14:18  ,  22 հոկտեմբերի, 2018

ԱԱ-2018. Դավիթ Սաֆարյանը տպավորիչ հաղթանակով դուրս եկավ քառորդ եզրափակիչ

2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը նվաճեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի ուղեգիր:

Երկրորդ գոտեմարտում 70 կգ քաշային Սաֆարյանը ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Էրմաչ Հասանովին: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4:1 հաշվով հաղթել էր հունգարացի Նորբերտ Լուկաշին: Կիսաեզրափակիչի ուղեգիրը Դավիթ Սաֆարյանը կվիճարկի բելառուս Ադամ Բատիրովի հետ: 33-ամյա Բատիրովը 2004-ին եւ 2009-ին արծաթե մեդալակիր է դարձել Եվրոպայի առաջնությունում, իսկ 2011-ին նվաճել է բրոնզե մեդալ: 2016-ին նա դարձել է նաեւ Բահրեյնում կայացած Ասիայի առաջնության հաղթող:

Նախօրեին պայքարի մեջ մտած ու մեկնարկային փուլում պարտություն կրած Միհրան Ջաբուրյանը (57 կգ) հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ հայ ըմբիշին 10:0 հաշվով հաղթած ռուսաստանցի Զավուր Ուգուեւը դուրս է եկել եզրափակիչ: Առաջին սփոփիչ գոտեմարտում Ջաբուրյանը 3:6 հաշվով պարտվեց կուբացի Անդրեու Օրտեգային եւ լքեց պայքարը:

Հոկտեմբերի 22-ին պայքարի մեջ է մտել նաեւ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Գեորգի Կետոեւը (97 կգ), որը որակավորման փուլում պարտվել է ղազախ Մամեդ Իբրագիմովին (2:2) եւ դուրս մնացել պայքարից: Եթե Մամեդ Իբրագիմովը հասներ եզրափակիչ, Կետոեւը հնարավորություն կստանար պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն ղազախ ըմբիշը հաջորդ փուլում 3:14 հաշվով պարտվել է Ռիո-2016 օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Աբդուլրաշիդ Սադուլաեւին:

Հիշեցնենք, որ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես էին եկել նաեւ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը  (74 կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), որոնք մեդալ չէին նվաճել: Գրիգորյանը 2 հաղթանակներից հետո պարտություն էր կրել քառորդ եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում