22:53  ,  2 օգոստոսի, 2018

«Սուտյեսկայի» գլխավոր մարզիչ․ Գնդակը չէր ցանկանում հայտնվել «Ալաշկերտի» դարպասում

Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկայի» գլխավոր մարզիչ Նիկոլա Ռակոջեւիչը հետխաղյա ասուլիսում անդրադարձել է «Ալաշկերտի» հետ գոլազուրկ ոչ ոքին Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում, որի արդյունքում հայկական ակումբը դուրս եկավ հաջորդ փուլ:

«Պատասխան խաղում ավելի լավ խաղացինք, քան առաջին մրցավեճում։ Գնդակը, կարծես, չէր ցանկանում հայտնվել «Ալաշկերտի» դարպասում։ 2 խաղերում էր «Ալաշկերտը» սպասում էր մեր սխալին։ Դիմակայությունում մենք ավելի շատ սխալվեցինք։ Ծանոթ եմ «Կլուժի» խաղամակարդակին, հաջողություն եմ ցանկանում «Ալաշկերտին»։ Չեմ պատրաստվում հրաժարական տալ»,- նշել է Ռակոջեւիչը։

Հիշեցնենք, որ Չեռնոգորիայում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել էր նվազագույն հաշվով: Հայկական ակումբը հաջորդ փուլում կմրցի Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» հետ, որը Եվրոպայի լիգայում է հայտնվել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում շվեդական «Մալմյոյին» պարտվելուց հետո:

«Ալաշկերտի» ու «Կլուժի» միջեւ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղը կկայանա օգոստոսի 9-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, իսկ պատասխան հանդիպումը՝ մեկ շաբաթ անց Ռումինիայում:

Երեւանի «Փյունիկից» հետո «Ալաշկերտը» դարձավ հայկական ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ ակումբը, որը դուրս է գալիս եվրագավաթների մրցաշարի որակավորման երրորդ փուլ:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով