09:09 10 հունիսի, 2018Ռուսաստանում հունիսի 14-ից հուլիսի 15-ը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող քաղաքներից ամենաարեւելյանը Եկատերինբուրգն է: NEWS.am Sport-ի թղթակիցը եղել է Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի ծննդավայրում եւ այցելել քաղաքի հետաքրքիր վայրերը:
Մեր թղթակիցը Եկատերինբուրգ է մեկնել «Росмолодежь»-ի Media expedition ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է տարբեր երկրների լրագրողների ու բլոգերների օգնությամբ ֆուտբոլային երկրպագուներին ներկայացնել ԱԱ-2018-ի քաղաքների դիտարժան վայրերը:
Եկատերինբուրգը Ռուսաստանի ամենակոմպակտ միլիոնանոց քաղաքն է, որտեղ կան բազմաթիվ գեղեցիկ շինություններ: Քաղաքի բնակչությունը մոտ 1.7 միլիոն է: Այստեղ կա նաեւ հայկական մեծ համայնք ու եկեղեցի:
Մենք Եկատերինբուրգ ժամանեցինք Կալինինգրադից: Եկատերինբուրգը մեզ դիմավորեց մռայլ ու անձրեւոտ եղանակով, սակայն հաջորդ օրն արեւոտ էր:
Եկատերինբուրգի ամենահայտնի վայրերից մեկը Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի թանգարանն է, որը գտնվում է «Ельцин-центр» կենտրոնում: 2015 թվականին բացված այս կենտրոնի շենքում կան խանութներ, բիզնես կենտրոններ, երեխաների համար նախատեսված խաղասրահներ ու այլ սրահներ, սակայն ամենահետաքրքիր մասը Բորիս Ելցինի թանգարանի հատվածն է: Թանգարանում կան Ելցինի 2 մեքենաները, նրա նախկին աշխատասենյակը Մոսկվայում, միջուկային զենքի պայուսակը եւ այլ հետաքրքիր իրեր: Այստեղ մեզ ուղեկցում էր թանգարանի տնօրեն Դինա Սոկորինան: Բորիս Ելցինը քաղաքական կարիերան սկսել է հենց Եկատերինբուրգում:
Այնուհետեւ մենք ուղեւորվեցինք «Եկատերինբուրգ Արենա» ստադիոն, որտեղ անցկացվելու են աշխարհի առաջնության խմբային փուլի 4 հանդիպումներ՝ Եգիպտոս – Ուրուգվայ (հունիսի 15), Ֆրանսիա - Պերու (հունիսի 21), Ճապոնիա – Սենեգալ (հունիսի 24), Մեքսիկա – Շվեդիա (հունիսի 27): Սպասվում է, որ ԱԱ-2018-ի համար Եկատերինբուրգ է ժամանելու մոտ 60 հազար ֆուտբոլային երկրպագու:
Այս ստադիոնը կառուցվել է 1953-1957 թվականներին եւ սկզբում կոչվում էր «Կենտրոնական» ստադիոն, իսկ աշխարհի առաջնության համար անվանափոխվել է: Այստեղ տնային հանդիպումներն է անցկացնում Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Ուրալը»: Ստադիոնը 2 անգամ վերակառուցվել է, առաջինը՝ 2006-2011 թվականներին: Երբ հայտնի դարձավ, որ աշխարհի առաջնությունն անցկացվելու է Ռուսաստանում, «Եկատերինբուրգ Արենան» վերակառուցվեց երկրորդ անգամ (2014-2018 թվականներին): Վերջին վերակառուցումից հետո ստադիոնը հյուրընկալելու է 35 696 երկրպագու: Սակայն կա մի հետաքրքիր փաստ, որ ԱԱ-2018-ից հետո «Եկատերինբուրգ Արենան» ունենալու է 25 հազար աթոռ: Ստադիոնում ավելացվել են լրացուցիչ տրիբունաներ, որոնք հեռացվելու են աշխարհի առաջնությունից հետո:
«Եկատերինբուրգ Արենան» քաղաքի ամենամեծ մարզական կառույցն է: Մինչեւ վերակառուցումն այս ստադիոնում անցկացվել են նաեւ այլ մարզաձեւերի միջացոռումներ, իսկ հիմա «Եկատերինբուրգ Արենան» միայն ֆուտբոլային ստադիոն է: «Եկատերինբուրգ Արենայի» վերջին վերակառուցումից հետո ստադիոնի բացման խաղը կայացել է ապրիլի 15-ին, երբ «Ուրալը» 2:1 հաշվով հաղթել է Մոսկվայի «Սպարտակին»: Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն այդ խաղում «Ուրալի» մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման, իսկ Էդգար Մանուչարյանը մնացել էր դաշտի տերերի փոխարինողների թվում:
Այնուհետեւ ուղեւորվեցինք «Россия – Моя история» պատմական կենտրոն: Այստեղ մենք ծանոթացանք Ռյուրիկովիչների (862-1599) եւ Ռոմանովների (1613-1917) դինաստիաների պատմությանը: Այս կենտրոնի այցելուները կարող ենք ծանոթանալ Ռուսաստանի տարբեր դարաշրջանների պատմությանը:
Մեր ուղեւորության հաջորդ կանգառն էր Եկատերինբուրգի գեղարվեստի թանգարանը, որտեղի գլխավոր զարդը Փարիզից բերված տաղավարն է: Այդ տաղավարը 1900 թվականին հաղթել է Փարիզում անցկացված միջազգային փառատոնում: Որպես կանոն՝ այցելուներին թույլ չեն տալիս մտնել տաղավարի մեջ, սակայն մեզ համար թանգարանի ղեկավարները բացառություն արեցին:
Դրանից հետո մենք եղանք Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանում, որտեղ նախ ծանոթացանք մարզական կենտրոնին, իսկ հետո մեր ուժերը փորձեցինք խոհարարական արվեստում: Համալսարանում կա խոհարարական կենտրոն, որտեղի մասնագետները մաստեր կլաս անցկացրին մեզ համար: Մենք նաեւ պատրաստեցինք մի քանի ռուսական ուտեստներ: Խոհարարների հետ մեր հանդիպումն անցավ լավ տրամադրությամբ, սակայն միայն բացասական կողմն այն էր, որ վերջում մեզ «ստիպեցին» ուտել մեր պատրաստած ուտեստները: Վերջում մենք ստացանք խոհարարական պատվոգրեր: Այս կենտրոնում մաստեր կլասի կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Մեր ուղեւորությունն ավարտվեց Եկատերինբուրգից 30 կմ հեռավորության վրա է գտնվող Սիսերտ փոքրիկ քաղաք: Սկզբում մենք եղանք «Бажовские места» ազգային պարկում, որն ամենամեծն է Ռուսաստանում: Այն ունի 11 տարվա պատմություն: Մենք շրջեցինք Ազգային պարկի միայն փոքր հատվածով, քանի որ այն ամբողջությամբ անցնելու համար անհրաժեշտ է մոտ 2 օր: Մեզ ուղեկցող գիդը նշեց, որ այս անտառի տարածքը հավասար է Ֆրանսիայի տարածքի կեսին:
Սիսերտում մենք եղանք նաեւ ճենապակու գործարանում, որն Ուրալի մարզի միակ արտադրությունն է: Այստեղ մենք մանրամասն ծանոթացանք ճենապակյա իրերի պատրաստման ընթացքին, ինչպես նաեւ մեր անզգուշության պատճառով հասցրեցինք կոտրել մի քանի իր: Գործարանի տարածքում կա նաեւ խանութ, որտեղ վաճառում են սեփական արտադրանքը:
Եկատերինբուրգը մեզ հաճելիորեն զարմացրեց իր գեղեցկությամբ: Աշխարհի առաջնության խաղերի համար այս քաղաք մեկնող երկրպագուները, միանշանակ, կունենան լավ տպավորություններ: Զարմանալի չէ, որ Եկատերինբուրգը Կազանի հետ պայքարում է Ռուսաստանի երրորդ մայրաքաղաքը դառնալու համար:
Դավիթ Եղիազարյան` Եկատերինբուրգից
Կարդացեք նաեւ՝ Ո՞ւր պետք է այցելել ԱԱ-2018-ի քաղաքներում. NEWS.am Sport-ի ռեպորտաժը՝ Կալինինգրադից
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.