադառնալն անիմաստ է: Ես միշտ 2 կողմերին կոչ եմ արել խաղաղ կարգավորման, այլ ոչ թե պատերազմի: Միայն ցանկանում էի, որ ղարաբաղյան կոնֆլիկտը կարգավորվեր, իսկ մարդիկ չմահանան:

Ադրբեջանի կողմից նախորդ աշնանը դրսևորած նոր ագրեսիան մեծ ողբերգություն է: Հազարավոր զոհեր 2 կողմերից, տասնյակ հազարավոր խորտակված ճակատագրեր: Ցավոք, այդպիսի վերքերը հնարավոր չէ արագ բուժել:

Ես Արցախ էի այցելել միայն բարի նպատակներով: Այնտեղ ես կազմակերպել ու մասնակցել եմ պատանեկան ֆուտբոլի մրցաշարի: Գիտեմ, որ արդեն 30 տարի Արցախն ապրում է ամենօրյա պատերազմի զգացողության ներքո: Այդ մրցաշարը, հնարավոր է, տեղացի երեխաների համար ամենավառ իրադարձություններից մեկն էր: Հպարտ եմ դրան մասնակցությամբ:

Սակայն գիտեմ մարդկանց, որոնք խուսափել են արգելափակումից նույնիսկ Արցախ այցելությունից հետո: Հարցը միայն այն չէ, որ ես եղել եմ այնտեղ:

Պաշտոնական Ադրբեջանը պատերազմի ավարտից մի քանի ամիս անց հայտնում է, որ պետք է ապրել խաղաղ, սակայն մինչև հիմա գերության մեջ է պահում մոտ 200 հայ զինվորի՝ չնայած պատերազմի ավարտի վերաբերյալ պայմանավորվածություններին: Եվ ես մանրուք եմ այդ ամենի ֆոնին, բայց այնքան էժանագին է այդպես վարվել ռուսաստանցի լրագրողի հանդեպ, որը լուսաբանում է ֆուտբոլ և չի էլ ծրագրում այցելել Բաքու:

Իմ օրինակը ցույց է տալիս, որ Ադրբեջանը՝ որպես պետություն (այստեղ կարևոր է ընդգծել, որ ես գիտեմ բազմաթիվ ադրբեջանցիների, ովքեր հասկանում են, որ իրար ատելով ապրել հնարավոր չէ), զրոյական հանդուրժողականություն ունի աշխարհի բոլոր հայերի հանդեպ:

Եվրո-2020-ը, առհասարակ, սպորտը, պետք է համախմբի ազգերին, աշխարհը դարձնի ավելի միասնական: ՈւԵՖԱ-ն միշտ խոսում է իր արժեքների մասին՝ հարգանք բոլոր մարդկանց նկատմամբ՝ անկախ ազգային պատկանելությունից: Ցավալի է, որ կան պետություններ, որոնք չեն ընդունում այդ արժեքները:

Ուրախ եմ, որ իրավիճակը կարգավորվեց: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ աջակցության համար:

Նախկինի պես վստահ եմ, որ ցանկացած ազգի ներկայացուցիչի, այդ թվում՝ հայերի ու ադրբեջանցիների հանդեպ շովինիզմն անընդունելի է:

Հավատում եմ, որ աշխարհը կփոխվի, և մի օր հայերի ու ադրբեջանցիների միջեւ հարաբերություններն այլ կլինեն: Կցանկանայի դա տեսնել սեփական աչքերով»,- ֆեյսբուքյան էջում գրել է Նոբել Առուստամյանը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրո-2020-ը հետաձգվել էր մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ տեղի կունենա 11 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Սևիլիայում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում և Բաքվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով