Նորայր Ասլանյանը` Հոլանդիայում ակումբային գործերի և Վարդան Մինասյանի նշանակման մասին (ֆոտո, վիդեո)

09:12   24 ապրիլի, 2018
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Նորայր Ասլանյանը պատմեց հոլանդական «Էմենում» իր ելույթների մասին, ինչպես նաև մեկնաբանեց Վարդան Մինասյանի վերադարձը ազգային թիմ, որի կազմում կիսապաշտպանը 8 հանդիպում է անցկացրել:

Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածը 27-ամյա Ասլանյանն անցկացրեց Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտում», սակայն վնասվածքի պատճառով այդպես էլ չամրապնդվեց երևանյան թիմի կազմում: Ամբողջ կարիերայի ընթացքում Հոլանդիայում հանդես եկած Ասլանյանը ձմռանը պայմանագիր ստորագրեց տեղի «Էմեն» ակումբի հետ, որի կազմում առաջնության երկրորդ կեսում անցկացրած 7 խաղերում նա դարձել է 1 գոլի հեղինակ` գեղեցիկ հարվածով գրավելով «Դե Գրաֆսհապի» դարպասը:

Նորայր, ինչպե՞ս են ընթանում ակումբային գործերդ Հոլանդիայում:

Հոլանդիա վերադառնալուց հետո մոտ մեկ ամիս պահանջվեց վնասվածքից լիովին ապաքինվելու համար: Մի քանի խաղ անցկացրեցի «Էմենի» երկրորդ թիմում, այնուհետև սկսեցի խաղաժամանակ ստանալ գլխավոր թիմում: Շատ լավ էի ճանաչում թիմն ու մարզիչին: Ներկա պահին ինձ շատ լավ եմ զգում, ֆիզիկապես 100 տոկոսով պատրաստ եմ, մոտենում եմ լավագույն մարզավիճակիս: Ամեն դեպքում, կարծում եմ, որ օպտիմալ մարզավիճակ ձեռք բերելու համար ֆուտբոլիստը պետք է մի շարք ամբողջական հանդիպումներ անցկացնի:

Օրերս հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը կրկին զբաղեցրեց Վարդան Մինասյանը, ում օրոք դու մշտապես հրավիրվում էիր ազգային թիմ: Ինչպե՞ս կմեկնաբանես այդ նշանակումը և արդյո՞ք հավաքական վերադառնալու նպատակ ունես:

Հոլանդիայից հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և հայկական ֆուտբոլի անցուդարձին: Շատ ուրախացա` իմանալով, որ հավաքականի ղեկը կրկին ստանձնել է Վարդան Մինասյանը: Հենց Մինասյանի օրոք ես առաջին անգամ հրավիրվեցի հավաքական և նրա հետ համատեց աշխատանքի հետ կապված շատ լավ հիշողություններ են մնացել: Վստահ եմ, որ Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեր հավաքականը կարող է նոր հաջողություններ արձանագրել:

Ազգային հավաքականում խաղալն ինձ համար միշտ երազանք է եղել, որը ես կարողացել եմ իրականացնել: Միշտ հաճույքով եմ միացել թիմին: Տևական ժամանակ չեմ հրավիրվել հավաքական, ինձ շատ խանգարեցին վնասվածքները: Սակայն, այժմ ես գտնվում եմ լավ մարզավիճակում: Հուսով եմ, որ Մինասյանը ինձ հնարավորություն կընձեռնի, և ես դեռ կվերադառնամ հավաքական:

Սամվել Սուքիասյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։