12:43 23 հունվարի, 2018Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մրցաշրջան 2018-ը սկսել է Ծաղկաձորում անցկացվող ուսումնամարզական հավաքով, իսկ առաջիկա օրերին հայտնի կդառնա ծանրամարտի Հայաստանի հավաքականի որակազրկման ավարտի ժամկետը:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, որի ղեկավարությամբ էլ անցնում է հավաքը:
«Հավաքին մասնակցում է 12 մարզիկը, ամբողջական թիմով չենք, հավաքին մասնակցում են լավագույնները: Կտեւի մինչեւ հունվարի 28-ը, որից հետո ծանրորդները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը: Այս հավաքի օրերին նաեւ պարզ կլինի մեր թիմի որակազրկման վերջնաժամկետը: Ինչպես արդեն հայտնել էի, միջազգային ֆեդերացիայի վերջին համաժողովներից մեկում քննարկման էր դրվել երեք պետությունների` Հայաստանի, Չինաստանի եւ Թուրքիայի որակազրկումը մեղմացնելու հարցը` 6 կամ ավելի քիչ ամսով: Օլիմպիական խաղերից հետո այս երեք պետություններում դոպինգի հետ կապված ոչ մի խախտում չի գրանցվել, այդ պատճառով: Մոտ օրերս, գուցե՝ մինչեւ հունվարի 26-ը պարզ լինի մեր թիմի հարցը: Մենք ունենք հնարավորություն անցկացնելու Հայաստանի առաջնություններ, մասնակցելու միջազգային հավաքների:
Ծաղկաձորյան հավաքից հետո ծանրորդները կնախապատրաստվեն Հայաստանի առաջնությանը, որը կայանալու է փետրվարի 20-24-ը Երեւանում: Փետրվարի 20-ին Հայաստանի չեմպիոնները կորոշվեն կանանց պայքարում, իսկ փետրվարի 21-24-ը՝ տղամարդկանց»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) 2017թ. սեպտեմբերի 30-ին Բուխարեստում տեղի ունեցած նիստում որոշել էր հակադոպինգային կանոնադրության խախտումների համար որակազրկել մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի հավաքականին:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.