14:11  ,  20 հոկտեմբերի, 2020

Ալեքսանդր Կարապետյանը՝ վերականգնման ժամկետների մասին

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Տամբովի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 7-10 օր: Այդ մասին 32-ամյա ֆուտբոլիստը հայտնեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

Վոլգոգրադի «Ռոտորի» դեմ Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի խաղում Ալեքսանդր Կարապետյանը փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը, իսկ 58-րդ րոպեին բացել էր հաշիվը: 68-րդ րոպեին նա փոխարինվել էր մկանային վնասվածքի պատճառով:

«Մկանային պատռվածքից խուսափել եմ: Բժիշկներն ասացին, որ բաց կթողնեմ 7-10 օր: Կարծում եմ, որ կվերականգնվեմ մինչև Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը, գրեթե վստահ եմ: Սակայն դեռ չգիտեմ, թե արդյոք մինչև այդ խաղերը կկարողանամ հանդիպում անցկացնել «Տամբովի» կազմում»,- զրույցում հայտնեց Ալեքսանդր Կարապետյանը:

Հիշեցնենք, որ «Ռոտորին» խփած գոլը Ալեքսանդր Կարապետյանը նվիրել էր Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայող հայրենակիցներին։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ հարձակվողը մասնակցել է 10 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 15-ին՝ հյուրընկալվելով Վրաստանին: 3 օր անց հայկական թիմը վերջին տուրում կըդնունի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում