03:48  ,  6 օգոստոսի, 2012

Հռիփսիմե Խուրշուդյան. Մեր տղաների եւ Մելինեի պարտությունները պարտավորեցրին պայքարել ուժերիցս առավել

Ես շատ էի ցանկանում կոտրել հայկական ծանրամարտում առաջացած սառույցը: Ինձ մեր տղաների եւ Մելինեի պարտությունները պարտավորեցրին, որ պայքարեմ, նույնիսկ, իմ ուժերից առավել, 30-րդ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը նվաճելուց հետո NEWS.am Sport-ի հետ զրույցում ասաց ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը: Հիշեցնենք, որ պոկում վարժությունում Հռիփսիմեն 128 կգ արդյունքով զբաղեցրեց չորրորդ տեղը: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 166 կգ եւ, երկամարտում հավաքելով 294 կգ, գրավեց երրորդ տեղը:

Հռիփսիմե,  NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ օլիմպիական բրոնզե մեդալի կապակցությամբ: Ի՞նչ զգացողություն էր ունեցար,  երբ հասկացար, որ բրոնզե մեդալը քոնն է:

Շնորհակալություն: Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում այսպիսի ուրախություն, այսպիսի ապրումներ չեմ ունեցել: Շատ եմ սպասել այս օրվան, մեդալի: 15 տարի մարզվել եմ, բայց այսպիսի հաջողություն չեմ ունեցել: Շատ ուրախ եմ: Պարզապես, երջանիկ եմ:

Հռիփսիմե, դու արեցիր այն, ի՞նչ չկարողացան անել մեր տղամարդ ծանրորդները: Ինչպե՞ս դա քեզ հաջողվեց:

Դա ստացվեց անկախ ամեն ինչից: Ես շատ էի ցանկանում կոտրել առաջացած սառույցը հայկական ծանրամարտում: Մեր տղաների եւ Մելինեի պարտությունները պարտավորեցրին ինձ պայքարել, նույնիսկ, իմ ուժերից առավել: Մեծ դժվարությամբ ես նվաճեցի մեդալը: Մեկ տարի առաջ աշխարհի առաջնության ժամանակ ձեռքերիս մկանների լուրջ վնասվածք ստացա: Վիրահատությունից հետո ես վերադարձա եւ ինձ հաջողվեց պարտության մատնել օլիմպիական չեմպիոնի: Այդ հաղթանակն իմ մեջ հավատ առաջացրեց, որ մի օր ես օլիմպիական պատվո հարթակին կկանգնեմ եւ ինձ կպարգեւատրեն մեդալով: Այսօր մրցման ժամանակ ես այդ ոգեշնչմամբ էի  պայքարում:

Ես ուրախ եմ իմ այսօրվա հաղթանակի, Հայաստանի դրոշը ծածանելու պատվի համար: Շնորհավորում եմ նաեւ Արսեն Ջուլֆալակյանին: Կարծում եմ` առաջին օրերի ձախողումները ետեւում են: Կուզենամ, որ հետագայում լինեն ոսկե մեդալներ:

Քո մրցակիցները բավական բարձր արդյունքներ էին ցույց  տալիս: Դա քեզ կաշկանդո՞ւմ էր:

Ոչ: Նրանք իրենց անձնական քաշով բավական ծանր էին: 30 կգ-ի առավելություն ունեին անձնական քաշում: Եթե ես էլ այդքան առավելություն ունենայի իմ անձնական քաշում, ապա միանշանակ կպայքարեի ոսկե մեդալի համար: Իրենք իրենց բարձր ցուցանիշներով օգնեցին, որպեսզի ես կարողանամ ավելի շատ բարձրացնել:

Երբ այսօր կանգնած էիր պատվո հարթակին, ի՞նչ ապրումներ ունեիր:

Մարմնովս դող էր անցնում: Կարծես` ես երազում լինեի: Ինքս ինձ կրկնում էի` արդյոք սա իրականություն է, արդյոք ես Օլիմպիական խաղերի մեդալակիր եմ: Այդ բրոնզն ինձ համար ոսկու գին ունի: Նույնիսկ մինչեւ հիմա չեմ հավատում, որ իմ երազանքն իրականացել է: Օլիմպիական պատվո հարթակին հնարավոր չէ զսպել ուրախության արցունքները: Դա աննկարագրելի զգացում է, որն ապրում ես կյանքում երեւի մեկ անգամ: Ես այնքան էի ուրախացել, որ մրցահարթակի ետնամասում արցունքներս աչքերիս, ուրախությունից գրկել էի մարզիչիս եւ պտտեցնում էի նրան:

Հռիփսիմե, դու բրոնզե մեդալը նվաճելուն պես, ուղիղ եթերում շնորհավորհանք հղեցիր: Ո՞ւմ էր ուղղված եւ ինչի՞ առթիվ էր:

Այո: Շնորհավորեցի ավագ քրոջս` Ամալյային: Նրա ծննդյան օրն է: Եվ ես խոստացել էի`մեդալ նվաճելու դեպքում, նրան նվիրել իմ հաղթանակը:

Իսկ քույրիկիցդ բացի, ո՞ւմ ես նվիրում մեդալդ:

Իմ հայ ազգին եւ իմ նշանածին: Միայն թե, նրա հետ դեռ չեմ զրուցել: Նա ինձ երկրպագել է Հայաստանից: Երբ գալիս էի Լոնդոն, ինձ ասաց. ես հավատում եմ քեզ, քո ուժերին, վստահ եմ, որ դու հաղթանակով ես վերադառնալու: Ես վերադառնում եմ հաղթանակով եւ հաղթանակս բերում եմ նրան:

Հռիփսիմե, խոսեցիր փեսացուիդ մասին: Ե՞րբ ես դառնալու նրա կինը: Եվ ամուսնանալուց հետո կշարունակե՞ս մարզական կարիերադ: Կտեսնե՞նք քեզ մյուս Օլիմպիական խաղերում:

Հավանաբար, կամուսնանամ այս տարվա վերջում: Բայց մարզական կարիերաս չեմ ընդհատի: Ես շարունակելու եմ զբաղվել ծանրամարտով, քանի որ դեռեւս իմ սպորտային կարիերայի գլխավոր նպատակակետին չեմ հասել: Դա օլիմպիական չեմպիոնի կոչումն է, Հայաստանին օլիմպիական ոսկե մեդալ նվիրելը:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս