21:52  ,  31 հուլիսի, 2018

Պատմական արդյունքը գրանցվեց․ «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում է (ֆոտո)  

Եվրագավաթների պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ կունենա որակավորման երրորդ փուլում: Պատմական հաջողությունը գրանցեց Երեւանի «Փյունիկը», որը ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում 2 խաղերի արդյունքում հաղթահարեց ղազախական «Տոբոլի» արգելքը:

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած պատասխան խաղում հայկական ակումբը հաղթեց նվազագույն հաշվով: Դաշտի տերերի հաղթական գոլը 82-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի հարձակվող Մոհամեդ Կոնատեն։

Դիմակայությունում գրանցվեց 2:2 հաշիվը, եւ «Փյունիկը» հաջորդ փուլ դուրս եկավ մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ:

Երեւանյան հանդիպման առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով եւ անցավ հավասար պայքարում: Ընդմիջումից հետո «Փյունիկը» կերպարանափոխվեց եւ ավելի ակտիվ էր երկրորդ խաղակեսում: Հայկական ակումբն ակտիվությունը գոլի վերածեց 82-րդ րոպեին, երբ փոխարինման դուրս եկած Մոհամեդ Կոնատեն վճռեց հանդիպման ելքը:

Հիշեցնենք, որ Ղազախստանում կայացած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 1:2 հաշվով: Հաջորդ փուլում Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմը կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի արգելքը հաղթահարելուն մոտ է նաեւ Երեւանի «Ալաշկերտը», որն առաջին խաղում նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ է տարել Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկայի» նկատմամբ: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում

«Փյունիկ» - «Տոբոլ»՝ 1։0 (առաջին խաղ՝ 1:2)

Մոհամեդ Կոնատե, 82

Հեռացում՝ Պետրոս Ավետիսյան, 89 («Փյունիկ»)

«Փյունիկ». Անդրիա Դրագոեւիչ, Վյաչեսլավ Դմիտրիեւ, Մաքսիմ Ժեստոկով, Բորիս Կադիո, Սերոբ Գրիգորյան, Մաքսիմ Տրուսեւիչ, Վահագն Հայրապետյան, Ռումյան Հովսեփյան (Ալիկ Առաքելյան, 46), Դենիս Վոյնով (Մոհամեդ Կոնատե, 46), Պետրոս Ավետիսյան, Ռուսլան Կորյան (Ալբերտ Բոգատիրեւ, 76):

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով