NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտասահմանում հանդես եկող և ապագայում Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող երիտասարդ հայ ֆուտբոլիստների:
Կանադայում հանդես եկող 16-ամյա կիսապաշտպան Վահան Սարգսյանն արդեն հրավիրվել է Հայաստանի Մ14 և Մ15 հավաքականներ:
«Ծնվել եմ Երևանում` 2003 թվականին: 2 տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Կանադայի Տորոնտո քաղաք: Ֆուտբոլ խաղում եմ 4 տարեկանից»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վահանը:
«Այժմ հանդես եմ գալիս Oakville FC ակումբի` Կանադայի Մ21 տարեկանների առաջին դիվիզիոնը ներկայացնող երիտասարդական թիմում: Մինչ այս խաղացել եմ North Mississauga FC ակումբի Մ17 տարեկանների պատանեկան թիմում` Ontario Player Development League-ում:
2017-ի և 2018-ի ամռանը մասնակցել եմ Հայաստանի Մ14 և Մ15 հավաքականների հավաքներին՝ Սարգիս Մովսիսյանի և Աղվան Այվազյանի ղեկավարությամբ:
Միշտ ուշադրությամբ հետևում եմ հայկական ֆուտբոլին: Հետաքրքրությամբ դիտում եմ ձեր #Corner հաղորդումը, հատկապես «Հայերը դրսում» խորագիրը, քանի որ ես էլ եմ հայ և նույնպես խաղում եմ արտերկրում:
Հրավեր էի ստացել մասնակցելու Հայաստանի Մ17 հավաքականի հավաքին, որը պետք է անցկացվեր ապրիլի 24-ից 27-ը՝ Երևանում: Սակայն, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հավաքը հետաձգվել է:
Երազում եմ մի օր հրավեր ստանալ Հայաստանի ազգային հավաքականից: Դա մեծ պատիվ կլինի իմ և ընտանիքիս համար»,- նշել է Վահան Սարգսյանը:
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում