12:18  ,  17 մարտի, 2024

Արմեն Նազարյան․ 5000-ից ավելի շնորհավորանք եմ ստացել, այս ամենը շատ թանկ է ինձ համար

Իմ կյանքի 50 տարիների ժապավենը հետ շրջելիս միայն դրական հույզեր են ինձ պատում, քանի որ կանցնեի նույն ճանապարհը, որն ունեցել եմ: Հպարտություն եմ զգում, որ ծածանել եմ Հայաստանի դրոշը աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, Օլիմպիական խաղերում եւ կարողացել եմ բարձր պահել հայի անունն ու պատիվը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բուլղարիայից ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանը, որը մարտի 9-ին նշեց ծննդյան 50-ամյակը:

Արմեն Նազարյանն անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնն է, երկար տարիներ գլխավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականը: Այժմ ղեկավարում եւ համակարգում է Բուլղարիայի բոլոր հավաքականների աշխատանքները:

Կրկնակի օլիմպիական չեմպիոնը Բուլղարիայում մեծ շուքով նշել է հոբելյանական տարեդարձը, որին մեծ թվով հյուրեր են ներկա եղել Հայաստանից, այդ թվում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Պարոն Նազարյան, շնորհավորում եմ 50-ամյակի կապացկությամբ: Ի՞նչ մտքերով եւ հույզերով դիմավորեցիք 50-րդ տարեդարձը:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: 50 տարեկան եմ, որից 43 տարին սպորտում եմ եղել, սկզբում որպես մարզիկ, հետո մարզիչ, այժմ արդեն հավաքականների ղեկավար: Հաճելի հիշողություններ ունեմ: Ըմբշամարտով սկսել եմ զբաղվել 9 տարեկանից: Հիշում եմ, թե ինչպես, ինչ դժվարություններով էինք գնում մարզումների, ոտքով դաշտեր անցնելով, երեք տրանսպորտ փոխելով հասել են մարզադահլիճ, որ բաց չթողենք որեւէ մարզում, հետ չընկնենք եւ փառքով ներկայանանք Ատլանտայի Օլիմպիական խաղերին:

Հետհայացք գցելով Ձեր անցած ճանապարհին՝ այն, ինչ կարողացել եք անել, ինչի հասել եք, Ձեզ գոհացնո՞ւմ է:

Ինձ գոհացնում է մեր ժամանակաշրջանի ամեն դրվագը, նույնիսկ դժվարությունները, որոնց միջով անցել ենք, բայց անհամեմատելի է ներկայիս երիտասարդության տարած աշխատանքի հետ: Այսօրվա երիտասարդությունն այդ ֆիզիակական աշխատանքը չի տեսնում: Մենք իսկապես շատ բարդ ճանապարհ ենք անցել: Նախ շատ դժվար էր հաղթահարել եւ ընդգրկվել Սովետական Միության հավաքական, ապա անկախ Հայաստանի հավաքական: Հիմա ամեն ինչ ավելի հասանելի է եւ հեշտ: Դահլիճներ, մարզվելու պայմանները կան, ըմբիշների համար զույգեր, մրցակիցներ կան, հրաշալի մարզիչներ, որոնք յուրահատուկ աշխատանք են կատարում: Այս ամենի արդյունքում մեր ըմբշամարտը շարունակում է փայլել, տարիների ընթացքում ցույց տալ, որ համար առաջին սպորտն է, որում միշտ մեդալներ ենք ունենում Եվրոպայի, աշխարհի առաջնություններից եւ Օլիմպիական խաղերից:

Դուք էլ այդ դպրոցի հիմնադիրներից եք...

Գիտեք՝ ես կուզեի, որ այդ ամենը, հայկական ըմբշամարտի փառահեղ ճանապարհի մասին դասերը փոքր երեխաների, պատանիների մեջ սերմանվեր: Հնարավորություն ստեղծվի մենք՝ մեծերս, այդ ճանապարհն անցածներս, շրջենք մարզադահլիճներով, հանդիպենք երեխաներին, պատմենք մեր անցած ճանապարհի մասին, դժվարությունների մասին, ասենք, որ չկա հաղթանակ առանց պարտության, բարդությունների, քարքարոտ ճանապարհի, որ մեդալը օդից չի ընկնում, մեդալի համար պետք է պայքարել, հասնել: Այդ ճանապարհն անցնելու համար ոչ միայն ուժ եւ ֆիզիկական տվյալներ են պետք, այլ նաեւ խելք, խելացի լինել է պետք: Ըմբշամարտն էլ մտքի կռիվ է, խելացի գոտեմարտեր վարելու կարողություն է, մինչեւ վերջ պայքարելու կամք: Միայն մարզումներով չես կարող հասնել հաղթանակի: Կուզեի այս ամենը պատմեինք երեխաներին, որ հաղթանակի հասնելու համար պետք է ամեն ինչ ներդնես՝ մատի ճկույտից մինչեւ ուղեղ:

Ձեր ապրած 50 տարիների ընթացքում կյանքը Ձեզ ինչ-ինչ պատճառներով բերեց Բուլղարիա: Եթե այդ ճանապարհը նորից անցնեիք, Բուլղարիայի ուղղությունը կբռնե՞իք:

Կյանքը Բուլղարիայով չի վերջանում: Ես ծնվել եմ Հայաստանում, ամեն ինչով կապված եմ իմ հայրենիքի հետ, ընկերներս, մարզիչներս Հայաստանում են: Բուլղարիան իմ երկրորդ երկիրն է, ուր ինչ-ինչ պատճառներով հասա: Այստեղ էլ ստեղծեցինք մերը, ամեն ինչ արեցինք, որ հայի անունը բարձր պահենք: Բոլորն էլ թող հպարտանան, որ հայերը այլ երկրում բարձր են պահում հայի պատիվը:

Բուլղարիայում Դուք մշտապես արժանանում եք մեծարման, Արմեն Նազարյան անունը պարբերաբար հնչում է բարձր ամբիոններից: Եթե մնայիք Հայաստանում, ի՞նչ ճակատագիր կունենայիք:

Ինձ թվում է, ամեն ինչ նույնկերպ կլիներ, Արմեն Նազարյան անունը նույնկերպ կպահպանվեր, իհարկե, պայմանավորված, թե ինչպիսի ղեկավարություն կլիներ երկրում: Ինչ էլ լիներ, պատմությունը մեկն է, եւ այն փոխել երբեք հնարավոր չէ:

Օրինակ՝ Արթուր Ալեքսանյանի հաղթանակները, անցած ճանապարհը, նվաճումները հնարավոր չի փոխել, մոռանալ: Ցանկացած իրավիճակում պատմությունն իրենն ասում է:

50 տարեկանում ինչի՞ համար եք տխրում:

Գիտեք, եթե անկեղծ, չեմ տխրում (ծիծաղում է): Երբ իմ կյանքի ժապավենը հետ եմ շրջում, իմ երիտասարդ տարիներին ամեն ինչից զուրկ եմ մնացել, քաշ եմ գցել, վնասվածք եմ ստացել: Իհարկե, համաձայն եմ, որ այդ պատճառով էլ լավ արդյունքների եմ հասել, բայց որպես երիտասարդ շատ բաներից եմ զրկվել: Հիմա կյանքը փոխվել է, երիտասարդների մտածելակերպը եւս փոխվել է, ըմբշամարտի օրենքներն են փոխվել, չեն թողնում ըմբիշները շատ ծանր գոտեմարտեր իրար հաջորդելով մեկ օրում անցկացնեն, ավարտեն մրցելույթները: Մենք ոչնչից չէինք օգտվում, չէինք վայելում: Գնում էինք ամենալավ երկիրը, քաղաքը, ամենալավ հյուրանոցում էինք մնում, բայց միայն մարզվում, մրցումների էինք մասնակցում, մեդալը վերցնում ու անմիջապես վերադառնում էինք: Երկիր, քաղաք չէինք տեսնում, չէին զբոսնում, այդ ամենի ժամանակը չունեինք: Հիմա ավելի լավ է, ավելի մեծ հնարավորություններ ունեն մեր տղաները, կարողանում են ուրախանալ նաեւ իրենց ընկերների նվաճումներով, ազատ ժամանակ են ունենում նշել հաղթանակները:

Պարոն Նազարյան, Արթուր Ալեքսանյանը Ձեզ գերազանցել է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնություններով, հետ է միայն երկրորդ օլիմպիական ոսկով: Ըստ Ձեզ, Փարիզի Օլիմպիական խաղերում նրան կհաջողվի կրկնել Ձեր հաջողությունը:

Ես հավատում եմ, որ նրա մոտ կստացվի: Նա կարող է: Ես հավատում եմ, քանի որ նա հրաշալի ըմբիշ է, գրագետ գոտեմարտեր է անցկացնում եւ իսկապես իր քաշային կարգում շատ ուժեղ է, փորձառու ըմբիշ է, նվաճել է բոլոր օլիմպիական մեդալները եւ ահռելի մեծ ճանապարհ ունի անցած: Ոչ միայն Արթուր Ալեքսանյանին եմ հավատում, ուզում եմ, որ բոլորով հավատանք եւ աջակցենք նաեւ մեր մյուս ըմբիշներին: 

Մալխաս Ամոյանի մասին ի՞նչ կասեք:

Մալխաս Ամոյանը երիտասարդ է, արդեն շատ լավ ցուցադրել է իրեն Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում: Որքան տեղյակ եմ՝ նրա առաջին Օլիմպիական խաղերն են: Կարծում եմ՝ նա նույնպես կկարողանա իր լավագույն որակներով հանդես գալ: Մասնագիտական բարձր որակներ ունի, որի շնորհիվ իր քաշային կարգում հաղթում է աշխարհի ուժեղագույններին: Սա նշանակում է, որ Մալխասը իր ուժերի վրա վստահ պետք է գնա մեդալի: Նրան նույնպես հավատում եմ:

Վերադառնալով Ձեր 50-ամյակին՝ ինչպե՞ս տոնեցիք, ինչո՞վ նշանավորվեց այս տարեդարձը:

Ծննդյանս տոնակատարության առիթով Հայաստանից մեծ թվով հյուրեր ունեցա, ինչի կապակցությամբ ցանկանում եմ բոլորին շնորհակալություն ասել՝ գալու, շնորհավորելու, ինձ հետ այս կարեւոր օրը նշելու համար: Իմ հյուրերն էին Արթուր Ալեքսանյանը, Վաղինակ Գալուստյանը, Կարեն Մնացականյանը, Գրիշա Թամրազյանը, բոլոր իմ ընկերները ներկա էին, տարբեր մարզաձեւերից եկել էին՝ ըմբշամարտ, թենիս, ծանրամարտ եւ ընկերություն: Բոլորին հրավիրել էի, նաեւ Կարեն Գիլոյանին, Արայիկ Հարությունյանին էի հրավիրել, բայց նրանք չկարողացան գալ: Մեզ մոտ ավանդույթ է դարձել կարեւոր առիթներին ներկա գտնվել, մասնակցել, ես նույնպես գալիս եմ բոլորի առիթներին: 

Յուրահատուկ օր եմ անցկացրել, բազմաթիվ շնորհավորանքներ եմ ստացել: Ինձ շնորհավորել է Բուլղարիայի նախագահը, երկու երկրների սպորտի նախարարությունները,  Հայաստանի եւ Բուլղարիայի ֆեդերացիայի նախագահները, շնորհավորանքներ միջազգային ֆեդերացիայից, հայ համայնքի ներկայացուցիչներից: 5000-ից ավելի շնորհավորանք եմ ստացել աշխարհի բոլոր ծայրերից: Ինձ համար այս ամենը շատ թանկ է ինձ համար: Ուրախ եմ եւ հպարտ այս ամենի համար: Մինչեւ այսօր դեռ շնորհավորքներ եմ ստանում: Պարտավորեցնող է, որ ժողովուրդն ինձ գնահատում է, հարգում, սիրում եւ շնորհավորում:

Ի՞նչ յուրահատուկ նվեր եք ստացել:

Այնքան նվերներ եմ ստացել, ո՞րն ասեմ: Այնքան շատ են նվերներս, որ տանն այլեւս տեղ չկա դնելու: Պետք է մտածել տարածքը մեծացնելու մասին, մի մասն էլ թանգարան տանելու մասին: Ինձ համար ամենամեծ նվերը շնորհավորանքներս են, մասնավորապես բարձրաստիճան շնորհավորանքները: Ինձ համար այդքանը բավարար է:

Քանի՞ մեդալ ունեք, սկսած՝ ամենաառաջին մեդալից:

Եթե անկեղծ, երբեք չեմ հաշվել: Եվրոպայի, աշխարհի առաջնությունների, Օլիմպիական խաղերի մեդալների քանակը գիտեմ, բայց թե իրականում փոքր տարիքիս սկսած քանի մեդալ եմ նվաճել, չգիտեմ: Մի օր անպայման կհաշվեմ եւ Ձեզ կասեմ: Հայաստանում էլ շատ մեդալներ ունեմ: Հայաստանից 8 մեդալ ունեմ, որոնք ինձ համար ամենակարեւորներն են: Հենց այդ մեդալներով է ամեն ինչի հիմքը դրվել, սկսվել: Չեմ կարող չնշել՝ 1994 թվականին Թուրքիայում բարձրացրի մեր եռագույնը, 1993 թվականին աշխարհի առաջնությունում դարձա ոսկե մեդալակիր, Ատլանտայում դարձա օլիմպիական չեմպիոն: Իմ հաղթանակների հիմքը դրվել է Հայաստանում, ինչի համար ես ուրախ եմ եւ հպարտ: Հիմա այդ մեդալների մի մասն իմ տանն է, մի մասը՝ Հայաստանում, մի հատված տվել եմ Բուլղարիայի թանգարանին: Այս ամենը հիշողություն է, որ ես ամեն անգամ սրտի թրթիռով եմ հիշում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով