18:47  ,  26 հոկտեմբերի, 2018

ԱԱ-2018. Արթուր Ալեքսանյանն իմացավ իր մրցակցին, Կարապետ Չալյանին բաժին հասավ օլիմպիական չեմպիոն

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 27-ին պայքարի մեջ կմտնեն Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչները՝ Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլու հետ: Հաղթանակի դեպքում գյումրեցի ըմբիշը 1/8 եզրափակիչում կհանդիպի Ֆելիքս Բալդաուֆ (Նորվեգիա) – Դանիել Գաստլ (Ավստրիա) զույգի հաղթողի հետ:

Կարապետ Չալյանին բաժին է հասել չափազանց բարդ վիճակահանություն: Գյումրեցի ըմբիշը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից՝ ուժերը չափելով Լոնդոն-2012 օլիմպիական չեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի 2013թ. չեմպիոն, 29-ամյա հարավկորեացի Կիմ Հյոն Ուի հետ: Այդ զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի կամ խորվաթ Բոզո Ստարցեւիչի, կամ գերմանացի Պասկալ Էիսելեի հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին պայքարը սկսած Հայաստանի 3 ներկայացուցիչները՝ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ) եւ Արթուր Շահինյանը (87 կգ), պարտություն էին կրել:

Արթուր Շահինյանը երկրորդ գոտեմարտում մրցեց Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի 2015թ. չեմպիոն, ուկրաինացի Ժան Բելենյուկի հետ եւ պարտվեց 1:4 հաշվով: 1/16 եզրափակիչում Շահինյանը մեկնարկել էր Իսրայելի ներկայացուցիչ Ռոման Ժերնովետսկու նկատմամբ 9:0 հաշվով հաղթանակով (1 րոպե 56 վայրկյանում):

Գեւորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում պարտություն կրեց Հյուսիսային Կորեան ներկայացնող Սի Ուն Ռիից՝ 1:5: Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել պանամացի Անդրես Գոնսալես Անդրադեի նկատմամբ:

2018թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը որակավորման փուլում պարտվել էր ադրբեջանցի Կամրան Մամադովին (2:2):

Եթե Շահինյանին, Ղարիբյանին ու Ասլանյանին հաղթած ըմբիշներին նվաճեն եզրափակիչի ուղեգիր, հայ մարզիկները հնարավորություն կստանան հոկտեմբերի 27-ին պայքարել բրոնզե մեդալի համար:

Նախօրեին պայքարի մեջ մտած եւ քառորդ եզրափակիչում պարտություն կրած Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) եւ Նորայր Հախոյանը (55 կգ) հոկտեմբերի 26-ին հաղթել էին սփոփիչ գոտեմարտերում եւ երեկոյան մրցահերթում կանցկացնեն բրոնզե մեդալի համար գոտեմարտ: Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանի մրցակիցը կլինի իրանցի Սաիդ Աբդվալին, իսկ Նորայր Հախոյանը կմրցի թուրք Էրկեմ Օզտուրկի հետ:

Հոկտեմբերի 25-ին հանդես էր եկել նաեւ Սլավիկ Գալստյանը (63 կգ), որը հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էր կրել եւ լքել պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում