15:34  ,  15 հոկտեմբերի, 2018

Իգոր Անգելովսկի. Չենք թերագնահատում Հայաստանի հավաքականին

Ֆուտբոլի Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին Երեւանում կայացած նախախաղային ասուլիսում խոսել է Հայաստանի դեմ Ազգերի լիգայի չորրորդ տուրի հանդիպման մասին:

«Կարեւոր չէ, որ Հայաստանի հավաքականը պարտվել է Ջիբրալթարին: Պատրաստվում ենք վաղվա խաղին եւ գիտենք, որ հայերը լավ թիմ ունեն: Կարծում եմ՝ Ջիբրալթարից կրած պարտությունն ավելի կմոտիվացնի Հայաստանի հավաքականին: Եվրոպայի առաջնությունը դեռ շատ հեռու է, եւ մենք մտածում ենք միայն վաղվա խաղի մասին եւ կփորձենք հասնել դրական արդյունքի: Մեր բոլոր խաղացողներն առողջ են ու պատրաստ են վաղվա խաղին, ինչի համար շատ ուրախ եմ: Չենք թերագնահատի մրցակցին: Կարծում եմ՝ հայերը շատ զայրացած ու մոտիվացված կլինեն վաղվա խաղում: Պետք է մտածենք, որ հավասար միավորներ ունենք Հայաստանի հետ: Դա առավելագույնը ստանալու միակ միջոցն է: Դիտել եմ Հայաստանի ու Ջիբրալթարի հանդիպումը: Հայերը խաղում էին նույն կերպ, ինչպես նախորդ մարզիչի օրոք էր»,- Իգոր Անգելովսկու խոսքը մեջբերում է gol.mk-ն:

Հիշեցնենք, որ Հայաստան - Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով եւ 9 միավորով գլխավորում են D դիվիզիոնի չորրորդ խումբը: Հայաստանի, Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 3-ական միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում