17:44  +04,  28 նոյեմբերի, 2017

Արսեն Եղիազարյան. ԱԱ-ում փոխչեմպիոն դարձած Մանուել Պետրոսյանը վատ սկսեց, բայց շատ լավ ավարտեց

Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի պատվիրակության ղեկավար, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանն ամփոփել է հայ մասնակիցների արդյունքները, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ շախմատի աշխարհի Մ-20 առաջնությունում Հայաստանը ներկայացնող 19-ամյա Մանուել Պետրոսյանը նվաճել էր փոխչեմպիոնի տիտղոսը: Վերջին տուրում հայ շախմատիստը սեւերով 33-րդ քայլում հաղթել էր ռուս գրոսմայստեր Կիրիլ Ալեքսեենկոյին եւ մրցաշարն ավարտել 8,5 միավորով:

«Մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը լուրջ մրցաշար է, քանի որ այստեղ չեմպիոնի կոչում նվաճողը միանգամից ստանում է գրոսմայտերի կոչում եւ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք: Այդ պատճառով այս մրցաշարին մասնակցում են աշխարհի բոլոր ուժեղագույն շախմատիստները:

Հայաստանից ունեինք չորս մասնակից` Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Հարությունյանը եւ աղջիկներից` Սիրանույշ Անդրեասյանը: Ֆեդերացիան ամեն ինչ անում էր, որ այդ մրցաշարին լավ խաղայինք: Մինչ այդ ունեցանք հավաք Ծաղկաձորում: Մեզ համար լավ պայմաններ էին ստեղծված, չնայած վատ էր կազմակերպված: Ամեն մանր հարցերում բավական դժվարություններ կային: Օրինակ` խաղերը վերջացնելուց հետո 1 ժամից ավելի սպասում էինք, որ ավտոբուսներով մեզ տեղափոխեին հյուրանոց:

Մանուել Պետրոսյանը գրավեց 2-րդ տեղը եւ լավ արդյունք ցույց տվեց: Մրցաշարը սկսեց մի փոքր վատ` 4 հնարավորից 2,5 միավոր վաստակեց: Վերջում շատ լավ էր խաղում, պարտիարների որակը լավացրեց: Վերջին երկու շատ կարեւոր խաղերում հրաշալի հանդես եկավ:

Մյուս մասնակիցները այդքան էլ լավ հանդես չեկան, շատ ավելին էինք սպասում: Հայկ Մարտիրոսյանը վատ հանդես չեկավ, 7,5 միավորով գրավեց 16-րդ տեղը,  Տիգրան Հարությունյանն ու Սիրանույշ Անդրեասյանը իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան: Մեր աղջիկը 50 տոկոսանոց արդյունք ցույց տվեց, լավ չստացվեցին նրա մոտ պարտիաները: Իսկ Տիգրան Հարությունյանը 6,5 միավորով 43-րդ տեղը:

Շախմատիստների այս ցածր արդյունքները շատ հաճախ կախված են լինում ոչ այնքան մեծ նշանակություն թվացող, բայց իրականում կարեւոր ազդեցություն ունեցող պատճառներից»,- ասաց Արսեն Եղիազարյանը:

Արսեն Եղիազարյանը նշեց նաեւ, որ հայ շախմատիստներն այս շրջանում կնախապատրաստվեն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը, որը կայանալու է 2018 թվականի հունվարին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ