18:56  ,  1 օգոստոսի, 2012

Իսրայել Միլիտոսյան. Առաքելին 69 կգ քաշային կարգում հայտավորելն աբսուրդ էր

«Հենց սկզբից չէի կարծում, որ Առաքելը մեդալի հավակնորդն է: Նա հոգեբանորեն պատրաստ չէր Օլիմպիական խաղերին»:

NEWS.am Sport-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Լոնդոնի Օլիմպիական խաղերում 69 կգ քաշային ծանրորդ Առաքել Միրզոյանի ձախողումը 1992թ. Բարսելոնայի 25-րդ օլիմպիական խաղերի ծանրամարտի  չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 31-ին Լոնդոնի օլիմպիական խաղերում 69 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող ծանրորդ Առաքել Միրզոյանը տապալեց իր ելույթը: Պոկում վարժությունում Առաքել Միրզոյանը 2-րդ փորձից բարձրացրեց 148 կգ, այնուհետեւ 151 կգ պատվիրեց եւ 0 ստացավ։ 148 կգ արդյունքով նա 5-րդն էր: Հրում վարժությունում Միրզոյանը պայքարը սկսեց 177 կգ-ից, սակայն երկու փորձն էլ ձախողեց։ Երրորդ փորձում Միրզոյանը պատվիրեց 181 կգ եւ դարձյալ չկարողացավ բարձրացնել ծանրաձողը:
Իսրայել Միլիտոսյանը մեկնաբանեց Առաքել Միրզոյանի ելույթը:

«Սա Սպորտ է: Ամեն ինչ պատահում է: Պատճառն, ըստ իս, հոգեբանական էր: Ակնհայտ էր, որ Առաքելն իրեն լավ չէր զգում: Նա հոգեբանորեն պատրաստ չէր օլիմպիադային: Առաքելին ես գնահատում եմ 77-80 կգ քաշային կարգում, բայց ոչ 69 կգ-ում: Մտածում եմ, որ 10 կգ քաշի կորուստը  նրան խանգարեց:

Առաքելն այն մարզիկն էր, ումից բոլորը մեդալ էին ակնկալում: Բայց ես այդ կարծիքին չէի, որ նա մեդալի հականորդ է: Երբ իմացա, որ նա 69 կգ քաշում պետք է մասնակցի, զարմացա մարզիչների այդ ռիսկի վրա: Առաքելի ելույթը մեկնաբանելու կամ գնահատելու կարիք չկա, քանի որ այնտեղ ելույթ չկար»,- պարզաբանեց Իսրայել Միլիտոսյանը:

Օլիմպիական չեմպիոնը կարեւորեց մրցումներում, մասնավորապես օլիմպիական խաղերում մարզիկների հոգեբանական պատրաստավածությունը:

«Եթե մարդ ուժեղ հոգեբանություն ունի, կապ չունի օլիմպիադայում է, թե աշխարհի առաջնությունում՝ կկարողանա ուժերը կենտրոնացնել եւ հաջող հանդես գալ: Այս մարզաձեւում հոգեբանական գործոնը մեծ է: Չեմ չափազանցնում, բայց 70-80 տոկոսը հոգեբանությունն է, ինչն էլ ծանրորդի հաջողության գրավականն է:
Այս պահին գուցե բոլորը քննադատում են Առաքելին: Ես նրան չեմ մեղադրում: Նա լավ մարզիկ է: Խնդիրը մարզիչների սխալն էր: Աբսուրդ էր Առաքելին 69 կգ քաշում հայտավորելը: Նրան չէր կարելի այդ քաշում մրցահարթակ հանել: Առաքելը Հայաստանի առաջնության ժամանակ վնասվածք ստացավ: Վնասվածքը դեռ բավարար չէ՝ նա քաշ քցեց: Ես նրանից արդյունքների կսպսասեի  եթե 77-85 կգ քաշային կարգում հանդես գար: Ապշել էի, երբ հայտարարեցին 69կգ»,- ասաց Իսրայել Միլիտոսյանը:

Օլիմպիական չեմպիոնից հետաքրքրվեցինք, թե ինչ խորհուրդ կտա կամ ինչպես կսփոփի Առաքել Միրզոյանին հանդիպելիս:

«Ես նրան խորհուրդ կտայի չընկճվել եւ շարունակել մարզումները: Նորից եմ ասում՝ սա սպորտ է եւ Առաքելը մեղավորություն չունի մարզիչների որոշման հարցում»,- ավելացրեց օլիմպիական չեմպիոնը:

Այս պահին Լոնդոնի Oլիմպիական խաղերում ծանրամարտի կանանց մրցաշարում 69 կգ քաշային կարգում  Հայաստանի ներկայացուցիչ Մելինե Դալուզյանին օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը հաջողություն մաղթեց:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով