09:10  +04,  30 մայիսի, 2020

«Բացահայտելով տաղանդների». Բելգիական «Անտվերպենի» հայ պաշտպանը (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը։

Բելգիական «Անտվերպենի» (Royal Antwerp FC) Մ-16 տարեկանների պատանեկան թիմում հանդես է գալիս 15-ամյա հայ պաշտպան Դավիթ Սարգսյանը:

«Ծնվել եմ 2005 թվականի հունվարի 29-ին Հոլանդիայում: Շատ փոքր էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Բելգիա, որտեղ ես սկսեցի իմ ֆուտբոլային կարիերան: Խաղում եմ կենտրոնական պաշտպանի դիրքում: Ես կարողանում եմ արդյունավետ սկսել թիմի գրոհները, քանի որ սկզբում հանդես եմ եկել կիսապաշտպանության կենտրոնում:

5 տարեկանից խաղացել եմ City Pirates ակումբի պատանեկան թիմերում, իսկ 2015 թվականին տեղափոխվել եմ «Անտվերպեն», որի ակադեմիայում խաղում եմ մինչ օրս: Ավարտվող մրցաշրջանում ներկայացնում էի Մ-15 տարեկանների թիմը, արդեն հաջորդ մրցաշրջանում կխաղամ Մ-16 տարեկանների թիմում:

Royal Antwerp FC-ի կազմում մասնակցել եմ մի շարք միջազգային մրցաշարերի, Մ-14 տարիքային խմբում դարձել եմ Բելգիայի չեմպիոն:

2018 թվականին ընդգրկվել եմ Բելգիայի թիմի կազմում, որը հավաքել էին միջազգային խոշոր մրցաշարի կազմակերպիչները: Խաղացել ենք «Վալենսիայի», «Տոտենհեմի», «Սպորտինգի», «Սելթիկի», ՊՍՎ-ի պատանեկան թիմերի դեմ: Լևերկուզենի «Բայերի» դեմ խաղում դարձել եմ գոլի հեղինակ:

Նախորդ տարի Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հրավեր ստացա մասնակցելու երկրի պատանեկան հավաքականների համար ֆուտբոլիստների ամենամյա ընտրության նախնական փուլին: Այնուամենայնիվ, մարզումներից մեկի ժամանակ ես կոտրեցի մատս և չկարողացա մասնակցել ընտրությանը:

Շատ եմ ցանկանում հրավեր ստանալ Հայաստանի պատանեկան հավաքականից: Ինձ համար դա մեծ պատիվ կլինի»,- նշել է Դավիթ Սարգսյանը:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով