01:17  ,  9 սեպտեմբերի, 2018

Վարշավա. Հայ ըմբիշները նվաճել են 2 ոսկե մեդալ, Արթուր Ալեքսանյանը չի մասնակցել մեդալային գոտեմարտին

Հայաստանի ներկայացուցիչներ Նորայր Հակոբյանը (55 կգ) եւ Սլավիկ Գալստյանը (63 կգ) ոսկե մեդալակիր են դարձել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող Վլադիսլավ Պետլյանսկու անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում:

55 կգ քաշային կարգի եզրափակիչում Նորայր Հակոբյանը 10:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել բուլղարացի Նեդյալկո Պետրովի նկատմամբ: Նույն քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Բրազիլիան ներկայացնող Սարգիս Խաչատրյանը:

63 կգ քաշայինների եզրափակիչում Սլավիկ Գալստյանը տուշեով հաղթել է բուլղարացի Նիկոլայ Վիչեւին:

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալը պետք է վիճարկեր Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախիլաշվիլու հետ, սակայն վնասվածքի պատճառով գյումրեցի ըմբիշը չի ներկայացել գոտեմարտին:

97 կգ քաշային կարգում Ալեքսանյանը 2 հաղթանակներից հետո կիսաեզրափակիչում տուշեով պարտվել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թրեյսի Հանկակին, որը եզրափակիչում 7:0 հաշվով հաղթել է բուլղարացի Նիկոլայ Նիկոլաեւ Բայրյակովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում