19:10  +04,  30 մարտի, 2018

Յանա Եգորյանը Երեւան էր ժամանել եղբոր հետ «բարիշելու» եւ հորը տեսնելու համար (ֆոտո)

Եկել եմ Երեւան ընտանիքիս տեսնելու, հայրիկիս, եղբայրներիս, տատիկիս հետ լավ ժամանակ անցկացնելու համար։ Նորից ցանկանում էի անակնկալ մատուցել հայրիկիս եւ չտեղեկացնել այցիս մասին, բայց եղբայրներիցս մեկն արդեն հասցրել էր ասել նրան։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի առաջատարներից Յանա Եգորյանը։

Ռուսաստանցի մարզուհին մեկօրյա այցով մարտի 29-ին ժամանել էր Երեւան, որտեղ ապրում է նրա հայրը՝ Կարապետ Ալավերդյանը։ Յանա Եգորյանը Երեւանում անցկացրել է մի քանի ժամ՝ ընթրել ընտանիքի հետ, ապա եղբայրների հետ եղել մայրաքաղաքի ակումբներից մեկում։ Ի դեպ, օլիմպիական չեմպիոնն այս անգամ մնացել է հայրական տանը, որտեղ ծնվել եւ ապրել է մինչեւ 6 տարեկան։

«Երեւանում ինձ շատ լավ եմ զգում։ Ինձ շատ է դուր գալիս եղանակը, մարդիկ, մարդկանց մտածելակերպը, ամեն ինչ հաճելի է։ Եկել եմ ընտանիքիս այցելության։ Ցավոք, ամեն անգամ շատ կարճ ժամանակ եմ ունենում։

Ինձ հետ Երեւանից ոչինչ չեմ տանում, քանի որ ուղեբեռ չունեմ։ Չեմ հասցրել զբոսնել Երեւանում կամ որեւէ տեղ այցելել, քանի որ տանից դուրս չենք եկել, ժամանակս քիչ էր եւ ցանկություն ունեի այն անցկացնել ընտանիքիս հետ։

Ունեմ շատ ընկերներ, որոնց թվում նաեւ շատ են հայերը։ Հայ տղամարդկանց մեջ սիրում եմ նրանց համառությունը, որեւէ բանի հասնելու ձգտումը, բայց չեմ կենտրոնանում այն մտքի վրա, թե պարտադիր կցանկանայի ամուսինս հայ լիներ։ Ազգությունը կարեւոր չէ, կարեւոր է այն, որ ես ու նա լինենք պլյուս եւ մինուս։

Դեռ չեմ ծրագրել, թե ինչ մրցաշարերի եմ մասնակցելու այս տարի, բայց մարզումներս շարունակում եմ։ Այժմ վերադառնում եմ Սոչի, որտեղից էլ եկել էի։ Ինչպես նախապես հայտնել էի, ցանկություն ունեմ մայրիկիս հետ տեղափոխվել Սոչիի։ Այժմ մարզվում եմ Սոչիում»,- ասաց Յանա Եգորյանը։

Մարզուհու հայր Կարապետ Ալավերդյանը NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց, որ նախապես իմացել է դստեր՝ Երեւան ժամանելու մասին։

«Յանայի այցը կրկին ինձ համար պետք է անակնկալ լիներ, նա այդպես էր ցանկացել, բայց տղաներիցս մեկն ասաց, որ մի քանի ժամից քույրը ժամանում է։ Ես գիտեի, որ Յանան եկել է Հայաստան, որպեսզի «բարիշի» եղբոր հետ, քանի որ նրան թվացել էր, թե եղբայրը նեղացած է եւ չի չպատասխանում իր զանգերին։ Իրականում, երկուսն էլ իրար հետ չեն կարողացել կապ հաստատել որդուս հեռախոսի անսարքութան պատճառով։

Ես ամեն անգամ տեղեկանում եմ նրա գալու մասին, բայց նա փորձում է միշտ ինձ հաճելի անակնկալ մատուցել։ Ամեն անգամ նրան Երեւանում մեր կողքին տեսնելն արդեն մեծ անակնկալ ու երջանկություն է ինձ համար։ Ասում են՝ նույնիսկ երիտասարդացել եմ։ Իհարկե, Յանայի պես դուստր ունեմ եւ նա իմ կողքին է»,- կատակելով պատմում է Յանա Եգորյանի հայրը։

Հիշեցնենք, մարզուհին Երեւանում եղել էր նաեւ նախորդ տարվա հոկտեմբերին, երբ 17 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ հանդիպել էր հորը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ