11:45  ,  24 դեկտեմբերի, 2018

Մարկոսն ընդհատեց Մխիթարյանի հեգեմոնիան, Մինասյանը չի ընտրել լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեկտեմբերի 24-ին ամփոփեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» եւ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքները:

Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որն ընդհատեց Հենրիխ Մխիթարյանի հեգեմոնիան: «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցույթում նախորդ 7 տարիներին հաղթել էր Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանը: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել է 8 անգամ, իսկ 34-ամյա Պիզելին առաջին անգամ է արժանանում նման պատվի:

Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչները (ավագներ եւ գլխավոր մարզիչներ) առաջին տեղում ամենաշատը նշել են Հենրիխ Մխիթարյանի անունը, իսկ Մարկոս Պիզելին մեծ առավելությամբ հաղթել է լրագրողների քվեարկության արդյունքում:

Մարկոս Պիզելիին Ղազախստանի ավարտված առաջնությունում (33 տուր) 24 խաղում խփել էր 18 գոլ եւ ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, ռմբարկու ու գոլի հեղինակ: Պիզելին առաջին տեղն էր գրավել նաեւ «գոլ+փոխանցում» հաշվարկով՝ դառնալով 10 գոլային փոխանցման հեղինակ:

«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում հաղթել էր «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը, որի գլխավորությամբ երեւանյան թիմը այս մրցաշրջանում դարձել էր հայկական ֆուտբոլի պատմության միակ ակումբը, որը եվրագավաթներում հաղթանակի հասավ որակավորման 2 փուլերում: Եվրոպայի լիգայում երեւանյան ակումբը հաղթահարել էր մակեդոնական «Վարդարի» (1:0, 2:0) ու ղազապական «Տոբոլի» (1:2, 1:0) արգելքը, իսկ երրորդ փուլում պարտվեց Թել Ավիվի «Մաքաբիին» (0:0, 1:2):

Լավագույն մարզիչի քվեարկությունում Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչները առաջին տեղում ամենաշատը նշել են Արմեն Գյուլբուդաղյանցի անունը, իսկ լրագրողների մեծամասնությունը նախապատվությունը տվել է Անդրեյ Տալալաեւին:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, այժմ «Արարատ-Արմենիան» գլխավորող Վարդան Մինասյանը չի մասնակցել լավագույն մարզիչի քվեարկությանը: Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցույթում Մինասյանն առաջին տեղում նշել է Հենրիխ Մխիթարյանին, երկրորդում՝ Մարկոս Պիզելիին, իսկ երրորդում՝ Վարազդատ Հարոյանին:

Գյումրիի «Շիրակն» ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը:

Հիշեցնենք, որ լավագույն ֆուտբոլիստին ու մարզիչին ընտրում են միայն լրատվամիջոցների եւ ակումբների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք:

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ»

  1. Մարկոս Պիզելի («Ակտոբե», Ղազախստան) - 171 միավոր
  2. Հենրիխ Մխիթարյան («Արսենալ», Անգլիա) - 119 միավոր
  3. Սարգիս Ադամյան («Յան Ռեգենսբուրգ», Գերմանիա) - 32 միավոր

«Տարվա լավագույն մարզիչ»

  1. Անդրեյ Տալալաեւ («Փյունիկ») - 70 միավոր
  2. Արմեն Գյուլբուդաղյանց (Հայաստանի ազգային հավաքական) - 60 միավոր
  3. Վարդան Բիչախչյան («Շիրակ») - 55

NEWS.am Sport-ի քվեարկությունը

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ»

  1. Մարկոս Պիզելի («Ակտոբե», Ղազախստան)
  2. Սարգիս Ադամյան («Յան Ռեգենսբուրգ», Գերմանիա)
  3. Վարազդատ Հարոյան («Ուրալ», Ռուսաստան)

«Տարվա լավագույն մարզիչ»

  1. Անդրեյ Տալալաեւ («Փյունիկ»)
  2. Վարդան Բիչախչյան («Շիրակ»)
  3. Արմեն Ադամյան («Լոռի»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով