10:35  ,  17 հոկտեմբերի, 2018

ՖԱՖ-ը հրապարակել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ հանդիպման լուսանկարներ (ֆոտո)

Հայաստան – Մակեդոնիա ֆուտբոլի Ազգերի լիգայի չորրորդ տուրի հանդիպումից հետո ՖԱՖ երկրպագուական շարժման մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ հանդիպման լուսանկարներ: Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում:

«Մեկ բռունցք, մեկ ընտանիք: Շնորհակալ ենք ուրախություն պարգևելու համար»,- նշված է լուսանկարի վերնագրում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մակեդոնացիների դեմ հանդիպման հետխաղյա ասուլիսում նշել էր, որ երկրպագուների հետ հանդիպումը եւս ազդեցություն է ունեցել այս խաղի վրա

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը խփել էր 4 անպատասխան գոլ՝ տանելով առաջին հաղթանակն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: Այդ հաղթանակից հետո հայկական թիմը վաստակեց 6 միավոր եւ երկրորդն է D դիվիզիոնի չորրորդ խմբում: Խմբի առաջատար Մակեդոնիան ունի 9 միավոր: Ջիբրալթարն ունի 6 միավոր, իսկ Լիխտենշտեյնը՝ 3:

Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին ու Լիխտենշտեյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով