«Ես լիարժեք պատրաստ էի եզրափակիչ մտնելու համար, բայց առաջին ցատկի ժամանակ ողնաշարի վնասվածք ստացա եւ կորցրեցի ամբողջ ուժով պայքարելու հնարավորությունը»:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոնդոնի Օլիմպիական խաղերում հանդես եկած հեռացատկորդ Արսեն Սարգսյանը:
Օգոստոսի 3-ին 30-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող հեռացատկորդներ Վարդան Փահլեւանյանին ու Արսեն Սարգսյանին չհաջողվեց հաղթահարել հեռացատկի որակավորման փուլը եւ երկու հեռացատկորդներն էլ դուրս մնացին հետագա պայքարից:
Արսեն Սարգսյանը լավագույն փորձի ժամանակ ցույց տվեց 7.62 մ արդյունք` գրավելով 25-րդ տեղը, իսկ Վարդան Փահլեւանյանը` 6.55 մ արդյունքով զբաղեցրեց վերջին տեղը:
Արսեն, ինչպե՞ս ես:
Կարելի է ասել` շատ վատ, ողնաշարի վնասվածք ստացա:
Ի՞նչն է խնդիրը:
Առաջին ցատկի վայրէջքի ժամանակ սխալ դիրքով իջա` մեջքս հետ գնաց, իսկ ոտքերս առաջ եւ այդ պահին սուր ցավ զգացի ողնաշարիս հատվածում: Չկարողացա հեռավորությունս պահպանել: Հետագա երկու ցատկերի ընթացքում ցավերն ավելի սրացան եւ խանգարեցին ինձ:
Փաստորեն, մեջքիդ ցավը խանգարեց, որ դուրս գաս եզրափակիչ:
Ստացվում է, որ այո: Ուրիշ որեւէ խնդիր չունեի:
Իսկ հիմա ինչպե՞ս ես քեզ զգում։ Կա՞ն ցավեր:
Այո, հիմա առավել սրացած են ցավերը, նույնիսկ, չեմ կարողանում շարժվել: Ցատկերի ընթացքում էլ մի կերպ էի շարժում մեջքս, զգուշությամբ, որպեսզի լուրջ վնասվածք չհասցնեմ: Այժմ բժիշկներն ինձ կհետազոտեն եւ մի քանի հանգստացնող ներարկումներ կանեն:
Արսեն, ցույց տվեցիր 7.62 արդյունք։ Դա քեզ գոհացնո՞ւմ է:
Ոչ… Այդքան էլ լավ արդյունք չէ: Ես կարող էի իսկապես լավ արդյունք ցույց տալ, բայց առաջին իսկ ցատկի ընթացքում ստացա վնասվածք: Ցավը թույլ չէր տալիս ավելի հեռու ցատկել եւ լավ վայրէջք կատարել: Այդ պատճառով ցածր արդյունք ցույց տվեցի: Առաջին փորձի ժամանակ ցատկեցի 7.39 մետր: Հենց այդ ցատկի ժամանակ մեջքս հետ ընկավ եւ սուր ցավ տվեց ողնաշարիս: Արդեն երկրորդ փորձում`7,62 եւ երրորդում` 7.60:
Իսկ մինչեւ այս դու ունեցե՞լ ես ողնաշարի հետ կապված խնդիրներ:
Այո: Հեռացատկորդը չի կարող ողնաշարի ցավեր չունենալ: Երկու տարի առաջ շատ լուրջ վնասվածք եմ ստացել, նույնիսկ, այն աստիճանի լուրջ, որ թվում էր, թե չեմ ապաքինվի: Բայց ապաքինվեցի։ Ու սկսեցի թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես սկսեցի պատրաստվել Օլիմպիական խաղերին: Ամեն ինչ անում էի, որ հանկարծ այդ խնդիրները գլուխ չբարձրացնեն, բայց դե սա սպորտ է եւ առանց վնասվածնքերի չի լինում:
Այս խնդիրը կապված ողնաշարային հատվածի ցավերի հետ նախքան Լոնդոն ժամանելն էլ ունեի: Այստեղի բժիշկները բուժում էին նշանակել, բայց այդպես էլ ավարտին չհասցրին: Վնասվածքը ձեռք էի բերել Ֆրանսիայում անցկացված հավաքի ժամանակ: Այս օրերին բժիշկների հսկողության տակ էի, ցավերս անցել էին, բայց վերջնական բուժում չէի ստացել:
Իսկ ինչպե՞ս էիր քեզ զգում օլիմպիական ստադիոնում։ Ընկճվածություն, լարվածություն կա՞ր:
Բացարձակ որեւէ լարվածություն եւ ընկճվածություն չեմ ունեցել: Ինձ շատ լավ էի զգում մինչեւ մեկնարկս եւ մեկնարկիս ընթացքում բավական վստահ էի: Այնպիսի տպավորություն էր, ասես ես բազմիցս մասնակցել եմ Օլիմպիական խաղերին: Ոչնչից չէի ընկճվում: Թվում էր, թե ես պետք է կաշկանդված լինեի` քանի որ 48 մասնակիցների մեջ առաջին ելույթ ունեցողը ես էի: Դե պատկերացրեք, Օլիմպիական խաղերում հեռացատկի մրցումներում առաջինը դու ելույթ ունենաս…. Հավատացեք` դժվար է: Բայց ես նույնսիկ չզգացի էլ։ Այդքան լավ էի ինձ զգում մարզադաշտում: Ջերմ էր մթնոլորտ: Ես հավատում էի, որ լավ արդյունք եմ ցույց տալու, դրա համար ինձ խոչընդոտող ոչինչ չկար: Նույնիսկ հոգեբանական ճնշում չկար, ես էլ հոգեբանորեն պատրաստված էի: Եթե հիմա նորից իրավունք ունենայի մասնակցելու, էլի կցատկեի այդ հանդիսատեսի համար եւ այդ մարզադաշտում: Միայն թե մեջքս չցավեր:
Եթե ցավը չլիներ, որքան կցատկեի՞ր:
Թե որքան կցատկեի, չեմ կարող ասել, բայց որ եզրափակիչ կմտնեի՝ դա հաստատ: Ես ամբողջ ելույթիս ընթացքում Աստված էի կանչում, որ հանկարծ մեջքիս ցավը չխանգարի ինձ: Բայց փաստորեն այս հարցում բախտս չբերեց:
Մարզիկը պետք է բացի լավ տվյալներից եւ հոգեբանորեն պատրաստ լինելուց, ունենա նաեւ սպորտային հաջողություն, բախտ` այսպես ասած: Ես այս անգամ այդ բախտը չունեցա: Մշտապես հաջողությունն ինձ հետ է լինում. այս անգամ այն բացակայեց:
Արսեն, 48 մասնակիցներից 25-րդն ես։ Այնուամենայնիվ, գո՞հ ես քո ելույթից:
Կարող էի ավելին, բայց արեցի իմ նվազագույնը:
Քեզ հետ էր նաեւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի չեմպին ու ռեկորդակիր (8.86 մ) Ռոբերտ Էմմիյանը: Նա ի՞նչ գնահատական տվեց քո ցատկերին:
Այո, նա ինձ հետ էր: Փորձում էր հնարավորինս ինձ քաջալերել: Նա առաջին իսկ ցատկից հասկացավ, որ ինձ ինչ-որ բան խանգարեց, որ ես սխալ վայրէջք կատարեցի եւ կարծես վնասեցի ողնաշարս: Շատ անհնագստացավ եւ փորձում էր այնպես անել` որ չզգամ ցավը: Այդ մի քանի շաբաթը մեզ մարզելու եւ մեզ իր խորհուրդներով օլիմպիական ասպարեզ ուղեկցելու համար շատ շնորհակալ եմ: Նրա ներկայությունը ինձ շատ օգնեց:
Զրուցեց Լուսինե Շահբազյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում