Օլիմպիական Միհրան Ջաբուրյան. Գնում ենք ռուսների դեմ կռվելու

04:16   10 օգոստոսի, 2012

«Տխուր եմ, որ դեռեւս չունենք ոսկե մեդալ: Վտահ եմ, որ ունենալու ենք: Հավատում եմ դրան, այնպես ինչպես հավատում եմ իմ ուժերին: Երբ 2008-ին Եվրոպայի առաջնությունում սխալ գոտեմարտիս պատճառով կորցրեցի Բրոնզե մեդալս եւ զրկվեցի Պեկինի օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրից, այդ պահից իմ առջեւ նպատակ դրեցի` ամեն գնով հասնել Լոնդոնի օլիմպիական խաղերին եւ պարտադիր վերադառնալ մեդալով»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչ 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը:

Մի քանի ժամ է մնացել նրա օլիմպիական մեկնարկին: Երեւանի ժամանակով 16:40-ին Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակիչում կգոտեմարտի հոնդուրասցի Էսկոբար Ամադորի հետ:

Միհրան սա քո առաջին օլիմպիական խաղերն են: Ի՞նչ տրամադրությամբ եւ ակնկալիքներով ես մեկնարկում:

Բարձր տրամադրությամբ եւ հոգեբանորեն պատրաստ եմ Օլիմպիական խաղերին: Սա իմ առաջին Օլիմպիական խաղերն են: Չգիտեմ, թե ինչ մեդալի ակնկալիք ունեմ: Միայն հույսեր ունեմ: Հանգիստ եւմ եւ վստահ իմ ուժերի վրա, քանի որ բոլոր մասնակիցներին ճանաչում եմ, բոլորի հնարավորություններին ծանոթ եմ, բոլորի հետ մրցել եմ` հաղթել եմ, պարտվել եմ: Երկար ժամանակ է արդեն այս մարզաձեւում եմ, շուրջ 20 տարի: Իսկ այս տարիները քիչ չեն, որ ես իմ հնարավորությունները ճանաչեմ:

Իսկ ի՞նչն է քեզ խանգարել մասնակցել նախորդ Օլիմպիական խաղերին:

20 տարվա մեջ սա իմ առաջին ամենալուրջ մրցումն է, որին պաատրաստվում եմ արդեն երկար ժամանակ: 2008 թվականին պետք է մասնակցեի Պեկինի Օլիմպիական խաղերին, բայց  սխալ գոտեմարտ վարելու պատճառով բաց թողեցի թե Եվրոպայի բրոնզե մեդալը, թե օլիմպիադա մեկնելու իմ հնարավորությունը: Ամեն ինչ եղավ իմ սխալից: Այդ ժամանակ ես իմ առջեւ նպատակ դրեցի հաջորդ Օլիմպիական խաղերում պարտադիր ունենալ մասնակցություն, այն էլ` հաղթական մասնակցություն: Կարծում եմ այդպես էլ կլինի:

Հետեւում ես Օլիմպիական խաղերին եւ մեր օլիմպիականների ելույթներին:  Պարտությունները քեզ հիասթափեցնո՞ւմ են:

Տխրեցնում են: Այն էլ` այն պատճառով, որ դեռեւս չունենք ոսկե մեդալ: Վտահ եմ, որ մենք ունենալու ենք ոսկե մեդալ: Հավատում եմ դրան, այնպես ինչպես հավատում եմ իմ ուժերին:

Հավատում ես ոկսե մեդալ նվաճելու անխուսափելիությանը: Ո՞վ է այդ հավատը քեզ ներշնչում:

Միայն ես ինքս ինձ: Ես հավատում եմ ինձ եւ իմ ուժերին: Ոգեշնչում եմ ինձ, քանի որ ինձանից լավ իմ հնարավորությունները ոչ ոք չգիտի:

Ի՞նչ ես մտածում գորգ մտնելիս: Ո՞րն է լինում գերիշխող միտքը:

Հաղթանակով գորգից հեռանալը: Գոտեմարտի ընթացքում ամեն վայրկյան ուղեղումս պտտվում է մրցակցին տապալելու միտքը, թե ինչ հնարք օգտագործեմ: Երբ ես եմ պարտվում, դա համարում եմ իմ սխալը, քանի որ ես գիտեմ, թե ինչի եմ ընդունակ: Ես գիտեմ, որ ես կարող եմ տապալել յուրաքանչյուր մրցակցի:

Իսկ կա՞ այն միակ աղջիկը, ում մասին մտածում ես գոտեմարտի ընթացքում:

Դեռ ոչ: Դեռ չկա այն մեկը, ում մասին կմտածեմ, ում կնվիրեմ գոտեմարտերս եւ հաղթանակներս: Բայց Օլիմպիական խաղերից հետո կլինի: Ամեն ինչ թողել եմ Խաղերից հետո:

Այս պահին մտածում եմ միայն ոսկե մեդալի մասին, հաջողություն ձեռք բերելու եւ հաղթանակով վերադառնալու մասին: Բայց որոշել եմ նաեւ հետոյի իմ նպատակը. գտնել իմ կյանքի ուղեկցին:

Օլիմպիական խաղերում ովքե՞ր են քո գլխավոր մրցակիցները:

Ուժեղ մրցակից են ռուսները: Կարելի է ասել` մենք գնում ենք ռուսների դեմ կռվելու: Մյուս ազգերի ներկայացուցիչները իրենց տվյալներով մեզանից առավել չեն: Իսկ ռուս ըմբիշները շատ հմուտ են: Նրանց հետ պետք է խելացի եւ մտածված գոտեմարտ վարել:

Մինչեւ մրցումները մնացել է շատ քիչ ժամանակ: Միտքս ամեն պահ զբաղված է: Քանի որ սա իմ առաջին Օլիմպիական խաղերն են, ուրիշ ոչնչի մասին չեմ կարողանում մտածել:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.