09:10  ,  15 մայիսի, 2018

ԱԱ-2018-ի մասնակիցները. Պերուի հավաքական (ֆոտո)

Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից երկրորդը Պերուի հավաքականն է:

Հարավային Ամերիկայի կրկնակի չեմպիոնը աշխարհի առաջնություններին մասնակցել են 4 անգամ, առաջինը՝ 1930-ին: «Մունդիալներում» լավագույն արդյունքը եղել է 1970-ին ու 1978-ին, երբ թիմը հասել է մինչեւ քառորդ եզրափակիչ:

ԱԱ-2018-ի ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարում Պերուն գրավեց 5-րդ տեղը (հետ թողելով Ամերիկայի գավաթակիր Չիլիին) եւ ստացավ ացնումային խաղերի ուղեգիր: Աշխարհի առաջնության ուղեգրի համար անցումային խաղերում պերուացիներն ուժեղ գտնվեցին Նոր Զելանդիայի հավաքականից (0:0, 2:0)՝ դառնալով  ԱԱ-2018-ի վերջին մասնակիցը:

ԱԱ-2018-ի խմբային փուլում Պերուն C խմբում ուժերը չափելու է Ֆրանսիայի, Դանիայի ու Ավստրալիայի հավաքականների հետ: Հարավամերիկացիների առաջին խաղը նախատեսված է հունիսի 16-ին Սարանսկում, որտեղ մրցակիցը կլինի Դանիայի հավաքականը: Հունիսի 21-ին պերուացիները Եկետերինբուրգում կխաղան Ֆրանսիայի հավաքականի հետ, իսկ խմբային փուլը կավարտեն հունիսի 26-ին Սոչիում կայանալիք Ավստրալիայի դեմ խաղով: Մասնագետների կարծիքով՝ խմբի ընդգծված ֆավորիտն է Ֆրանսիայի հավաքականը, իսկ մյուս 3 թիմերը կպայքարեն երկրորդ ուղեգրի համար:

Գլխավոր աստղը

Պերուի հավաքականի գլխավոր աստղն է Մյունխենի «Բավարիայի» ու «Համբուրգի» նախկին հարձակվող Պաոլո Գերերոն, որը 2015-ից հանդես է գալիս բրազիլական «Ֆլամենգոյում»: 34-ամյա Գերերոն Պերուի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է եւ 77 խաղում խփել է 32 գոլ: Նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին Գերերոն որակազրկվել էր հակադոպինգային կանոնակարգը խախտելու համար: Կոկաին օգտագործելու պատճառով նա որակազրկվել էր 6 ամսով, սակայն դա Պերուի հավաքականի մարզչական շտաբին չի խանգարել նրան ընդգրկել թիմի հայտացուցակում:

Մարզիչը

2015-ից Պերուի հավաքականը գլխավորում է արգենտինացի նախկին ֆուտբոլիստ Ռիկարդո Գարեկան: Ակումբային աշխատանքից հետո Պերուն դարձավ 60-ամյա մասնագետի առաջին հավաքականը: Գարեկայի գլխավոր խնդիրն էր 2015-ի Ամերիկայի Գավաթում բրոնզե մեդալակիր դարձած թիմի սերնդափոխության հարցը: 2016-ի Ամերիկայի Գավաթում նրա թիմը մինչեւ քառորդ եզրափակիչ հասավ երիտասարդ թիմով, սակայն ԱԱ-2018-ի ընտրական փուլում հաջող ելույթները մարզիչին ստիպեցին թիմ վերադարձնել մի քանի վետերանների: Պերուում մեծ հույսեր են կապում այս մարզիչի հետ, որը կարողանում է հոգեբանորեն ճիշտ պատրաստել թիմին:

Թիմի հայտացուցակը ԱԱ-2018-ում

Դարպասապահներ. Պեդրո Գալեսե («Վերակրուս»), Խոսե Կարվալյո («Ունիվերսիտարիո»), Կարլոս Կասեդա («Ունիվերսիտարիո»):

Պաշտպաններ. Լուիս Աբրամ («Վելես Սարսֆիլդ»), Լուիս Ադվինկուլա («Լոբոս»), Միգել Արաուխո («Ալյանսա Լիմա»), Ալդո Կորսո («Ունիվերսիտարիո»), Նելսոն Լոյոլա («Մելգար»), Կրիստիան Ռամոս («Վերակրուս»), Ալբերտո Ռոդրիգես («Աթլետիկո Խունիոր»), Անդերսոն Սանտամարիա («Պուեբլա»), Միգել Տրաուկո («Ֆլամենգո»):

Կիսապաշտպաններ. Պեդրո Ակինո («Լոբոս»), Վիլդեր Կարտախենա («Վերակրուս»), Կրիստիան Կուեւա («Սան Պաուլու»), Էդիսոն Ֆլորես («Օլբորգ»), Պաոլո Ուրտադո («Վիտորիա»), Սերխիո Պենիա («Գրանադա Բ.»), Անդի Պոլո («Պորտլենդ»), Ռենատո Տապիա («Ֆեյենորդ»), Յոսիմիր Յոտուն («Օռլանդո Սիթի»):

Հարձակվողներ. Պաոլո Գերերո («Ֆիամենգո»), Անդրե Կարիլիո («Բենֆիկա»), Ռաուլ Ռուիդաս («Մորելիա»), Ջեֆերսոն Ֆարֆան («Լոկոմոտիվ»):

Բուքմեյքերների կարծիքը

Պերուի հավաքականի չեմպիոնության գործակիցը 200 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 3 գործակից:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները. Ճապոնիայի հավաքական  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով