03:48 6 օգոստոսի, 2012Ես շատ էի ցանկանում կոտրել հայկական ծանրամարտում առաջացած սառույցը: Ինձ մեր տղաների եւ Մելինեի պարտությունները պարտավորեցրին, որ պայքարեմ, նույնիսկ, իմ ուժերից առավել, 30-րդ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը նվաճելուց հետո NEWS.am Sport-ի հետ զրույցում ասաց ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը: Հիշեցնենք, որ պոկում վարժությունում Հռիփսիմեն 128 կգ արդյունքով զբաղեցրեց չորրորդ տեղը: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 166 կգ եւ, երկամարտում հավաքելով 294 կգ, գրավեց երրորդ տեղը:
Հռիփսիմե, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ օլիմպիական բրոնզե մեդալի կապակցությամբ: Ի՞նչ զգացողություն էր ունեցար, երբ հասկացար, որ բրոնզե մեդալը քոնն է:
Շնորհակալություն: Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում այսպիսի ուրախություն, այսպիսի ապրումներ չեմ ունեցել: Շատ եմ սպասել այս օրվան, մեդալի: 15 տարի մարզվել եմ, բայց այսպիսի հաջողություն չեմ ունեցել: Շատ ուրախ եմ: Պարզապես, երջանիկ եմ:
Հռիփսիմե, դու արեցիր այն, ի՞նչ չկարողացան անել մեր տղամարդ ծանրորդները: Ինչպե՞ս դա քեզ հաջողվեց:
Դա ստացվեց անկախ ամեն ինչից: Ես շատ էի ցանկանում կոտրել առաջացած սառույցը հայկական ծանրամարտում: Մեր տղաների եւ Մելինեի պարտությունները պարտավորեցրին ինձ պայքարել, նույնիսկ, իմ ուժերից առավել: Մեծ դժվարությամբ ես նվաճեցի մեդալը: Մեկ տարի առաջ աշխարհի առաջնության ժամանակ ձեռքերիս մկանների լուրջ վնասվածք ստացա: Վիրահատությունից հետո ես վերադարձա եւ ինձ հաջողվեց պարտության մատնել օլիմպիական չեմպիոնի: Այդ հաղթանակն իմ մեջ հավատ առաջացրեց, որ մի օր ես օլիմպիական պատվո հարթակին կկանգնեմ եւ ինձ կպարգեւատրեն մեդալով: Այսօր մրցման ժամանակ ես այդ ոգեշնչմամբ էի պայքարում:
Ես ուրախ եմ իմ այսօրվա հաղթանակի, Հայաստանի դրոշը ծածանելու պատվի համար: Շնորհավորում եմ նաեւ Արսեն Ջուլֆալակյանին: Կարծում եմ` առաջին օրերի ձախողումները ետեւում են: Կուզենամ, որ հետագայում լինեն ոսկե մեդալներ:
Քո մրցակիցները բավական բարձր արդյունքներ էին ցույց տալիս: Դա քեզ կաշկանդո՞ւմ էր:
Ոչ: Նրանք իրենց անձնական քաշով բավական ծանր էին: 30 կգ-ի առավելություն ունեին անձնական քաշում: Եթե ես էլ այդքան առավելություն ունենայի իմ անձնական քաշում, ապա միանշանակ կպայքարեի ոսկե մեդալի համար: Իրենք իրենց բարձր ցուցանիշներով օգնեցին, որպեսզի ես կարողանամ ավելի շատ բարձրացնել:
Երբ այսօր կանգնած էիր պատվո հարթակին, ի՞նչ ապրումներ ունեիր:
Մարմնովս դող էր անցնում: Կարծես` ես երազում լինեի: Ինքս ինձ կրկնում էի` արդյոք սա իրականություն է, արդյոք ես Օլիմպիական խաղերի մեդալակիր եմ: Այդ բրոնզն ինձ համար ոսկու գին ունի: Նույնիսկ մինչեւ հիմա չեմ հավատում, որ իմ երազանքն իրականացել է: Օլիմպիական պատվո հարթակին հնարավոր չէ զսպել ուրախության արցունքները: Դա աննկարագրելի զգացում է, որն ապրում ես կյանքում երեւի մեկ անգամ: Ես այնքան էի ուրախացել, որ մրցահարթակի ետնամասում արցունքներս աչքերիս, ուրախությունից գրկել էի մարզիչիս եւ պտտեցնում էի նրան:
Հռիփսիմե, դու բրոնզե մեդալը նվաճելուն պես, ուղիղ եթերում շնորհավորհանք հղեցիր: Ո՞ւմ էր ուղղված եւ ինչի՞ առթիվ էր:
Այո: Շնորհավորեցի ավագ քրոջս` Ամալյային: Նրա ծննդյան օրն է: Եվ ես խոստացել էի`մեդալ նվաճելու դեպքում, նրան նվիրել իմ հաղթանակը:
Իսկ քույրիկիցդ բացի, ո՞ւմ ես նվիրում մեդալդ:
Իմ հայ ազգին եւ իմ նշանածին: Միայն թե, նրա հետ դեռ չեմ զրուցել: Նա ինձ երկրպագել է Հայաստանից: Երբ գալիս էի Լոնդոն, ինձ ասաց. ես հավատում եմ քեզ, քո ուժերին, վստահ եմ, որ դու հաղթանակով ես վերադառնալու: Ես վերադառնում եմ հաղթանակով եւ հաղթանակս բերում եմ նրան:
Հռիփսիմե, խոսեցիր փեսացուիդ մասին: Ե՞րբ ես դառնալու նրա կինը: Եվ ամուսնանալուց հետո կշարունակե՞ս մարզական կարիերադ: Կտեսնե՞նք քեզ մյուս Օլիմպիական խաղերում:
Հավանաբար, կամուսնանամ այս տարվա վերջում: Բայց մարզական կարիերաս չեմ ընդհատի: Ես շարունակելու եմ զբաղվել ծանրամարտով, քանի որ դեռեւս իմ սպորտային կարիերայի գլխավոր նպատակակետին չեմ հասել: Դա օլիմպիական չեմպիոնի կոչումն է, Հայաստանին օլիմպիական ոսկե մեդալ նվիրելը:
Զրուցեց Լուսինե Շահբազյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.