10:07  ,  6 ապրիլի, 2024

Ֆերդինանդ Կարապետյան․ Առաջին անգամ եմ լսում, որ ես այլեւս Հայաստանի հավաքականում չեմ

Հայաստանի առաջնությանը չեմ մասնակցել, քանի որ տեղյակ չեմ եղել: Վարկանիշային մրցաշարերին էլ չեմ շարունակել մասնակցել, քանի որ Հովհաննես Դավթյանն ինձ ասաց, թե գումար չկա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Վլադիկավկազից ասաց Հայաստանի առաջատար ձյուդոիստ, 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Ֆերդինանդ Կարապետյանը:

Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա ձյուդոյի մրցաշարում:  Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը Հայաստանի հավաքականից դուրս է մնացել: Հավաքականի ավագը չի մասնակցել Հայաստանի առաջնությանը, ինչի պատճառով չի ընդգրկվել ազգային հավաքական, նաեւ զրկվել է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգրի համար պայքարից: Ֆերդինանդ Կարապետյանը հավաքականի կազմում 2023 թվականին մասնակցել է աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, որոնք եղել են նրա վերջին մրցաշարերը հավաքականի կազմում:

Ֆերդինանդ, գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանն օրերս հայտարարեց, որ դու այլեւս հավաքականում չես: Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը:

Ես հավաքական չեմ ընդգրկվել Հայաստանի առաջնությանը չմասնակցելու պատճառով: Ես իսկապես չեմ մասնակցել, բայց դա չի նշանակում, որ  չէի ուզում մասնակցել: Տեղյակ չեմ եղել, որ պետք է անցկացվի, ինձ որեւէ մեկը չի տեղեկացրել, որ գայի:

Անցած տարի ես մարզվում էի, լավ մարզավիճակում էի: Հովհաննես Դավթյանն ինձ ասաց, որ պետք է շատ մրցաշարերի մասնակցեմ, որ մրցումային վիճակում լինեմ: Նա ինձ առաջարկեց սկսել Հայաստանի առաջնությունից: Եկա Հայաստան եւ առաջնությունից առաջ հիվանդացա: Ջերմությունս՝ 39, 40 աստիճան էր: Այդ վիճակում չէի կարող մասնակցել առաջնությանը, ուժ չունեի: Այդպես ճիշտ էլ չէր մասնակցելը: Դավթյանն ինձ ազատեց առաջնությունից: Ես առողջացա եւ հավաքականի հետ մեկ ամիս անց մասնակցեցի հավաքների, մրցաշարերի, Վրաստանում մասնակցեցի «Մեծ սաղավարտի» մրցաշարին, զբաղեցրի 7-րդ տեղը, բայց նաեւ շատ վարկանիշային միավորներ վաստակեցի: Այս մրցաշարով ձեռք բերեցի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք: 2023 թվականի աշխարհի առաջնությունը եւս վարկանիշային էր եւ հավաքականից միայն ես նվաճեցի այդ իրավունքը: Մասնակցեցի նաեւ աշխարհի առաջնությանը: Արդյունքս գոհացնող չէր, բայց այդտեղ էլ ես վարկանիշային միավորներ վաստակեցի:

Այս Հայաստանի առաջնությունը բաց ես թողել տեղյակ չլինելու պատճառո՞վ:

Իսկ ով է ինձ ասել, որ այսինչ օրերին Հայաստանի առաջնություն է լինելու, արի մասնակցի: Եթե նրանք ինձ ասեին, ես կգայի ու կմասնակցեի անպայման: Խնդիրն այլ է: 2023 թվականի Եվրոպայի առաջնությունից մեկ ամիս առաջ նա ինձ զանգահարեց եւ ասաց, որ պետք է մասնակցենք:  Եվրոպայի առաջնությունից երբ վերադարձանք, արդեն լավ մարզավիճակում էի, վնասվածքներս բուժել էի: Դավթյանին ասացի, որ 2-3 շաբաթից «Մեծ սաղավարտի» մրցաշար կա, մասնակցենք, որպեսզի վարկանիշային միավորներս ավելացնեմ: Նա ինձ ասաց՝  գումար չունենք, ֆինանս չկա այդ մրցաշարերին մասնակցելու համար: Այդ խոսակցությունից հետո ես վերադարձել եմ Վլադիկավկազ, եւ մենք այլեւս չենք խոսել, կապի դուրս չենք եկել, ինձ ոչ ոք չի զանգել:

Այդ փուլում ես իսկապես լավ մարզավիճակում էի: Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո ինձ մոտ առողջական խնդիրներ կային, վնասվածքներ ունեի, ճողվածք ունեի, եւ որոշ ժամանակ տատամի դուրս չեմ եկել: Այդպես որոշել էի, որ ամբողջությամբ ապաքինվեմ, որպեսզի Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար պայքարում ինձ ոչինչ չխանգարի:

Դու չես իմացե՞լ՝ երբ է սովորաբար անցկացվում Հայաստանի առաջնությունը:

Սովորաբար անցկացվում է նոյեմբերին: Ես անգամ չգիտեմ, թե երբ է եղել՝ նոյեմբերին, թե դեկտեմբերին: Ինչպես արդեն ասացի, ինձ ոչ ոք չի տեղեկացրել: Իրականում նախկինում ես Հայաստանի առաջնության չեմ մասնակցել: Միայն մասնակցել եմ հավաքական տեղափոխվելուց հետո առաջին երեք տարիներին եւ երեք անգամ էլ հաղթել եմ: Հետո ինձ ազատել են առաջնությունից: Սա է եղել պատճառը, որ ես չգիտեի, որ պետք է մասնակցեմ: Նույնիսկ եթե պետք է մասնակցեի, ես դրանից չէի խուսափում:

Այն բանից հետո, երբ Հովհաննես Դավթյանն ինձ ասաց, որ կան ֆինանսական խնդիրներ, ես վերադարձա Վլադիկավկազ, որտեղ շարունակեցի իմ մարզումները աշխարհի լավագույն մարզադպրոցներից մեկում: Այստեղ ես ամեն օր մարզվում եմ  լավագույն մարզիկների հետ, առավելագույն մրցակցությամբ: Մինչեւ այսօր մարզվում եմ: Այս ընթացքում ինձ որեւէ մեկը չի զանգում, չի հետաքրքրվում, չի ասում, որ ես հավաքականում չեմ: Անկեղծ կլինեմ, առաջին անգամ եմ լսում, որ ես այլեւս Հայաստանի հավաքականում չեմ: Այդ մասին ինձ որեւէ մեկը ոչինչ չի ասել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով