14:02  ,  10 սեպտեմբերի, 2018

Վարշավա. Կարապետ Չալյանը եզրափակիչում հաղթել է Արսեն Ջուլֆալակյանին

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Վլադիսլավ Պետլյանսկու անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում Հայաստանի թիմը նվաճել է 3 ոսկե եւ 3 արծաթե մեդալ:

77 կգ քաշային կարգի եզրափակիչը ստացվել է հայկական: Կարապետ Չալյանը 3:1 հաշվով հաղթել է Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանին:

Չալյանի ու Ջուլֆալակյանի միջեւ վերջին 3 գոտեմարտերում հաղթել է Կարապետը: Այս տարի նա  Արսեն Ջուլֆալակյանին հաղթել էր նաեւ Հայաստանի առաջնության եզրափակիչում ու Կիեւում կայացած միջազգային մրցաշարում:

Վարշավայում ոսկե մեդալակիր էին դարձել նաեւ Նորայր Հակոբյանը (55 կգ) եւ Սլավիկ Գալստյանը (63 կգ):

Գեւորգ Ղարիբյանը եւ (60 կգ) եւ Կարեն Ասլանյանը (67 կգ) նվաճել են արծաթե մեդալ: Եզրափակիչում Ղարիբյանը 2:10 հաշվով պարտվել է չինացի Էրբատո Տուոյին, իսկ Ասլանյանը պարտություն է կրել Լեհաստանը ներկայացնող Գեւորգ Սահակյանից (3:7):

Հիշեցնենք, որ Վարշավայի մրցաշարում հանդես էր եկել նաեւ Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Գյումրեցի ըմբիշը բրոնզե մեդալը պետք է վիճարկեր Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախիլաշվիլու հետ, սակայն վնասվածքի պատճառով չէր ներկայացել գոտեմարտին:

97 կգ քաշային կարգում Ալեքսանյանը 2 հաղթանակներից հետո կիսաեզրափակիչում տուշեով պարտվել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թրեյսի Հանկակին, որը եզրափակիչում 7:0 հաշվով հաղթել է բուլղարացի Նիկոլայ Նիկոլաեւ Բայրյակովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում