18:10  +04,  17 մայիսի, 2018

MMA. Ի՞նչ է սպասվում Միհրան Հարությունյանի մասնակցությամբ Fight Nights Global-ի երեկոյին

NEWS.am Sport-ը շարունակում է Ռուսաստանի Ռոստով քաղաքից ներկայացնել մայիսի 19-ին կայանալիք Fight Nights Global-ի կազմակերպած մրցաշարը, որին մասնակցելու է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Ռիո-2016–ի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը:

Նրա առաջին մրցակիցը իրանցի Ալի Յուսեֆին է, որը խառը մենամարտերում անցկացրել է 9 մենամարտ՝ տանելով 6 հաղթանակ եւ կրելով 3 պարտություն:

Մայիսի 19-ին կայանալիք երեկոյի ընթացքում Fight Nights Global-ն անկցացնելու է 13 մենամարտ, որից 3-ը չեմպիոնական գոտիների համար:

Միհրան Հարությունյանի մենամարտ երեկոյի ընթացքում լինելու է 4-րդը: Ռոստովում բացի Միհրան Հարությունյանից, պայքարի մեջ կմտնեն եւս երկու հայ մարզիկներ՝ Դավիթ Խաչատրյանն ու Վլադիմիր Եգոյանը:

Fight Nights Global պրոմուտերական ընկերության կազմակերպած երեկոյի գլխավոր մենամարտը լինելու է MMA-ի առաջատար մարզիկ, Հայաստանը ներկայացնող Դավիթ Imperator Խաչատրյանի (24-3-0) մասնակցությամբ: Կիասածանր քաշային կարգի (93.0 կգ) չեմպիոնի գոտու համար Խաչատրյանը կպայքարի Իռնալդիայի խառը մենամարտերի աստղ Պիտեր The Showstopper Կուիլիի հետ (10-4-1):

Նույն քաշային կարգում չեմպիոնի գոտին կփորձի պաշտպանել բրազիլացի Ֆաբիո Մալդոնադոն՝ Ռուսաստանը ներկայացնող Նիկիտա Կռիլովի հետ մենամարտում:

Եվս մեկ չեմպիոնական մենամարտ կկայանա կիսամիջին քաշային կարգում (70.3), որտեղ չեմպիոնի գոտու համար կմրցեն բրազիլացի Ադրիանո Մարտինսը եւ ռուս Ալեքսանդր Շաբլին:

Վլադիմիր Եգոյանը ներկայացնում է Ռուսաստանը եւ մրցաշարում հանդես կգա թեթեւ քաշային կարգում: Վարկանիշային մենամարտում նա ուժերը կչափի Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Յանիշեւի հետ:

Հայ մարզասերների համար երեկոյի գլխավոր մենամարտը, թերեւս, օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի մենամարտն է: Սա հայ ըմբիշի նորամուտն է խառը մենամարտերում:

Միհրան Հարությունյանը մենամարտին պատրաստվել է 3 ամիս՝ մարզումներ անցկացնելով ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում:

Օլիմպիական փոխչեմպիոնն արդեն մրցավայրում է՝ Ռոստով քաղաքում: Նա Ժամանել է մայիսի 16-ին եւ արդեն հասցրել է մարզում անցկացնել, որին հետեւել է նաեւ NEWS.am Sport-ը:

Հայաստանից մեծ թվով երկրպագուներ են ժամանել Ռոստով, այդ թվում եւ Միհրան Հարությունյանի ընկերները, հարազատները: Այստեղ են նաեւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները՝ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, աշխարհի նախկին չեմպիոն Վաղինակ Գալստյանի գլխավորությամբ:

Fight Nights Global-ի կազմակերպած մրցաշարը տեղի կունենա մայիսի 19-ին Ռոստովի «КСК Экспресс» մարզապալատում ժամը 18:00-ին: NEWS.am Sport-ը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի Միհրան Հարությունյանի մենամարտը մրցավայրից:

Լուսինե Շահբազյան (Ռոստով)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ