18:33  ,  7 ապրիլի, 2018

Ալեքսանդր Գրիգորյանը ծաղրածու է անվանել «Լուչ-Էներգիայի» ֆանատներին

«Լուչ-Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 31-րդ տուրում Կրասնոյարսկի «Ենիսեյից» 0:1 հաշվով կրած տնային պարտությունից հետո քննադատել է Վլադիվոստոկի թիմի երկրպագուներին:

«Միանշանակ, մենք պետք է ավելի լավ խաղայինք մեկնարկային 15 րոպեներին: Խաղադաշտում կառավարելու փոխարեն մենք բաց թողեցինք առավելությունը: Խաղի ելքը վճռեց 11 մետրանոցը: Հիմար պարտություն էր: Սա ոչ ոքիի խաղ էր:

Ինչ վերաբերում է խաղացողների անհատական սխալներին, դա այն ճնշումն է, որը ստեղծում է 8-րդ սեկտորը: Նրանք ակնկալում են, որ ես կհավաքեմ իրերս եւ կգնա՞մ: Ոչ: Նրանք ակնկալո՞ւմ են, որ ես էլ իրենց պետք է անպատվեմ, ոչ, ես չեմ անի դա: Այսօր հենց այդ սեկտորը խանգարեց խաղացողներին: Բացարձակ ապուշություն է: Ինչպե՞ս կարող են նորմալ ֆուտբոլիստներն արձագանքել վիրավորանքներին: Այսօր 8-րդ սեկտերն ամեն ինչ անում է, որ թիմը նահանջի երկրորդ դիվիզիոն: Ես թույլ չեմ տա դա: Պարզապես հավաքել իրերն ու հեռանալ ծաղրածուների պատճառո՞վ: Ոչ, ես դրա համար չեմ աշխատել 25 տարի, որպեսզի հենց այդպես հանձնվեմ»,- ռուսաստանցի մասնագետի խոսքը մեջբերում է «Ենիսեյի» կայքը:

«Ենիսեյի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովն այդ խաղում փոխարինման է դուրս եկել 70-րդ րոպեին: Վնասվածքից վերականգնված Սարկիսովը նախորդ տուրում էր դաշտ վերադարձել 7 ամսվա ընդմիջումից հետո:

«ԲՄԱ-Խաբարովսկի», Մոսկվայի «Արարատի» եւ Մախաչկալայի «Անժիի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը  «Լուչ-Էներգիան» գլխավորել է նաեւ 2013/14 մրցաշրջանում: 31-րդ տուրից հետո թիմը 32 միավորով 16-րդ տեղում է եւ պայքարում է տեղը Ռուսաստանի առաջին դիվիզիոնում պահպանելու համար: 

«Ենիսեյը» 68 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում