15:16  ,  15 ապրիլի, 2024

Կարեն Աղամալյան․ Հովհաննես Բաչկովը ցանկանում է պայքարել օլիմպիական ուղեգրի համար

Տղաների առաջ մեդալների եւ առավելագույն հաղթանակներով մենամարտերի խնդիր եմ դրել: Եվրոպայի առաջնության արդյունքներով կորոշվեն, թե ովքեր են մասնակցելու օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարին: Հովհաննես Բաչկովը կլինի վարկանիշային մրցաշարի մասնակիցների կազմում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Ապրիլի 15-24-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկում է բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները առաջնությանը մասնակցում են ամբողջական կազմերով: Հայ բռնցքամարտիկների մասնակցությամբ մենամարտերը կմեկնարկեն ապրիլի 18-ից:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէ Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

«Թիմը գտնվում է նորմալ մարզավիճակում: Իտալիայում անցկացված վարկանիշային մրցաշարից հետո շատ կարճ ժամանակ ունեինք վերականգնվելու եւ Եվրոպայի առաջնությանը պատրաստվելու համար: Հավաք անցկացրինք եւ այժմ պատրաստ ենք պայքարին:

Ավելի բարդ շրջան է մոտենում մեզ, քանի որ Եվրոպայի առաջնությունից հետո մեզ մնում է 25 օր վերջին վարկանիշային մրցաշարին պատրաստվելու համար: Այդ փուլն ամենակարեւորն է մեզ համար: Եվրոպայի առաջնությունը մեզ համար դառնում է վարկանիշային մրցաշարի վերջին նախապատրաստական փուլը: Բելգրադում օլիմպիական վարկանիշներ չեն խաղարկվելու, մեզ մնում է միայն մեկ մրցաշար: Թիմի առջեւ խնդիր է դրել լավ մասնակցել, հաղթական մենամարտեր շատ ունենալ։ Մեդալի ակնկալիքներ ունեմ մի քանի քաշային կարգերում: Որքան էլ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէ, բայց սա էլ է կարեւոր մեզ համար նույնքան, որքան վարկանիշային մրցաշարը: Այս տեսանկյունից նաեւ մեդալի խնդիր եմ դրել թիմի առջեւ: Թե որ քաշային կարգերում մեդալային ակնկալիքներ կան, չեմ ցանկանում ընդգծել, նաեւ չեմ ուզում կենտրոնանալ, թե վիճակահանությունն ինչպես կդասավորվի մեզ համար: Յուրաքանչյուր բռնցքամարտիկ կարող է մեդալ նվաճել: Պարզ է, որ բոլորը չեն կարող մեդալակիր դառնալ:

Անցած վարկանիշային մրցաշարում մեր մենամարտերի ժամանակ շատ էին մրցավարական միջամտությունները: Այդ մասին խոսեց  նաեւ ֆեդերացիայի նախագահը: Չեմ կարծում, որ Եվրոպայի առաջնությունում կլինեն կողմնակալ մրցավարություններ: Նույնը չեմ կարող ասել առաջիկա վարկանիշային մրցաշարի մասին: Մի քանի երկիր դիմել է ՄՕԿ-ին անցած վարկանիշային մրցաշարում անարդար մրցավարության բողոքով: Հուսամ, Թաիլանդում արդար կդատեն: Մենք չենք հենվի արդար մրցավարության ակնկալիքների վրա. Տղաներին ասել եմ, որ ավելի լավ պետք է կռվեն, պայքարեն, հաղթեն նաեւ մրցավարներին:

Թաիլանդի մրցաշարում կլինի նաեւ մեր թիմի առաջատար, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Ինչպես արդեն ասել էի, նա երկու ձեռքերի վիրահատություն էր տարել եւ մի շարք մրցաշարերից ազատված էր: Եվրոպայի առաջնության համար անցկացված հավաքին մասնակցեց, թիմի հետ մարզվեց, բայց կազմ չընդգրկեցինք: Նա դեռ պետք է ստուգումներ անցնի կամ Հայաստանում, կամ Ֆրանսիայում: Նա կպատրաստվի վարկանիշային մրցաշարին: Ցանկանում է պայքարել օլիմպիական ուղեգրի համար: Նորմալ մարզավիճակում է»,- ասաց Կարեն Աղամալյանը:

Հայաստանի հավաքականում ընդգրկվել են Հայաստանի չեմպիոններ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Համլետ Հարությունյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Կանանց հավաքականից կմասնակցեն  Լուսինե Գեւորգյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Լիլիթ Դալաքյանը (54 կգ), Էլիդա Քոչարյանը ( 60 կգ), Սոնա Հարությունյանը (63 կգ) եւ Անի Հովսեփյանը (70 կգ) :

Հիշեցնենք, որ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը դեռեւս օլիմպիական ուղեգրեր չունի: Վերջին վարկանիշային մրցաշարը կանցկացվի Եվրոպայի առաջնությունից հետո մայիսի 24-ից հունիսի 3-ը Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում:

Տղամարդկանց օլիմպիական քաշային կարգերն են՝ 51 կգ, 57 կգ, 63, 5 կգ, 71 կգ, 80 կգ, 92 կգ, +92 կգ: Կանանց օլիմպիական քաշերն են՝ 50 կգ, 54 կգ, 57 կգ, 60 կգ, 66 կգ, 75 կգ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով