09:15  +04,  5 հունիսի, 2018

Ո՞ւր պետք է այցելել ԱԱ-2018-ի քաղաքներում. NEWS.am Sport-ի ռեպորտաժը՝ Կալինինգրադից (ֆոտոշարք)

Ռուսաստանում հունիսի 14-ից հուլիսի 15-ը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող քաղաքներից մեկը Կալինինգրադն է: NEWS.am Sport-ի ռեպորտաժը Կալինինգրադից կպատմի, թե ԱԱ-2018-ին մեկնել ցանկացող երկրպագուները ինչ դիտարժան վայրերը պետք է այցելեն այս քաղաքում:

Մեր թղթակիցը Կալինինգրադ է մեկնել «Росмолодежь»-ի Media expedition ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է տարբեր երկրների լրագրողների ու բլոգերների օգնությամբ ֆուտբոլային երկրպագուներին ներկայացնել ԱԱ-2018-ի քաղաքների դիտարժան վայրերը: Մասնակիցները պետք է ընտրեին 2 քաղաքներ, որտեղ անցկացվելու են աշխարհի առաջնության վայրերը:

Կալինինգրադում աշխարհի առաջնության նախաշեմին անվտանգության համակարգն աշխատում է ավելի խիստ ռեժիմով: Օդանավակայանում, տեսնելով արտասահմանցիներից կազմված մեր խումբը, Ռուսաստանի միգրացիոն ծառայություն աշխատակիցները վերցրեցին մեր անձնագրերը եւ թույլ տվեցին օդանավակայանից դուրս գալ միայն բոլորի անձնական տվյալները ստուգելուց հետո:

Մինչեւ Կալինինգրադի դիտարժան վայրերին անցնելը, նշենք այս քաղաքի 3 գլխավոր առանձնահատկությունները: Կալինինգրադն աշխարհի առաջնության քաղաքներից միակն է, որը ցամաքային սահման չունի Ռուսաստանի հետ: Հարեւանությամբ գտնվում են Լեհաստանն ու Լիտվան, ինչպես նաեւ Բալթիկ ծովը: Կալինինգրադի մարզը Ռուսաստանի ամենափոքր մարզն է, ինչպես նաեւ այս քաղաքը ամենաարեւմտյան կետն է Ռուսաստանում: Կալինինգրադը մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը եղել է գերմանական քաղաք եւ կոչվել է Կյոնիգսբերգ:

Մեր ուղեւորությունը սկսվեց «Բունկեր» թանգարանից, որը պատմական վայր է այս քաղաքի համար: Հենց այդ վայրում է 1945 թվականի ապրիլի 9-ին ընդունվել Կալինինգրադում (այն ժամանակ Կյոնիգսբերգ) ռազմական գործողությունների դադարեցման եւ քաղաքը Ռուսաստանին հանձնելու որոշումը:

7 մետր խորության վրա գտնվող բունկերն ունի 42 մետր երկարություն ու 15 մետր լայնություն: Այստեղից գերմանացի գեներալները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կառավարել են իրենց զորքերը: Թանգարանի նմուշների մի մասը հայտնաբերվել է տարիների ընթացքում:

Այնուհետեւ ուղեւորվեցինք «Музей Мирового океана» թանգարան: Այստեղ մենք եղանք «Витязь» նավի ներսում ու «B-413» սուզանավում: 1939 թվականին կառուցված նավը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել տարբեր տարիների, իսկ ներսում շատ հատվածներ ենթարկվել են ռեստավրացիայի: «B-413» սուզանավում պահպանվել է բոլոր սարքերի մոտ 90 տոկոսը:

Այնուհետեւ մենք ուղեւորվեցինք «Կալինինգրադ» ստադիոն, որտեղ անցկացվելու են ԱԱ-2018-ի խմբային փուլի 4 հանդիպումներ՝ Խորվաթիա – Նիգերիա (հունիսի 16), Սերբիա – Շվեյցարիա (հունիսի 22), Իսպանիա – Մարոկկո (հունիսի 25) եւ Անգլիա – Բելգիա (հունիսի 28): «Կալինինգրադ» ստադիոնի շինարարական աշխատանքները սկսվել են 2015 թվականի հուլիսին եւ ավարտվել 2017 թվականի նոյեմբերին: Հատկանշական է, որ մինչեւ շինարարական աշխատանքները ստադիոնի տարածքում եղել է ճահիճ: Այժմ ստադիոնը 4 կողմից շրջափակված է ջրով:

2018 թվականի ապրիլի 11-ին այստեղ անցկացվել է բացման հանդիպումը, որում մրցել են Կալինինգրադի «Բալթիկան» ու Սամարայի «Կռիլյա Սովետովը»: Նվազագույն հաշվով հաղթել են դաշտի տերերը, իսկ խաղին ներկա է եղել 14 926 երկրպագու:

 

Երեկոյան ստադիոնի լույսերի գույները փոխվում են: Նախապես ծրագրված է եղել, որ «Կալինինգրադը» պետք է ունենա 45 հազար աթոռ, սակայն ավելի ուշ որոշում է կայացվել կառուցել 35 հազարանոց ստադիոն: Ստադիոն մուտք գործել չհաջողվեց, քանի որ ԱԱ-2018-ի բոլոր ստադիոններն արդեն գտնվում են ՖԻՖԱ-ի ենթակայության տակ:

Այնուհետեւ մենք եղանք նաեւ Մայր տաճարում, որտեղ գտնվում է գերմանացի հայտնի փիլիսոփա Իմանուիլ Կանտի գերեզմանը եւ թանգարանը: Կանտն ամբողջ կյանքն ապրել է Կյոնիգսբերգում, որտեղ շատ են նաեւ նրա հուշարձանները: Գերմանիայում նա եղել է դասական փիլիսոփայության նախահայրը, իսկ Կալինինգրադում բոլորը ճանաչում են նրա:

Կալինինգրադում մեր ուղեւորության առաջին օրն ավարտվեց այցելությամբ քաղաքի փարոս: Այս փարոսի առաջին եւ երկրորդ հարկում գործում է ռեստորեն, որտեղ կարելի է համտեսել համեղ ուտեստներ: Փարոսի ներսում կա նաեւ խանութ, որտեղ վաճառվում են տարբեր հուշանվերներ: Փարոս այցելում են բազմաթիվ զբոսաշրջիկներ:

Հաջորդ օրը մենք ուղեւորվեցինք «Куршская коса» թերակղզի, որտեղ կան մի շարք դիտարժան վայրեր: Այս կղզու մի հատվածը գտնվում է Ռուսաստանի սահմանում, մյուսը՝ Լիտվայի: «Куршская коса»-ի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ թերակղզին մի կողից շրջապատված է Բալթիկ ծովով, իսկ մյուս կողմից՝ «Կուրշկիյ» ծովածոցով: Ծովն ու ծովածոցն իրար հատվում են Լիտվայի տարածքում:

Թերակղզում մենք առաջինն այցելեցինք Fringilla դաշտային ստացիոնար, որտեղ տեղադրված են թռչունների համար նախատեսված հսկայական թակարդներ: «Куршская коса» թերակղզով աշնան ամիսներին օրական անցում են մինչեւ 2 միլիոն թռչուններ: Բռնելով թռչուններին՝ այստեղի մասնագետները ուսումնասիրում են դրանց, մատանիներ են տեղադրում ոտքին եւ բաց թողնում: Այդպես հնարավոր է լինում իմանալ, թե մինչեւ որ երկրներ են հասնում այդ թռչունները: Fringilla-ում երբեմն հանգրվանում են այլ հետազոտական կենտրոններում եղած թռչուններ:

Հաջորդը մենք եղանք «Высота Мюллера» եւ «Высота Эфа» բարձունքներում: «Մյուլերի բարձունքում» տեղի ունեցավ մի ուշագրավ միջադեպ: Մենք մեզ ուղեկցող գիդին հարցրեցինք, թե ինչ է Մյուլերի անունը, սակայն նա չգիտեր, իսկ ավելի ուշ հայտնեց, որ նրա անունը հայտնի չէ ոչ ոքի: Մյուլերն այն մարդն է, որ մշակել է այդ բարձունքում ծառեր տնկելու նախագիծը, իսկ մինչեւ այդ բլուրի վրա եղել է միայն ծովափնյա ավազ:

Վերջում մենք այցելեցինք «Танцующий лес» (պարող անտառ): Անտառի այս հատվածը ստացել է «պարող» անվանումը, քանի որ ծառերի ներքեւի հատվածը շրջանաձեւ է: Մինչեւ օրս հստակ հայտնի չէ, թե ինչու են ծառերը ստացել այդպիսի տեսք:

«Պարող անտառից» դուրս գալուց հետո մենք եղանք նաեւ Բալթիկ ծովի լողափներից մեկում, որտեղ կային բազմաթիվ մարդիկ: Ջրի սառնության պատճառով լողանալու «համարձակություն» չունեցանք, սակայն տպավորված էինք այս լողափի անհավանական մաքուր ավազով:

Հեռանալով «Куршская коса» թերակղզուց՝ մենք ուղեւորվեցինք «Սաթի թանգարան» (Музей янтаря), որտեղ տեսանք այդ նյութից պատրաստված բազմաթիվ զարդեր: Թանգարանը գտնվում է մի աշտարակում, որը կառուցվել է 1853 թվականին: Թանգարանի բացումը տեղի է ունեցել 1979 թվականին: Աշխարհում սաթի ամենամեծ հավաքածուն Ռուսաստանում է, որտեղ կան այս զարդի մոտ 6000 տեսակներ: Ընդհանրապես, աշխարհում գտնվող ամբողջ սաթի 90 տոկոսը մշակվել եւ արտահանվել է Կալինինգրադից:

Կալինիգրադում մեր ուղեւորությունը եզրափակվեց 5-ակի օլիմպիական չեմպիոն, 19-ակի աշխարհի ու 12-ակի Եվրոպայի չեպիոն, ռուս գեղալողորդ Նատալյա Իշչենկոյի հետ: Մասնակիցները հարցեր ուղղեցին կարիերան ավարտած 32-ամյա մարզուհուն, որը Կալինինգրադում աշխարհի առաջնության դեսպանն է: Հանդիպման կազմակերպիչներից էր Կալինինգրադի մարզի «Երիտասարդության կենտրոնի» պետական հաստատության տնօրեն Սուրեն Մանուկյանը, որը նաեւ Կալինինգրադում ԱԱ-2018-ի կամավորների խմբի ղեկավարն է:

Media expedition ծրագրի բոլոր մասնակիցները հիացած էին Կալինինգրադի գեղեցկությամբ ու դիտարժան վայրերով եւ քաղաքից հեռացան հրաշալի տպավորություններով: Իսկ ես ինքս ինձ խոստացա, որ անպայման վերադառնալու եմ այս քաղաք:

Դավիթ Եղիազարյան՝ Կալինինգրադից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Լրահոս