20:40  ,  2 օգոստոսի, 2012

Արմեն Նազարյան. Օլիմպիական խաղերին մասնակցելը հերոսություն չէ

«Օլիմպիական խաղերում մարզիկը տուրիստի կարգավիճակում պետք է չլինի, չգնա երկիր տեսնելու, ճանապարհորդելու, անվճար սնունդից եւ ծառայություններից օգտվելու կամ էլ նոր մարզահագուստ ստանալու համար: Նա պետք է գնա միայն մեդալ նվաճելու նպատակով: Մարզիկի միտքը միայն դա պետք է լինի»:
 
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց անկախ Հայաստանի միակ օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արմեն Նազարյանը, որը 1996թ. Ատլանտայից հետո Բուլղարիայի համար ոսկե մեդալ նվաճեց 2000թ. Սիդնեյի Խաղերում եւ բրոնզե մեդալ 2004թ. Աթենքի Խաղերում։

Բուլղարիայում բնակվող կրկնակի օլիմպիական, աշխարհի եռակի ու Եվրոպայի վեցակի չեմպիոնն այս օրերին Երեւանում է: Հայրենիքում ըմբիշը ընտանիքով է. հանգստանում է եւ հետեւում է հայ մարզիկների ելույթներին Լոնդոնում: Մի քանի օրից Արմեն Նազարյանը մեկնելու է Լոնդոն` տեղում հետեւելու եւ խորհուրդներով աջակցելու հայ ըմբիշներին:

Պարոն Նազարյան, կրկնակի օլիմպիական չեմպիոնն ի՞նչ ապրումներով է հետեւում մեր մարզիկների մրցելույթներին: Ի՞նչ գնահատական կտաք:

Շատ անհանգիստ եմ: Մասնավորապես, ապրումներս թեժանում են պարտությունների դեպքում, երբ տեսնում եմ, թե որքան հեշտ են վայր դնում զենքերը մեր մարզիկները: Ցավալի է։ Որպես նախկին օլիմպիական ցավ եմ զգում, որ անհաջողության են մատնվում մեր մարզիկները: Հիմա մի փոքր սփոփում են ինձ ըմբիշները, մասնավորապես, հունահռոմեականները: Ակնկալիքներ ունեմ Արթուր Ալեքսանյանից եւ Արսեն Ջուլֆալակյանից: Արթուր Ալեքսանյանի հնարավորություններն ավելի մեծ են, որովհետեւ նա լավ հնարք անող է եւ լավ պաշտպանվող, ունի շատ լավ գլորումներ անելու հմտություն: Արսեն Ջուլֆալակյանը մեծ թվով մեդալներ ունի, իսկ դա քիչ բան չի նշանակում: Նրա հետ եւս հույսերը մեծ են: Յուրի Պատրիկեեւն էլ վատ չի մասնակցի: Եթե կարողանա հաղթել թուրք եւ կուբացի ըմբիշներին՝ կհավակնի մեդալի: Մեծ սպասելիքներ ունեմ նաեւ 66 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Վարդերեսյանից: Եթե ոչ այս, ապա մյուս Օլիմպիական խաղերում նա վստահ կնվաճի մեդալ: Նա մեծ հաջողություններ ունի գրանցած` հաղթել է ռուս եւ ադրբեջանցի ըմբիշների, որոնք օլիմպիական եւ աշխարհի չեմպիոններ են եղել: Հովհաննեսը շատ հեռանկարային ըմբիշ է:

Լոնդոնում հայկական պատվիրակության կազմում ըստ ՀՀ սպորտի նախարարության եւ ՀԱՕԿ-ի հայտարարության պետք է լինեին հոգեբաններ: Մինչ օրս ելույթ ունեցած հայ մարզիկների անհաջողոթյունը բոլորը պատճառաբանում են հոգեբանական խնդիրների առկայությամբ: Ըմբշամարտում ե՞ւս մեծ է հոգեբանական գործոնը:

Մրցումների ժամանակ հոգեբանների ներկայությունը ոչ թե ցանկալի է, այլ պարտադիր է: Քանի որ հոգեբաններ չկան, մարզիկների ընկճվածությունից ազատվելը մնում է նույն մարզիկների եւ մարզիչների վրա: Մարզիչներն էլ չեն կարող հոգեբանների դեր ստանձնել: Նրանք, օրինակ, չեն կարող մարզիկի միջից վախը կամ անվստահությունը հանել: Իսկ մարզիկին հոգեբանորեն պետք է տրամադրել հաղթանակի: Հաղթանակի գրավականը  հոգեբանորեն պատրաստ լինելն է: Ինչպես մյուս բոլոր մարզաձեւերում, այնպես էլ ըմբշամարտում, հոգեբանության գործոնը կազմում է 70 տոկոսը:

Հայաստանում պարտության դեպքում ընդունված է մեղադրանքներ ներկայացնել մարզիչներին, քննադատել մարզիկներին: Ըմբշամարտում ո՞ւմ է հասնում մեղքի բաժինը:

Մարզիկներ կան, որ դուրս են գալիս գորգ եւ պայքարում են իրենց հաղթանակի համար, բայց հաջողությունը նրանց կողմից չի լինում: Սա հիմնականում պատահում է այն մարզիկների հետ, որոնցից ակնկալիքները մեծ են լինում, նրանք Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների մեդալակիներ են լինում: Այս պարագայում մեղքը մարզիկներինը չէ եւ ոչ էլ մարզիչներինը: Իսկ մյուս դեպքերում, երբ մարզիկը դուրս է գալիս գորգ եւ մեկ երկու հպումից գետնին է տապալվում, այստեղ մեղավոր են մարզիչները, որովհետեւ լավ չեն պատրաստել նրան: Ամեն դեպքում, ըմբշամարտում պարտության մեղքը միայն մարզիկներինն է: Մարզիկը պետք է մտածի իր հաղթանակի մասին,  ֆիզիկական պատրաստվածության մասին: Եթե հոգեպես, ֆիզիկապես իրենց չտրամադրեն եւ չհաղթեն գոտեմարտերը, մարզիչներն ի՞նչ մեղավոր են:
 
Մի քանի օրից մեկնարկում են մեր հունահռոմեական ոճի ըմբիշները: Այնուամենայնիվ, ո՞ւմից եք ակնկալում մեդալ: Ո՞ւմ եք տեսնում մեդալի իրական հավակնորդ:

Հույսս Արթուր Ալեքսանյանն է եւ Հովհաննես Վարդերեսյանն է: Չնայած, որ սա օլիմպիադա է: Անակնկալներ շատ են լինում: Օլիմպիական խաղերը, ոչ աշխարհի մրցումների հետ կարող եմ համեմատել, ոչ էլ Եվրոպայի, ոչ էլ մյուս տարիների Օլիմպիական խաղերի:

Ինչո՞ւ: Ինչո՞վ են տարբերվում այս Օլիմպիական խաղերը մյուսներից:

Այս Օլիմպիական խաղերը իսկապես բարդ են: Մրցակցությունը շատ մեծ է: Նույնիսկ, այնքան մոտ են արդյունքները, միայն սրանից կարելի է ենթադրել, որ թեժ պայքար է գնում մարզիկների` մասնակիցների միջեւ: Բնական է, որ ամեն անգամ խաղերը պետք է զարգանան, մարզիկներն ավելի կատարելագործվեն: Ամեն տարի նոր հնարքներ է լինում, հայտնվում են նոր դեմքեր` նոր ուժերով, բոլորը գնում են դեպի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Հույս ունեմ, որ մեր մարզիկները լավ արդյունքով կավարտեն իրենց ելույթները, որոհետեւ լավ պատրաստված են:

Իսկ բացի ըմբշամարտից, այսինքն` հունահռոմեական ոճի ըմբշամարտից, ո՞ր մարզաձեւից եք մեդալներ ակնկալում, կամ եթե ոչ մեդալներ, գոնե բարձր արդյունքներ:

Դե ծանրամարտից կարծես էլ հույսեր չեն մնացել: Մնացել է Յուրի Վարդանյանի որդու` Նորայր Վարդանյանի ելույթը: Նորայրի հետ հույսեր ունեմ: Նա մեր վերջին հույսն է ծանրամարտում: Բայց այսպես պետք է չլիներ: Մեր մարզիկները պետք է պայքարեին: Ի՞նչ է, մերոնց գոհացնում է միայն մասնակցությունը: Մարզիկը պետք է չբավարարվի մասնակցությամբ: Մարզիկը, եթե երկիր է ներկայացնում, այն էլ` Օլիմպիական խաղերում, պետք է գնա հաղթանակի ետեւից: Մեր մարզիկների հոգեբանությունը հենց սկզբից սխալ է դրված: Օլիմպիական խաղերին մասնակցելը հերոսություն չէ, հեղինակություն չէ: Բոլորս էլ կարող ենք մասնակցել: Բոլորս էլ կարող ենք քաշ գցել: Հերոսությունն այն է, որ գնաս եւ մեդալ բերես: Ես երբ գնում էի Ատլանտա՝ 26-րդ Օլիմպիական խաղերին, ես գիտեի, թե ինչի հետեւից եմ գնում եւ ինչու: Գնում էի մեդալ բերելու: Մեր մարզիկների, խոսքը միայն ըմբիշների մասին չէ. բոլորի հոգեբանության մեջ մտած է, որ միայն մասնակցությունն արդեն հաղթանակ է: Սա էլ խանգարում է նրանց հասնել հաջողության օլիմպիական մրցահարթակում: Ախր, օլիմպիադայում մարզիկը պետք է տուրիստի կարգավիճակում չլինի, չգնա երկիր տեսնելու, ճանապարհորդելու, անվճար սնունդից եւ ծառայություններից օգտվելու կամ էլ նոր մարզահագուստ ստանալու համար:  Օրինակ` ունենք մի շարք մարզաձեւեր, որոնցից բացարձակ ակնկալիք չկա, բայց մարզիկները գնում են եւ զուտ ճանապարհորդի կարգավիճակում են:

Դուք այս տարի ցանկություն էիք հայտնել մասնակցել Լոնդոնի Օլիմպիական խաղերին: Ինչո՞ւ ցանկությունն իրականություն չդարձավ:

Այո, ցանկություն ունեի: Եվ երկար ժամանակ նախապատրաստվում էի: Որոշեցի մրցումներին մասնակցել, բայց գոտեմարտերից մեկի ժամանակ արմունկի վնասվածք ստացա եւ բոլոր ծրագրերս ձախողվեցին: Իսկ մեկ ամիս առաջ  Բուլղարիայում առաջարկ էի ստացել ստանձնել ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը: Բայց հրաժարվեցի, օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար: Այն էլ չստացվեց։

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով