09:10 15 մայիսի, 2018Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից երկրորդը Պերուի հավաքականն է:
Հարավային Ամերիկայի կրկնակի չեմպիոնը աշխարհի առաջնություններին մասնակցել են 4 անգամ, առաջինը՝ 1930-ին: «Մունդիալներում» լավագույն արդյունքը եղել է 1970-ին ու 1978-ին, երբ թիմը հասել է մինչեւ քառորդ եզրափակիչ:
ԱԱ-2018-ի ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարում Պերուն գրավեց 5-րդ տեղը (հետ թողելով Ամերիկայի գավաթակիր Չիլիին) եւ ստացավ ացնումային խաղերի ուղեգիր: Աշխարհի առաջնության ուղեգրի համար անցումային խաղերում պերուացիներն ուժեղ գտնվեցին Նոր Զելանդիայի հավաքականից (0:0, 2:0)՝ դառնալով ԱԱ-2018-ի վերջին մասնակիցը:

ԱԱ-2018-ի խմբային փուլում Պերուն C խմբում ուժերը չափելու է Ֆրանսիայի, Դանիայի ու Ավստրալիայի հավաքականների հետ: Հարավամերիկացիների առաջին խաղը նախատեսված է հունիսի 16-ին Սարանսկում, որտեղ մրցակիցը կլինի Դանիայի հավաքականը: Հունիսի 21-ին պերուացիները Եկետերինբուրգում կխաղան Ֆրանսիայի հավաքականի հետ, իսկ խմբային փուլը կավարտեն հունիսի 26-ին Սոչիում կայանալիք Ավստրալիայի դեմ խաղով: Մասնագետների կարծիքով՝ խմբի ընդգծված ֆավորիտն է Ֆրանսիայի հավաքականը, իսկ մյուս 3 թիմերը կպայքարեն երկրորդ ուղեգրի համար:

Գլխավոր աստղը
Պերուի հավաքականի գլխավոր աստղն է Մյունխենի «Բավարիայի» ու «Համբուրգի» նախկին հարձակվող Պաոլո Գերերոն, որը 2015-ից հանդես է գալիս բրազիլական «Ֆլամենգոյում»: 34-ամյա Գերերոն Պերուի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է եւ 77 խաղում խփել է 32 գոլ: Նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին Գերերոն որակազրկվել էր հակադոպինգային կանոնակարգը խախտելու համար: Կոկաին օգտագործելու պատճառով նա որակազրկվել էր 6 ամսով, սակայն դա Պերուի հավաքականի մարզչական շտաբին չի խանգարել նրան ընդգրկել թիմի հայտացուցակում:

Մարզիչը
2015-ից Պերուի հավաքականը գլխավորում է արգենտինացի նախկին ֆուտբոլիստ Ռիկարդո Գարեկան: Ակումբային աշխատանքից հետո Պերուն դարձավ 60-ամյա մասնագետի առաջին հավաքականը: Գարեկայի գլխավոր խնդիրն էր 2015-ի Ամերիկայի Գավաթում բրոնզե մեդալակիր դարձած թիմի սերնդափոխության հարցը: 2016-ի Ամերիկայի Գավաթում նրա թիմը մինչեւ քառորդ եզրափակիչ հասավ երիտասարդ թիմով, սակայն ԱԱ-2018-ի ընտրական փուլում հաջող ելույթները մարզիչին ստիպեցին թիմ վերադարձնել մի քանի վետերանների: Պերուում մեծ հույսեր են կապում այս մարզիչի հետ, որը կարողանում է հոգեբանորեն ճիշտ պատրաստել թիմին:

Թիմի հայտացուցակը ԱԱ-2018-ում
Դարպասապահներ. Պեդրո Գալեսե («Վերակրուս»), Խոսե Կարվալյո («Ունիվերսիտարիո»), Կարլոս Կասեդա («Ունիվերսիտարիո»):
Պաշտպաններ. Լուիս Աբրամ («Վելես Սարսֆիլդ»), Լուիս Ադվինկուլա («Լոբոս»), Միգել Արաուխո («Ալյանսա Լիմա»), Ալդո Կորսո («Ունիվերսիտարիո»), Նելսոն Լոյոլա («Մելգար»), Կրիստիան Ռամոս («Վերակրուս»), Ալբերտո Ռոդրիգես («Աթլետիկո Խունիոր»), Անդերսոն Սանտամարիա («Պուեբլա»), Միգել Տրաուկո («Ֆլամենգո»):
Կիսապաշտպաններ. Պեդրո Ակինո («Լոբոս»), Վիլդեր Կարտախենա («Վերակրուս»), Կրիստիան Կուեւա («Սան Պաուլու»), Էդիսոն Ֆլորես («Օլբորգ»), Պաոլո Ուրտադո («Վիտորիա»), Սերխիո Պենիա («Գրանադա Բ.»), Անդի Պոլո («Պորտլենդ»), Ռենատո Տապիա («Ֆեյենորդ»), Յոսիմիր Յոտուն («Օռլանդո Սիթի»):
Հարձակվողներ. Պաոլո Գերերո («Ֆիամենգո»), Անդրե Կարիլիո («Բենֆիկա»), Ռաուլ Ռուիդաս («Մորելիա»), Ջեֆերսոն Ֆարֆան («Լոկոմոտիվ»):
Բուքմեյքերների կարծիքը
Պերուի հավաքականի չեմպիոնության գործակիցը 200 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 3 գործակից:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.