15:09  ,  17 օգոստոսի, 2012

Ռուս ֆուտբոլիստը մեկ միլիոն ռուբլի է տրամադրել մեկ միլիոն դոլարից զրկված օլիմպիական չեմպիոնին

Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ալեքսանդր Ռյազանցեւն իր հիմնադրամից մեկ միլիոն ռուբլի է տրամադրել Լոնդոնի Օլիմպիական խաղերի աթլետիկայի կանանց 800 մետր վազքի չեմպիոնի տիտղոսը նվաճած ռուսաստանցի Մարիա Սավինովային:

Ռուս ֆուտբոլիստը հայտարարել է, որ մարզիկների միջեւ պետք է համերաշխություն լինի, գրում է «Советский Спорт»-ը:

Հիշեցնենք, որ Մարիա Սավինովան զրկվել էր Չելյաբինսկի մարզի նահանգապետ Միխայիլ Յուրեւիչի կողմից սահմանված մեկ միլիոն դոլար պարգեւավճարից:

Մինչեւ 30-րդ Օլիմպիական խաղերը նահանգապետը հայտարարել էր, որ Չելյաբինսկի մարզի բնակիչները Լոնդոնի Խաղերում ոսկե մեդալ նվաճելու դեպքում կստանան մեկ միլիոն դոլար պարգեւավճար: Սակայն այնուհետեւ Միխայիլ Յուրեւիչը հայտնել էր, որ Սավինովան գրանցված է ոչ թե Հարավուրալյան նահանգում, այլ Մոսկվայի շրջանում, այդ իսկ պատճառով մարզուհին չի ստանա պարգեւավճարը:

Մարիա Սավինովան ծնվել է Չելյաբինսկում, սակայն վերջերս ամուսնացել է աթլետ Ալեքսեյ Ֆարանոսի հետ՝ տեղափոխվելով մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաք: Տեղի նահանգապետը մեծ պարգեւավճարներ չէր խոսատել մարզիկներին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով