14:36  ,  22 օգոստոսի, 2012

Մեծ Բրիտանիայի դեսպանն ընդունեց Լոնդոն մեկնող Հայաստանի պարալիմպիկ պատվիրակությանը (ֆոտոշարք)

Թեեւ Հայաստանը Լոնդոնում կայանալիք Պարալիմպիկ խաղերին ներկայանում է երկու մասնակցով, բայց ես վստահ եմ, որ այս երկու մարզուհիներն ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանը նրանցով հպարտանա, օգոստոսի 22-ին սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարզիկների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը։

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 9-ը Լոնդոնում կայանալիք 14-րդ ամառային Պարալիմպիկ խաղերի առիթով Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն ընդունեց երկու հայ մասնակիցներին՝ լողորդ Մարգարիտա Հովակիմյանին եւ ծանրորդ Գրետա Վարդանյանին։

«Ուրախ եմ ընդունել Լոնդոն մեկնող հայ մասնակիցներին: Պարալիմպիկ խաղերը Մեծ Բրիտանիայում արդեն ավանդույթ են: Այս ամառ կլինի ամենամեծ Պարալիմպիկ խաղերը պատմության մեջ: Կրկնակի հպարտ եմ, որ այն անցկացվելու է Լոնդոնում:

Հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Լոնդոնում կայացած 30-րդ ամառային Օլիմպիական խաղերը հրաշալի անցան եւ մեծ տպավորություն թողեցին մարզասերների վրա։ Վստահ եմ, որ այս Խաղերն էլ նույն հաջողությամբ կշարունակվեն:

Սա շատ կարեւոր իրադարձություն է Մեծ Բրիտանիայի համար եւ կարծում եմ նույնքան նշանակալից է Հայաստանի համար։

Մեծ Բրիտանիայում Պարալիմպիկ խաղերն ընկալվում է որպես սպորտի անբաժանաելի մաս:

Հայաստանն արդեն 5-րդ անգամ է Պարալիմպիկ խաղերին մասնակցում, բայց այս Խաղերը դեռեւս նորություն են Հայաստանի հասարակության համար»,- հանդիպման ընթացքում ասաց դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը։

Հաշմանդամների «Փյունիկ» միության եւ Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը դեսպանի հետ զրույցում նշեց, որ մեդալների խոստումներ չեն տալիս, բայց լավ արդյունքների կձգտեն։

«Մեզ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ: Մեր կազմակերպության համագործակցությունը Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ ջերմ բարեկամական է: Միակ դեսպանությունն է, որը Խաղերից առաջ նման հետաքրքրություն ցուցաբերեց: Դեսպանատունը ընձեռեց մեզ հնարավորություն հանրությանն ավելի շատ տեղեկացնել Պարալիմպիկ խաղերի մասին:

Ճիշտ է՝ երկու մարզիկով ենք մեկնում, բայց կարծում եմ, հաջորդ Խաղերին ավելի մեծ թիմով կմասնակցենք: Ինչ վերաբերում է մարզիկներին, ապա արել ենք ավելին, ինչ հնարավոր է: Մեդալների մասին խուսափում ենք խոսել: Մեծ հույսեր ունենք, որ հրաշալի Խաղեր կունենանք»,- ասաց Հակոբ Աբրահամյանը:

Դեսպանը հայ մասնակիցներին հաջողություն մաղթեց եւ հանձնեց փոքրիկ հուշանվերներ նաեւ անգլերեն հաղորդակցվելու գրքույկ - ուղեցույց հաշմանդամային սպորտով զբաղվող մարզիկների համար։

Լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը նշեց, որ դեսպանի ընդունելությունն իրեն շատ ոգեւորեց։

«Սա շատ ոգեւորիչ է եւ պարտավորեցնող։ Ոգեւորվում ես, երբ զգում ես, որ թիկունքումդ մարդիկ կան կանգնած, ովքեր քեզ միայնակ չեն թողնի, բայց դրա հետ մեկտեղ քեզանից սպասելիքներ ունեն»։

Գրետա Վարդանյանն էլ ասաց.

«Պատասխատվության զգացումն անկախ քեզանից մեծանում է։ Նման հանդիպումները ուրախացնող են, բայց եւ պատասխանատվություն են պահանջում»։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո` Սոնա Բարսեղյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս