Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածը 27-ամյա Ասլանյանն անցկացրեց Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտում», սակայն վնասվածքի պատճառով այդպես էլ չամրապնդվեց երևանյան թիմի կազմում: Ամբողջ կարիերայի ընթացքում Հոլանդիայում հանդես եկած Ասլանյանը ձմռանը պայմանագիր ստորագրեց տեղի «Էմեն» ակումբի հետ, որի կազմում առաջնության երկրորդ կեսում անցկացրած 7 խաղերում նա դարձել է 1 գոլի հեղինակ` գեղեցիկ հարվածով գրավելով «Դե Գրաֆսհապի» դարպասը:
Նորայր, ինչպե՞ս են ընթանում ակումբային գործերդ Հոլանդիայում:
Հոլանդիա վերադառնալուց հետո մոտ մեկ ամիս պահանջվեց վնասվածքից լիովին ապաքինվելու համար: Մի քանի խաղ անցկացրեցի «Էմենի» երկրորդ թիմում, այնուհետև սկսեցի խաղաժամանակ ստանալ գլխավոր թիմում: Շատ լավ էի ճանաչում թիմն ու մարզիչին: Ներկա պահին ինձ շատ լավ եմ զգում, ֆիզիկապես 100 տոկոսով պատրաստ եմ, մոտենում եմ լավագույն մարզավիճակիս: Ամեն դեպքում, կարծում եմ, որ օպտիմալ մարզավիճակ ձեռք բերելու համար ֆուտբոլիստը պետք է մի շարք ամբողջական հանդիպումներ անցկացնի:
Օրերս հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը կրկին զբաղեցրեց Վարդան Մինասյանը, ում օրոք դու մշտապես հրավիրվում էիր ազգային թիմ: Ինչպե՞ս կմեկնաբանես այդ նշանակումը և արդյո՞ք հավաքական վերադառնալու նպատակ ունես:
Հոլանդիայից հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և հայկական ֆուտբոլի անցուդարձին: Շատ ուրախացա` իմանալով, որ հավաքականի ղեկը կրկին ստանձնել է Վարդան Մինասյանը: Հենց Մինասյանի օրոք ես առաջին անգամ հրավիրվեցի հավաքական և նրա հետ համատեց աշխատանքի հետ կապված շատ լավ հիշողություններ են մնացել: Վստահ եմ, որ Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեր հավաքականը կարող է նոր հաջողություններ արձանագրել:
Ազգային հավաքականում խաղալն ինձ համար միշտ երազանք է եղել, որը ես կարողացել եմ իրականացնել: Միշտ հաճույքով եմ միացել թիմին: Տևական ժամանակ չեմ հրավիրվել հավաքական, ինձ շատ խանգարեցին վնասվածքները: Սակայն, այժմ ես գտնվում եմ լավ մարզավիճակում: Հուսով եմ, որ Մինասյանը ինձ հնարավորություն կընձեռնի, և ես դեռ կվերադառնամ հավաքական:
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում