10:53  ,  24 դեկտեմբերի, 2018

Մարկոս Պիզելին՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին ճանաչվել է 2018թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները: 34-ամյա Պիզելին հավաքել է 171 միավոր:

119 միավորով երկրորդ տեղում հայտնվել է Հայաստանի հավաքականի ավագ, անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Լավագույն եռյակը 32 միավորով եզրափակել է գերմանական «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանը:

Հիշեցնենք, որ լավագույն ֆուտբոլիստին նախորդ տարվա պես ընտրում են միայն լրատվամիջոցների եւ ակումբների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք:

Մարկոս Պիզելիին Ղազախստանի ավարտված առաջնությունում (33 տուր) 24 խաղում խփել էր 18 գոլ եւ ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, ռմբարկու ու գոլի հեղինակ: Պիզելին առաջին տեղն էր գրավել նաեւ «գոլ+փոխանցում» հաշվարկով՝ դառնալով 10 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ 7 տարիներին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, որն այդ մրցանակին արժանացել է 8 անգամ:

Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում