18:15  ,  18 հունվարի, 2018

Մինո Ռայոլան ժամանել է Լոնդոն, որպեսզի ավարտի Մխիթարյանի տրանսֆերի գործարքը

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան ժամանել է Լոնդոն «Արսենալի» հետ գործարքն ավարտելու նպատակով: Իտալացի գործակալը լոնդոնյան ակումբի ներկայացուցիչների հետ կքննարկի Մխիթարյանի անձնական պայմանագրի կետերը, հաղորդում է The Sun-ը:

Բրիտանական մամուլը գրել էր, որ տրանսֆերը ձգձգվում է «Արսենալի» ֆինանսական պահանջների պատճառով: Չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի դիմաց Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը ստանալուց բացի, «Արսենալը» ցանկանում է նաեւ լրացուցիչ 10 միլիոն ֆունտ ստերլինգ:

Մխիթարյանը հունվարի 18-ին մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը:

Հունվարի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ հավանում է 28-ամյա հայ ֆուտբոլիստի խաղը:

Ոչ պաշտոնական տվյալներով, Մխիթարյանը «Արսենալի» հետ կկնքի չորս տարվա պայմանագիր եւ կստանա շաբաթական 130 հազար ֆունտ ստերլինգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով