20:29  ,  17 փետրվարի, 2019

«Արարատ-Արմենիան» ու «Գանձասար-Կապանը» հաղթել են, «Բանանցը» 6-րդ պարտությունն է կրել Անթալիայում

Կիպրոսում երկրորդ հավաքը շարունակող «Արարատ-Արմենիան» փետրվարի 17-ին Լարնակայում ստուգողական հանդիպում է անցկացրել Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմի հետ եւ հաղթել 4:1 հաշվով: Վարդան Մինասյանի գլխավորած թիմի կազմում աչքի են ընկել Ժան-Ժակ Բուգուին, Արտեմ Ավանեսյանը, Անտոն Կոբյալկոն ու թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ:

«Գանձասար-Կապանը» Թուրքիայում ընթացող հավաքի առաջին ստուգողական խաղում 2:1 հաշվով հաղթել է Ուկրաինայի Պրեմյեր լիգայի ներկայացուցիչ «Դեսնային»: Հայկական ակումբի գոլերը խփել են Գեղամ Հարությունյանը եւ թիմի նորեկ Արման Հովհաննիսյանը: Այս օրերին «Դեսնայում» փորձաշրջան է անցնում Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Դավիթ Արշակյանը:

Երեւանի «Բանանցն» Անթալիայում ավարտին մոտեցող հավաքի 6-րդ ստուգողական խաղում մրցել է ղազախական «Աստանայի» հետ եւ պարտվել 2:4 հաշվով: Ադամու Աբդուլահիի եւ Ալեքսանդր Գլիսիչի գոլերի շնորհիվ հայկական ակումբն առաջին խաղակեսում հաղթելիս է եղել 2:0 հաշվով, սակայն չի կարողացել պահպանել հաղթական հաշիվը:

Հավաքի նախորդ 5 խաղերում «Բանանցը» պարտվել էր ռուսական «Նիժնի Նովոգորոդին» (0:1), Բուլղարիայի առաջին խմբում հանդես եկող «Արդային» (0:2), դանիական «Սիլկբորգին» (0:2), վրացական «Չիխուրա Սաչկերեին» (1:2) եւ Լեհաստանի առաջին լիգայի ներկայացուցիչ «Պոդբեսկիձիեին» (0:3):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում