09:09  ,  21 հունվարի, 2014

Կարապետ Միքայելյան. Սրտիս վիրահատությունից հետո ինձ ավելի լավ չեմ զգում

Հայաստանի ազգային հավաքականի եւ Սամարայի «Կռիլյա Սովետովի» նախկին ֆուտբոլիստ Կարապետ Միքայելյանը 2013թ. մարտի 14-ին սրտի վիրահատության էր ենթարկվել: Վիրահատության համար գումար էին հավաքում Ռուսաստանում եւ Հայաստանում: Ֆուտբոլիստին փրկելու կոչին արձագանքեցին բազմաթիվ ֆուտբոլիստներ, «Կռիլյա Սովետով» ակումբը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Կարապետ Միքայելյանի հետ:

Պարոն Միքայելյան, հիմա ինչպե՞ս է Ձեր առողջական վիճակը:

Նախորդ տարի ես սրտի վիրահատություն տարա, տեղադրեցին կարդիոստիմուլյատոր: Ճիշտ չեմ լինի, եթե ասեմ, որ ինձ լավ եմ զգում: Ես կարծում էի, որ վիրահատությունից հետո ամեն բան կանցնի: Բայց ես անընդհատ պետք է անալիզներ հանձնեմ, ստուգվեմ, իսկ դա գումարներ է պահանջում: Այս պահին ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ եւ չեմ աշխատում: Այդ կարդիոստիմուլյատորը նրա համար է, որ եթե հանկած սիրտս կանգնի, այն ինձ համար շտապ օգնության դեր կատարի: Վիրահատությունից հետո ինձ ավելի լավ չեմ զգում, բայց քանի որ ձայնս լսում եք, ուրեմն ողջ եմ:

Ունե՞ք բժշկական ապահովագրություն:

Ռուսաստանում բժշկական ապահովագրությունը տարբերվում է մյուս երկրների համապատասխան ծառայություններից: Ես գրանցված եմ պոլիկլինիկայում, քանի որ Մոսկվայի գրանցում ունեմ, բայց այն անալիզները որոնք ինձ անհրաժեշտ են պոլիկլինիկայում, չեն անում: Դրա համար ես ստիպված գնում եմ այն հիվանդանոցը, որտեղ վիրահատվել եմ, իսկ այնտեղ վճարովի է: Այդ անալիզները ինձ անհրաժեշտ են, բացի այդ ես ընդունում եմ ութ տեսակի դեղահաբեր, որոնք մինչեւ կյանքիս վերջ պետք է ընդունեմ: Դեղահաբերն ընդունելուց հետո ես պետք է երկու շաբաթը մեկ արյուն հանձնեմ: Հետո սրտաբանը պետք է ստուգի արյանս վիճակը: Ես ունեմ ապահովագրական քարտ, բայց դա ոչ մի օգուտ չունի:

 Ե՞րբ եք վերջին անգամ եղել բժիշկի մոտ:

Նախորդ տարվա դեկտեմբերին: Ես ամեն տարի հավաքում եմ փաստաթղթերս եւ կոմիսիա հանձնում իմ հաշմանդամության համար: Պետությունն ինձ ամեն ամիս դրա համար վճարում է 15 հազար ռուբլի:

Դա Ձեր ամբողջ եկամո՞ւտն է:

Դե, եթե դա կարելի է եկամուտ համարել: Դա պետության կողմից ինձ որպես հաշմանդամի տրվող ամբողջ գումարն է: Երեք տարի առաջ ինձ մոտ ամեն բան շատ լավ էր, բայց մի ակնթարթում իմ ամբողջ կյանքը փոխվեց:

Այդ դեպքում ինչպե՞ս եք հասցնում վճարել անալիզների, դեղերի եւ այլ ծախսերի համար:

Կինս է աշխատում: Դա էլ մեր եկամուտն է:

Վիրահատությունից հետո Ձեր ընկերները Ձեզ ֆինանսապես օգնո՞ւմ են:

Ոչ:

Ինչո՞վ է լցված Ձեր առօրյա կյանքը:

Հաճախ զբոսնում եմ: Ինձ մաքուր օդ է հարկավոր, բայց ձմռանը պետք է զգույշ լինել: Ինձ ընդհանրապես հիվանդանալ չի կարելի:

Ինչի՞ց սկսվեց Ձեր սրտային խնդիրը: Դա կապվա՞ծ էր պրոֆեսիոնալ կարիերայի հետ:

Երբ դեռ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էի, հիվանդացա գրիպով, անգինայով եւ լիովին չապաքինվեցի: Այդ ժամանակ շատ կարեւոր խաղ ունեինք, եւ ես պետք է խաղայի: Խնդիրը միանգամից ի հայտ չեկավ, այլ՝ քայլ առ քայլ: Մեր ընտանիքում ոչ ոք սրտի արատ չի ունեցել:

Դուք Ձեր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում չկարողացաք աշխատել բավականաչափ գումար, որպեսզի ապահովեք Ձեր ծերությունը: Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ ֆուտբոլիստներին: Այնուամենայնիվ, պե՞տք է մտածել գումարի մասին, թե՞ պրոֆեսիոնալները այդ ուղղությամբ չեն մտածում:

Ես կարող էի վաստակել գումար՝ անգամ չխաղալով: Ես շատ լավ հնարավորություն ունեի Կորեայում, որտեղ շատ փող էի ստանում, բայց գրեթե չէի խաղում: Ինձ անգամ չէին թողում միանալ հավաքականին: Մեկ տարի անց ես հեռացա այնտեղից: Փոխեցի փողը ֆուտբոլի հետ: Այս պահին երիտասարդները փողի հարցում մի քիչ երես են առել: Մեծ գումարները պտտեցնում են նրանց գլուխը, բայց եթե ցանկանում են լավ ֆուտբոլիստ դառնալ, պետք է մտածեն միայն ֆուտբոլի մասին: Եթե ֆուտբոլիստը լավ խաղա, փողն ինքն իրեն կգա: Այս ժամանակներում դա հաստատ հնարավոր է:

Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր հետաքրքրվում են իմ առողջությամբ եւ ՀՖՖ-ին, որ օգնեց իմ վիրահատության հարցում: Ողջույններս հայկական ֆուտբոլին:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով