Օլիմպիական Արսեն Սարգսյան. Հենց առաջին փորձի ժամանակ ողնաշարի վնասվածք ստացա

14:20   4 օգոստոսի, 2012

«Ես լիարժեք պատրաստ էի եզրափակիչ մտնելու համար, բայց առաջին ցատկի ժամանակ ողնաշարի վնասվածք ստացա եւ կորցրեցի ամբողջ ուժով պայքարելու հնարավորությունը»:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոնդոնի Օլիմպիական խաղերում հանդես եկած հեռացատկորդ Արսեն Սարգսյանը:

Օգոստոսի 3-ին 30-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող հեռացատկորդներ Վարդան Փահլեւանյանին ու Արսեն Սարգսյանին չհաջողվեց հաղթահարել հեռացատկի որակավորման փուլը եւ երկու հեռացատկորդներն էլ դուրս մնացին հետագա պայքարից:

Արսեն Սարգսյանը լավագույն փորձի ժամանակ ցույց տվեց  7.62 մ արդյունք` գրավելով  25-րդ տեղը, իսկ Վարդան Փահլեւանյանը` 6.55 մ արդյունքով զբաղեցրեց  վերջին տեղը:  

Արսեն, ինչպե՞ս ես:

Կարելի է ասել` շատ վատ, ողնաշարի վնասվածք ստացա:

Ի՞նչն է խնդիրը:

Առաջին ցատկի վայրէջքի ժամանակ սխալ դիրքով իջա` մեջքս հետ գնաց, իսկ ոտքերս առաջ եւ այդ պահին սուր ցավ զգացի ողնաշարիս հատվածում:  Չկարողացա հեռավորությունս պահպանել:  Հետագա երկու ցատկերի ընթացքում ցավերն ավելի սրացան եւ խանգարեցին ինձ:

Փաստորեն, մեջքիդ ցավը խանգարեց, որ դուրս գաս եզրափակիչ:

Ստացվում է, որ այո: Ուրիշ որեւէ խնդիր չունեի:

Իսկ հիմա ինչպե՞ս ես քեզ զգում։ Կա՞ն ցավեր:

Այո, հիմա առավել սրացած են ցավերը, նույնիսկ, չեմ կարողանում շարժվել: Ցատկերի ընթացքում էլ մի կերպ էի շարժում մեջքս, զգուշությամբ, որպեսզի լուրջ վնասվածք չհասցնեմ: Այժմ բժիշկներն ինձ կհետազոտեն եւ մի քանի հանգստացնող ներարկումներ կանեն:

Արսեն, ցույց տվեցիր 7.62 արդյունք։ Դա քեզ գոհացնո՞ւմ է:

Ոչ… Այդքան էլ լավ արդյունք չէ: Ես կարող էի իսկապես լավ արդյունք ցույց տալ, բայց առաջին իսկ ցատկի ընթացքում ստացա վնասվածք: Ցավը թույլ չէր տալիս ավելի հեռու ցատկել եւ լավ վայրէջք կատարել: Այդ պատճառով ցածր արդյունք ցույց տվեցի:  Առաջին փորձի ժամանակ ցատկեցի 7.39 մետր: Հենց այդ ցատկի ժամանակ մեջքս հետ ընկավ եւ սուր ցավ տվեց ողնաշարիս: Արդեն երկրորդ փորձում`7,62 եւ երրորդում` 7.60:

Իսկ մինչեւ այս դու ունեցե՞լ ես ողնաշարի հետ կապված խնդիրներ:

Այո: Հեռացատկորդը չի կարող ողնաշարի ցավեր չունենալ: Երկու տարի առաջ շատ լուրջ վնասվածք եմ ստացել, նույնիսկ, այն աստիճանի լուրջ, որ թվում էր, թե չեմ ապաքինվի: Բայց  ապաքինվեցի։ Ու սկսեցի թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես սկսեցի պատրաստվել Օլիմպիական խաղերին: Ամեն ինչ անում էի, որ հանկարծ այդ խնդիրները գլուխ չբարձրացնեն, բայց դե սա սպորտ է եւ առանց վնասվածնքերի չի լինում:
Այս խնդիրը կապված ողնաշարային հատվածի ցավերի հետ նախքան Լոնդոն ժամանելն էլ ունեի: Այստեղի բժիշկները բուժում էին նշանակել, բայց այդպես էլ ավարտին չհասցրին: Վնասվածքը ձեռք էի բերել Ֆրանսիայում անցկացված հավաքի ժամանակ: Այս օրերին բժիշկների հսկողության տակ էի, ցավերս անցել էին, բայց վերջնական բուժում չէի ստացել:

Իսկ ինչպե՞ս էիր քեզ զգում օլիմպիական ստադիոնում։ Ընկճվածություն, լարվածություն կա՞ր:

Բացարձակ որեւէ լարվածություն եւ ընկճվածություն չեմ ունեցել: Ինձ շատ լավ էի զգում մինչեւ մեկնարկս եւ մեկնարկիս ընթացքում բավական վստահ էի: Այնպիսի տպավորություն էր, ասես ես բազմիցս մասնակցել եմ Օլիմպիական խաղերին: Ոչնչից չէի ընկճվում: Թվում էր, թե ես պետք է կաշկանդված  լինեի` քանի որ 48 մասնակիցների մեջ առաջին ելույթ ունեցողը ես էի: Դե պատկերացրեք, Օլիմպիական խաղերում հեռացատկի մրցումներում առաջինը դու  ելույթ ունենաս…. Հավատացեք` դժվար է: Բայց ես նույնսիկ չզգացի էլ։ Այդքան լավ էի ինձ զգում մարզադաշտում: Ջերմ էր մթնոլորտ: Ես հավատում էի, որ լավ արդյունք եմ ցույց տալու, դրա համար ինձ խոչընդոտող ոչինչ չկար: Նույնիսկ հոգեբանական ճնշում չկար, ես էլ հոգեբանորեն պատրաստված էի: Եթե հիմա նորից իրավունք ունենայի մասնակցելու, էլի կցատկեի այդ հանդիսատեսի համար եւ այդ մարզադաշտում: Միայն թե մեջքս չցավեր:

Եթե ցավը չլիներ, որքան կցատկեի՞ր:

Թե որքան կցատկեի, չեմ կարող ասել, բայց որ եզրափակիչ կմտնեի՝ դա հաստատ: Ես ամբողջ ելույթիս  ընթացքում Աստված էի կանչում, որ հանկարծ մեջքիս ցավը չխանգարի ինձ: Բայց փաստորեն այս հարցում բախտս չբերեց:

Մարզիկը պետք է բացի լավ տվյալներից եւ հոգեբանորեն պատրաստ լինելուց, ունենա նաեւ սպորտային հաջողություն, բախտ` այսպես ասած: Ես այս անգամ այդ բախտը չունեցա: Մշտապես հաջողությունն ինձ հետ է լինում. այս անգամ այն բացակայեց:

Արսեն, 48 մասնակիցներից 25-րդն ես։ Այնուամենայնիվ, գո՞հ ես քո ելույթից:

Կարող էի ավելին, բայց արեցի իմ նվազագույնը:

Քեզ հետ էր նաեւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի չեմպին ու ռեկորդակիր (8.86 մ) Ռոբերտ Էմմիյանը: Նա ի՞նչ գնահատական տվեց  քո ցատկերին:

Այո, նա ինձ հետ էր: Փորձում էր հնարավորինս ինձ քաջալերել: Նա առաջին իսկ ցատկից հասկացավ, որ ինձ ինչ-որ բան խանգարեց, որ ես սխալ վայրէջք կատարեցի եւ կարծես վնասեցի ողնաշարս: Շատ անհնագստացավ եւ փորձում էր այնպես անել` որ չզգամ ցավը: Այդ մի քանի շաբաթը մեզ մարզելու եւ մեզ իր խորհուրդներով օլիմպիական ասպարեզ ուղեկցելու համար շատ շնորհակալ եմ: Նրա ներկայությունը ինձ շատ օգնեց:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։