12:43  ,  23 հունվարի, 2018

Ծանրամարտի Հայաստանի թիմը սկսել է մրցաշրջան-2018-ը

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մրցաշրջան 2018-ը սկսել է Ծաղկաձորում անցկացվող ուսումնամարզական հավաքով, իսկ առաջիկա օրերին հայտնի կդառնա ծանրամարտի Հայաստանի հավաքականի որակազրկման ավարտի ժամկետը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, որի ղեկավարությամբ էլ անցնում է հավաքը:

«Հավաքին մասնակցում է 12 մարզիկը, ամբողջական թիմով չենք, հավաքին մասնակցում են լավագույնները: Կտեւի մինչեւ հունվարի 28-ը, որից հետո ծանրորդները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը: Այս հավաքի օրերին նաեւ պարզ կլինի մեր թիմի որակազրկման վերջնաժամկետը: Ինչպես արդեն հայտնել էի, միջազգային ֆեդերացիայի վերջին համաժողովներից մեկում քննարկման էր դրվել երեք պետությունների` Հայաստանի, Չինաստանի եւ Թուրքիայի որակազրկումը մեղմացնելու հարցը` 6 կամ ավելի քիչ ամսով: Օլիմպիական խաղերից հետո այս երեք պետություններում դոպինգի հետ կապված ոչ մի խախտում չի գրանցվել, այդ պատճառով: Մոտ օրերս, գուցե՝ մինչեւ հունվարի 26-ը պարզ լինի մեր թիմի հարցը: Մենք ունենք հնարավորություն անցկացնելու Հայաստանի առաջնություններ, մասնակցելու միջազգային հավաքների:

 Ծաղկաձորյան հավաքից հետո ծանրորդները կնախապատրաստվեն Հայաստանի առաջնությանը, որը կայանալու է փետրվարի 20-24-ը Երեւանում: Փետրվարի 20-ին Հայաստանի չեմպիոնները կորոշվեն կանանց պայքարում, իսկ փետրվարի 21-24-ը՝ տղամարդկանց»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) 2017թ. սեպտեմբերի 30-ին Բուխարեստում տեղի ունեցած  նիստում որոշել էր հակադոպինգային կանոնադրության խախտումների համար որակազրկել մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի հավաքականին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով