Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչի երկրորդ խաղում չեմպիոն «Բարսելոնան» Սաուդյան Արաբիայում ուժերը չափեց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:2 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ:
Խաղի հաշիվը 46-րդ րոպեին բացեց «Աթլետիկոյի» իսպանացի կիսապաշտպան Կոկեն: 51-րդ րոպեին Լուիս Սուարեսի փոխանցումից հետո «Բարսելոնայի» պատասխան գոլը խփեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին: 62-րդ րոպեին «Բարսելոնային» հաշվի մեջ առաջ մղեց «Աթլետիկոյի» նախկին հարձակվող, ֆրանսիացի Անտուան Գրիզմանը: 81-րդ րոպեին իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան 11 մետրանոցից հավասարեցրեց հաշիվը: 86-րդ րոպեին «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Անխել Կորեան խփեց իր թիմի երրորդ գոլն ու հաղթանակ պարգևեց «Աթլետիկոյին»:
«Բարսելոնայի» կազմից 61-րդ րոպեին Լիոնել Մեսին, իսկ 75-րդ րոպեին՝ Ժերար Պիկեն դարձան գոլերի հեղինակ, սակայն հանդիպման գլխավոր մրցավարն, օգտվելով VAR համակարգից, չարձանագրեց գոլերը:
Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում «Աթլետիկոն» կմրցի «Ռեալի» հետ: Հանդիպումը տեղի կունենա հունվարի 12-ին:
Իսպանիայի սուպերգավաթն առաջին անգամ է անցկացվում նոր ձեւաչափով՝ կիսաեզրափակիչից։ Առաջին անգամ տիտղոսը չեն վիճարկի չեմպիոնն ու գավաթակիրը։ Կիսաեզրափակիչի առաջին դիմակայությունում գավաթակիր «Վալենսիան» 1։3 հաշվով պարտվել էր Մադրիդի «Ռեալին»։
Իսպանիայի սուպերգավաթ, 1/2 եզրափակիչ
«Բարսելոնա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2:3
Լիոնել Մեսի, 51, Անտուան Գրիզման, 62 - Կոկե, 46, Ալվարո Մորատա, 81 (11մ.), Անխել Կորեա, 86
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում