21:50  ,  23 սեպտեմբերի, 2019

Հակոբ Մկրտչյան․ Եկել էի Թաիլանդ աշխարհի չեմպիոնի տիտղոսի հետեւից

Եկել էի Թաիլանդ աշխարհի չեմպիոնի տիտղոսի հետեւից։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն, այս տարվա Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը։

Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 23-ին 89 կգ քաշայիններրի պայքարում Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ արդյունքով հռչակվեց աշխարհի չեմպիոն։

Հակոբ Մկրչյանը պոկում վարժությունում 167 կգ արդյունքով չորրորդն էր, իսկ հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 208 կգ եւ երկամարտում 1 կգ-ով գերազանցեց երկրորդ տեղը գրաված իրանցի Ալի Միրիին:

«Շնորհակալ եմ բոլորից շնորհավորանքների համար։ Սպասումները շատ մեծ էին այս աշխարհի առաջնությունից։ Եկել էի այստեղ հաղթելու համար, աշխարհի չեմպիոն դառնալու համար։ Անցած տարվա սխալս շտկեցի լրիվ։

Պայքարս պոկում վարժությունում բարդ ստացվեց, բայց ես վստահ էի, որ հրում վարժությունում կկարողանամ գերազանցել մրցակիցներիս, քանի որ հրում վարժությունն իմ ուժեղ կողմն է։ Պոկում վարժության վերջին մոտեցումը ձախողեցի, պատճառն այն էր, որ լրիվ չէի հավաքվել երեւի։ Հրում վարժության վրա ավելի վստահ էի եւ կարողացա բարձր կիլոգրամներ բարձրացնել։ Ուրախ եմ, որ նվաճեցի աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- ասաց Հակոբ Մկրտչյանը։

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար,  սակայն Հակոբ Մկրտչյանի քաշային կարգը ոչ օլիմպիական է։

Հակոբ Մկրտչյանի առաջին մեծ հաջողությունը եղել է Նանջինգ-2014-ի պատանեկան Օլիմպիական խաղերում, որտեղ 77 կգ քաշայինների պայքարում ծանրորդը նվաճել է ոսկե մեդալ: Նույն տարվա աշխարհի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը 14-րդն էր: Աշխարհի առաջնության անհաջող ելույթից հետո Հակոբ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի Մ-21 առաջնությունում, ապա 7-րդ տեղը զբաղեցրել 2017 թվականի Տոկիոյում տեղի ունեցած աշխարհի երիտասարդական առաջնությունում: 2018 թվականին Լեհաստանում անցկացված մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել 94 կգ քաշայինների պայքարում երկամարտի 368 կգ արդյունքով: 2018 թվականի աշխարհի առաջնությունում Մկրտչյանը 7-րդ տեղն էր զբաղեցրել:

Այս տարվա ապրիլին Բաթումիում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը նվաճեց չեմպիոնի կոչումը 89 կգ քաշայինների պայքարում: ԵԱ-ում Մկրտչյանը երկամարտում հավաքեց 371 կգ (Եվրոպայի ռեկորդ) եւ 1 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված վրացի Ռեւազ Դավիթաձեին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով