09:09  ,  10 հունիսի, 2018

Բորիս Ելցինի թանգարանից՝ մինչեւ «Եկատերինբուրգ Արենա» ստադիոն. NEWS.am Sport- ի ռեպորտաժը Եկատերինբուրգից (ֆոտոշարք)

Ռուսաստանում հունիսի 14-ից հուլիսի 15-ը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող քաղաքներից ամենաարեւելյանը Եկատերինբուրգն է: NEWS.am Sport-ի թղթակիցը եղել է Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի ծննդավայրում եւ այցելել քաղաքի հետաքրքիր վայրերը:

Մեր թղթակիցը Եկատերինբուրգ է մեկնել «Росмолодежь»-ի Media expedition ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է տարբեր երկրների լրագրողների ու բլոգերների օգնությամբ ֆուտբոլային երկրպագուներին ներկայացնել ԱԱ-2018-ի քաղաքների դիտարժան վայրերը:

Եկատերինբուրգը Ռուսաստանի ամենակոմպակտ միլիոնանոց քաղաքն է, որտեղ կան բազմաթիվ գեղեցիկ շինություններ: Քաղաքի բնակչությունը մոտ 1.7 միլիոն է: Այստեղ կա նաեւ հայկական մեծ համայնք ու եկեղեցի:

Մենք Եկատերինբուրգ ժամանեցինք Կալինինգրադից: Եկատերինբուրգը մեզ դիմավորեց մռայլ ու անձրեւոտ եղանակով, սակայն հաջորդ օրն արեւոտ էր:

Եկատերինբուրգի ամենահայտնի վայրերից մեկը Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի թանգարանն է, որը գտնվում է «Ельцин-центр» կենտրոնում: 2015 թվականին բացված այս կենտրոնի շենքում կան խանութներ, բիզնես կենտրոններ, երեխաների համար նախատեսված խաղասրահներ ու այլ սրահներ, սակայն ամենահետաքրքիր մասը Բորիս Ելցինի թանգարանի հատվածն է: Թանգարանում կան Ելցինի 2 մեքենաները, նրա նախկին աշխատասենյակը Մոսկվայում, միջուկային զենքի պայուսակը եւ այլ հետաքրքիր իրեր: Այստեղ մեզ ուղեկցում էր թանգարանի տնօրեն Դինա Սոկորինան: Բորիս Ելցինը քաղաքական կարիերան սկսել է հենց Եկատերինբուրգում:

Այնուհետեւ մենք ուղեւորվեցինք «Եկատերինբուրգ Արենա» ստադիոն, որտեղ անցկացվելու են աշխարհի առաջնության խմբային փուլի 4 հանդիպումներ՝ Եգիպտոս – Ուրուգվայ (հունիսի 15), Ֆրանսիա - Պերու (հունիսի 21), Ճապոնիա – Սենեգալ (հունիսի 24), Մեքսիկա – Շվեդիա (հունիսի 27): Սպասվում է, որ ԱԱ-2018-ի համար Եկատերինբուրգ է ժամանելու մոտ 60 հազար ֆուտբոլային երկրպագու:

Այս ստադիոնը կառուցվել է 1953-1957 թվականներին եւ սկզբում կոչվում էր «Կենտրոնական» ստադիոն, իսկ աշխարհի առաջնության համար անվանափոխվել է: Այստեղ տնային հանդիպումներն է անցկացնում Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Ուրալը»: Ստադիոնը 2 անգամ վերակառուցվել է, առաջինը՝ 2006-2011 թվականներին: Երբ հայտնի դարձավ, որ աշխարհի առաջնությունն անցկացվելու է Ռուսաստանում, «Եկատերինբուրգ Արենան» վերակառուցվեց երկրորդ անգամ (2014-2018 թվականներին): Վերջին վերակառուցումից հետո ստադիոնը հյուրընկալելու է 35 696 երկրպագու: Սակայն կա մի հետաքրքիր փաստ, որ ԱԱ-2018-ից հետո «Եկատերինբուրգ Արենան» ունենալու է 25 հազար աթոռ: Ստադիոնում ավելացվել են լրացուցիչ տրիբունաներ, որոնք հեռացվելու են աշխարհի առաջնությունից հետո:

«Եկատերինբուրգ Արենան» քաղաքի ամենամեծ մարզական կառույցն է: Մինչեւ վերակառուցումն այս ստադիոնում անցկացվել են նաեւ այլ մարզաձեւերի միջացոռումներ, իսկ հիմա «Եկատերինբուրգ Արենան» միայն ֆուտբոլային ստադիոն է: «Եկատերինբուրգ Արենայի» վերջին վերակառուցումից հետո ստադիոնի բացման խաղը կայացել է ապրիլի 15-ին, երբ «Ուրալը» 2:1 հաշվով հաղթել է Մոսկվայի «Սպարտակին»: Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն այդ խաղում «Ուրալի» մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման, իսկ Էդգար Մանուչարյանը մնացել էր դաշտի տերերի փոխարինողների թվում:

Այնուհետեւ ուղեւորվեցինք «Россия – Моя история» պատմական կենտրոն: Այստեղ մենք ծանոթացանք Ռյուրիկովիչների (862-1599) եւ Ռոմանովների (1613-1917) դինաստիաների պատմությանը: Այս կենտրոնի այցելուները կարող ենք ծանոթանալ Ռուսաստանի տարբեր դարաշրջանների պատմությանը:

Մեր ուղեւորության հաջորդ կանգառն էր Եկատերինբուրգի գեղարվեստի թանգարանը, որտեղի գլխավոր զարդը Փարիզից բերված տաղավարն է: Այդ տաղավարը 1900 թվականին հաղթել է Փարիզում անցկացված միջազգային փառատոնում: Որպես կանոն՝ այցելուներին թույլ չեն տալիս մտնել տաղավարի մեջ, սակայն մեզ համար թանգարանի ղեկավարները բացառություն արեցին:

Դրանից հետո մենք եղանք Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանում, որտեղ նախ ծանոթացանք մարզական կենտրոնին, իսկ հետո մեր ուժերը փորձեցինք խոհարարական արվեստում: Համալսարանում կա խոհարարական կենտրոն, որտեղի մասնագետները մաստեր կլաս անցկացրին մեզ համար: Մենք նաեւ պատրաստեցինք մի քանի ռուսական ուտեստներ: Խոհարարների հետ մեր հանդիպումն անցավ լավ տրամադրությամբ, սակայն միայն բացասական կողմն այն էր, որ վերջում մեզ «ստիպեցին» ուտել մեր պատրաստած ուտեստները: Վերջում մենք ստացանք խոհարարական պատվոգրեր: Այս կենտրոնում մաստեր կլասի կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Մեր ուղեւորությունն ավարտվեց Եկատերինբուրգից 30 կմ հեռավորության վրա է գտնվող Սիսերտ փոքրիկ քաղաք: Սկզբում մենք եղանք «Бажовские места» ազգային պարկում, որն ամենամեծն է Ռուսաստանում: Այն ունի 11 տարվա պատմություն: Մենք շրջեցինք Ազգային պարկի միայն փոքր հատվածով, քանի որ այն ամբողջությամբ անցնելու համար անհրաժեշտ է մոտ 2 օր: Մեզ ուղեկցող գիդը նշեց, որ այս անտառի տարածքը հավասար է Ֆրանսիայի տարածքի կեսին:

Սիսերտում մենք եղանք նաեւ ճենապակու գործարանում, որն Ուրալի մարզի միակ արտադրությունն է: Այստեղ մենք մանրամասն ծանոթացանք ճենապակյա իրերի պատրաստման ընթացքին, ինչպես նաեւ մեր անզգուշության պատճառով հասցրեցինք կոտրել մի քանի իր: Գործարանի տարածքում կա նաեւ խանութ, որտեղ վաճառում են սեփական արտադրանքը:

Եկատերինբուրգը մեզ հաճելիորեն զարմացրեց իր գեղեցկությամբ: Աշխարհի առաջնության խաղերի համար այս քաղաք մեկնող երկրպագուները, միանշանակ, կունենան լավ տպավորություններ: Զարմանալի չէ, որ Եկատերինբուրգը Կազանի հետ պայքարում է Ռուսաստանի երրորդ մայրաքաղաքը դառնալու համար:

Դավիթ Եղիազարյան` Եկատերինբուրգից

Կարդացեք նաեւ՝ Ո՞ւր պետք է այցելել ԱԱ-2018-ի քաղաքներում. NEWS.am Sport-ի ռեպորտաժը՝ Կալինինգրադից 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով