18:56 1 օգոստոսի, 2012«Հենց սկզբից չէի կարծում, որ Առաքելը մեդալի հավակնորդն է: Նա հոգեբանորեն պատրաստ չէր Օլիմպիական խաղերին»:
NEWS.am Sport-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Լոնդոնի Օլիմպիական խաղերում 69 կգ քաշային ծանրորդ Առաքել Միրզոյանի ձախողումը 1992թ. Բարսելոնայի 25-րդ օլիմպիական խաղերի ծանրամարտի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 31-ին Լոնդոնի օլիմպիական խաղերում 69 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող ծանրորդ Առաքել Միրզոյանը տապալեց իր ելույթը: Պոկում վարժությունում Առաքել Միրզոյանը 2-րդ փորձից բարձրացրեց 148 կգ, այնուհետեւ 151 կգ պատվիրեց եւ 0 ստացավ։ 148 կգ արդյունքով նա 5-րդն էր: Հրում վարժությունում Միրզոյանը պայքարը սկսեց 177 կգ-ից, սակայն երկու փորձն էլ ձախողեց։ Երրորդ փորձում Միրզոյանը պատվիրեց 181 կգ եւ դարձյալ չկարողացավ բարձրացնել ծանրաձողը:
Իսրայել Միլիտոսյանը մեկնաբանեց Առաքել Միրզոյանի ելույթը:
«Սա Սպորտ է: Ամեն ինչ պատահում է: Պատճառն, ըստ իս, հոգեբանական էր: Ակնհայտ էր, որ Առաքելն իրեն լավ չէր զգում: Նա հոգեբանորեն պատրաստ չէր օլիմպիադային: Առաքելին ես գնահատում եմ 77-80 կգ քաշային կարգում, բայց ոչ 69 կգ-ում: Մտածում եմ, որ 10 կգ քաշի կորուստը նրան խանգարեց:
Առաքելն այն մարզիկն էր, ումից բոլորը մեդալ էին ակնկալում: Բայց ես այդ կարծիքին չէի, որ նա մեդալի հականորդ է: Երբ իմացա, որ նա 69 կգ քաշում պետք է մասնակցի, զարմացա մարզիչների այդ ռիսկի վրա: Առաքելի ելույթը մեկնաբանելու կամ գնահատելու կարիք չկա, քանի որ այնտեղ ելույթ չկար»,- պարզաբանեց Իսրայել Միլիտոսյանը:
Օլիմպիական չեմպիոնը կարեւորեց մրցումներում, մասնավորապես օլիմպիական խաղերում մարզիկների հոգեբանական պատրաստավածությունը:
«Եթե մարդ ուժեղ հոգեբանություն ունի, կապ չունի օլիմպիադայում է, թե աշխարհի առաջնությունում՝ կկարողանա ուժերը կենտրոնացնել եւ հաջող հանդես գալ: Այս մարզաձեւում հոգեբանական գործոնը մեծ է: Չեմ չափազանցնում, բայց 70-80 տոկոսը հոգեբանությունն է, ինչն էլ ծանրորդի հաջողության գրավականն է:
Այս պահին գուցե բոլորը քննադատում են Առաքելին: Ես նրան չեմ մեղադրում: Նա լավ մարզիկ է: Խնդիրը մարզիչների սխալն էր: Աբսուրդ էր Առաքելին 69 կգ քաշում հայտավորելը: Նրան չէր կարելի այդ քաշում մրցահարթակ հանել: Առաքելը Հայաստանի առաջնության ժամանակ վնասվածք ստացավ: Վնասվածքը դեռ բավարար չէ՝ նա քաշ քցեց: Ես նրանից արդյունքների կսպսասեի եթե 77-85 կգ քաշային կարգում հանդես գար: Ապշել էի, երբ հայտարարեցին 69կգ»,- ասաց Իսրայել Միլիտոսյանը:
Օլիմպիական չեմպիոնից հետաքրքրվեցինք, թե ինչ խորհուրդ կտա կամ ինչպես կսփոփի Առաքել Միրզոյանին հանդիպելիս:
«Ես նրան խորհուրդ կտայի չընկճվել եւ շարունակել մարզումները: Նորից եմ ասում՝ սա սպորտ է եւ Առաքելը մեղավորություն չունի մարզիչների որոշման հարցում»,- ավելացրեց օլիմպիական չեմպիոնը:
Այս պահին Լոնդոնի Oլիմպիական խաղերում ծանրամարտի կանանց մրցաշարում 69 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մելինե Դալուզյանին օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը հաջողություն մաղթեց:
Պատրաստեց Լուսինե Շահբազյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.