«Տխուր եմ, որ դեռեւս չունենք ոսկե մեդալ: Վտահ եմ, որ ունենալու ենք: Հավատում եմ դրան, այնպես ինչպես հավատում եմ իմ ուժերին: Երբ 2008-ին Եվրոպայի առաջնությունում սխալ գոտեմարտիս պատճառով կորցրեցի Բրոնզե մեդալս եւ զրկվեցի Պեկինի օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրից, այդ պահից իմ առջեւ նպատակ դրեցի` ամեն գնով հասնել Լոնդոնի օլիմպիական խաղերին եւ պարտադիր վերադառնալ մեդալով»:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչ 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը:
Մի քանի ժամ է մնացել նրա օլիմպիական մեկնարկին: Երեւանի ժամանակով 16:40-ին Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակիչում կգոտեմարտի հոնդուրասցի Էսկոբար Ամադորի հետ:
Միհրան սա քո առաջին օլիմպիական խաղերն են: Ի՞նչ տրամադրությամբ եւ ակնկալիքներով ես մեկնարկում:
Բարձր տրամադրությամբ եւ հոգեբանորեն պատրաստ եմ Օլիմպիական խաղերին: Սա իմ առաջին Օլիմպիական խաղերն են: Չգիտեմ, թե ինչ մեդալի ակնկալիք ունեմ: Միայն հույսեր ունեմ: Հանգիստ եւմ եւ վստահ իմ ուժերի վրա, քանի որ բոլոր մասնակիցներին ճանաչում եմ, բոլորի հնարավորություններին ծանոթ եմ, բոլորի հետ մրցել եմ` հաղթել եմ, պարտվել եմ: Երկար ժամանակ է արդեն այս մարզաձեւում եմ, շուրջ 20 տարի: Իսկ այս տարիները քիչ չեն, որ ես իմ հնարավորությունները ճանաչեմ:
Իսկ ի՞նչն է քեզ խանգարել մասնակցել նախորդ Օլիմպիական խաղերին:
20 տարվա մեջ սա իմ առաջին ամենալուրջ մրցումն է, որին պաատրաստվում եմ արդեն երկար ժամանակ: 2008 թվականին պետք է մասնակցեի Պեկինի Օլիմպիական խաղերին, բայց սխալ գոտեմարտ վարելու պատճառով բաց թողեցի թե Եվրոպայի բրոնզե մեդալը, թե օլիմպիադա մեկնելու իմ հնարավորությունը: Ամեն ինչ եղավ իմ սխալից: Այդ ժամանակ ես իմ առջեւ նպատակ դրեցի հաջորդ Օլիմպիական խաղերում պարտադիր ունենալ մասնակցություն, այն էլ` հաղթական մասնակցություն: Կարծում եմ այդպես էլ կլինի:
Հետեւում ես Օլիմպիական խաղերին եւ մեր օլիմպիականների ելույթներին: Պարտությունները քեզ հիասթափեցնո՞ւմ են:
Տխրեցնում են: Այն էլ` այն պատճառով, որ դեռեւս չունենք ոսկե մեդալ: Վտահ եմ, որ մենք ունենալու ենք ոսկե մեդալ: Հավատում եմ դրան, այնպես ինչպես հավատում եմ իմ ուժերին:
Հավատում ես ոկսե մեդալ նվաճելու անխուսափելիությանը: Ո՞վ է այդ հավատը քեզ ներշնչում:
Միայն ես ինքս ինձ: Ես հավատում եմ ինձ եւ իմ ուժերին: Ոգեշնչում եմ ինձ, քանի որ ինձանից լավ իմ հնարավորությունները ոչ ոք չգիտի:
Ի՞նչ ես մտածում գորգ մտնելիս: Ո՞րն է լինում գերիշխող միտքը:
Հաղթանակով գորգից հեռանալը: Գոտեմարտի ընթացքում ամեն վայրկյան ուղեղումս պտտվում է մրցակցին տապալելու միտքը, թե ինչ հնարք օգտագործեմ: Երբ ես եմ պարտվում, դա համարում եմ իմ սխալը, քանի որ ես գիտեմ, թե ինչի եմ ընդունակ: Ես գիտեմ, որ ես կարող եմ տապալել յուրաքանչյուր մրցակցի:
Իսկ կա՞ այն միակ աղջիկը, ում մասին մտածում ես գոտեմարտի ընթացքում:
Դեռ ոչ: Դեռ չկա այն մեկը, ում մասին կմտածեմ, ում կնվիրեմ գոտեմարտերս եւ հաղթանակներս: Բայց Օլիմպիական խաղերից հետո կլինի: Ամեն ինչ թողել եմ Խաղերից հետո:
Այս պահին մտածում եմ միայն ոսկե մեդալի մասին, հաջողություն ձեռք բերելու եւ հաղթանակով վերադառնալու մասին: Բայց որոշել եմ նաեւ հետոյի իմ նպատակը. գտնել իմ կյանքի ուղեկցին:
Օլիմպիական խաղերում ովքե՞ր են քո գլխավոր մրցակիցները:
Ուժեղ մրցակից են ռուսները: Կարելի է ասել` մենք գնում ենք ռուսների դեմ կռվելու: Մյուս ազգերի ներկայացուցիչները իրենց տվյալներով մեզանից առավել չեն: Իսկ ռուս ըմբիշները շատ հմուտ են: Նրանց հետ պետք է խելացի եւ մտածված գոտեմարտ վարել:
Մինչեւ մրցումները մնացել է շատ քիչ ժամանակ: Միտքս ամեն պահ զբաղված է: Քանի որ սա իմ առաջին Օլիմպիական խաղերն են, ուրիշ ոչնչի մասին չեմ կարողանում մտածել:
Զրուցեց Լուսինե Շահբազյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում